ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵԼՓԻՔ ՍՐԲԱՎԱՅՐԻ ԻՆԻՈԽՈՍԻ ԱՐՁԱՆԸ
Ապոլոն աստծուն նվիրված Դելփիք հնավայրը Հունաստանի թերևս ամենապաշտելի սրբավայրն էր: Նրա ավերակներում հայտնաբերված գտածոներից մեկը այժմ Դելփիքի հնագիտության թանգարանում պահվող Ինիոխոսի բրոնզե արձանն է:
Ինիոխոս (հունարեն՝ Ηνίοχος) բառը նշանակում է՝ «նա, ով բռնել է սանձերը» կամ «կառապան»:
Արձանը համալիր քանդակի միայն մեկ մասն է: Արձանախումբը կերտվել է մ.թ.ա. 478թ. և նվիրվել Ապոլլոնին Գելայի բռնապետ Պոլիզալոսի կողմից՝ ի պատիվ Պիթիական խաղերում մարտակառքերի մրցարշավում տարած հաղթանակի: Հնագետները, վերականգնելով համալիրի մանրակերտը, պարզել են, որ ամբողջական քանդակը պատկերել է չորս ձի լծված կառք, որից, սակայն, պահպանվել են միայն առանձին հատվածներ: Ինիոխոսի արձանը քանդակախմբից պահպանված լավագույն և, համեմատաբար, ամբողջական մասն է և միակը ժամանակին Դելփիքի Ապոլլոն աստծո տաճարը և նրա շրջակայքը զարդարած այն բազմաթիվ բրոնզե արձաններից, որը պահպանվել ու մեզ է հասել: Իսկ պահպանվել է շնորհիվ մ.թ.ա. 373 թ. Դելփիքում տեղի ունեցած երկրաշարժի՝ դարեր շարունակ մնալով փլատակների տակ՝ զերծ թալանից ու ոչնչացումից: Հայտնաբերվել է 1896 թ. տեղանքում կատարված պեղումների ընթացքում: Ողջ արձանախմբից գտնվել են ձիու երկու ետին և մեկ առջևի ոտքեր, ձիու մեկ պոչ, կառքից միայն անիվը պահող լիսեռը, մեկ մանկական ձեռք, սանձի կտորներ և գրեթե ամբողջությամբ Ինիոխոսը. արձանից բացակայում է ձախ ձեռքն ու գոտուց մի մասնիկ: Աջ ձեռքում մնացել են սանձերը: Արձանն ունի 1,8 մետր բարձրություն և բաղկացած է վեց տարբեր մասերից:
Համալիրն, ըստ հնագետների, պատկերել է հետևալը. քառաձի կառքն ունեցել է երկու ուղևոր՝ Ինիոխոսը և վկայագրողը: Ձիերի սանձերը բռնած երկու պատանի աջ և ձախ կողմերից ուղեկցել են կառամարտում տարած հաղթանակից հետո դանդաղ ընթացող կառքը: Ինիոխոսը պատկերված է հաղթանակածի թեև հպարտ, առույգ, բայց գրեթե անշարժ և բավականին խոնարհ դեմքով: Հագին խիտոն է (վուշից հանդերձանք), որը, որպես կանոն, հագնում էին տվյալ ժամանակաշրջանի կառապանները: Հագուստը գոտկատեղում ամրացված է այնպես, որ նրա վերին հատվածում գոյացել են խիտ ծալքեր, ստորին մասում լայն ու խորը ուղղահայաց ծալքերով իջնող երկար քղանցքն է: Ինիոխոսը ոտաբոբիկ է: Ճակատը եզրում է հաղթանակի ժապավենը, որի տակից երևում են մազերի խոպոպները: Պարանոցն ուժեղ է, գլուխը՝ կարճ ու նեղ քթով, դեմքը՝ նշաձև, խիտ թարթիչներով աչքերով ու նիրհող հայացքով:
Դելփիքի հնագիտության թանգարանում պահվում են հնավայրի բոլոր գտածոները: Ինիոխոսին տրամադրվել է թանգարանի ամբողջական սրահ, որտեղ նա ներկայացվում է միայնակ՝ կանգնած դահլիճի կենտրոնում: Այսպիսի ցուցադրման նպատակն է հայացքի զորության զգացողության ընդգծումը դիտողի մոտ: Արձանը համարվում է թանգարանի լավագույն գտածոն, և այս գնահատականի ողջ գաղտնիքը հենց նրա սևեռուն ու բարի հայացքն է, որն այցելուին ուղեկցում է սրահի ցանկացած անկյունում:
Դելփիքի Ինիոխոսի արձանը համաշխարհային մշակութային ժառանգության լավագույն նմուշներից է և ունի նույն արժեքը, ինչ Միլոսյան Աֆրոդիտեի կամ Պրաքսիտելեսի Հերմեսի արձանները:
Նյութը՝ ՊԵՐՃ ԴՈԼԻՆՅԱՆԻ