«Աստված հավատում է ինձ». Պաուլո Կոելո
– Պաուլո, որքան ես գիտեմ, պատանեկության տարիներին ձեզ երեք անգամ ուղարկել են հոգեբուժարան: Ի ՞նչ եք զգում, երբ վերհիշում եք անցյալում կատարված այդ իրադարձությունները:
– Երբ սովորում էի դպրոցում, հասկացա, որ գրող դառնալով միայն ես կարող եմ արտահայտել իմ զգացմունքները: Եվ, երբ առաջին անգամ որոշեցի իրագործել գրող դառնալու իմ երազանքը, բախվեցի դառը ճշմարտության հետ. «Բրազիլիայում գիրք չեն կարդում»,- այդպես ասաց մայրս:
Բայց ես նրան չլսեցի: Ես պատրաստ էի պայքարել բոլոր տեսակի խոչընդոտների դեմ: Ինձ պարզապես անհրաժեշտ էր հագուրդ տալ ներսումս առկա խանդավառությանը: Իհարկե, հաճախ վրդովմունքն ու անհանգստությունը ճնշում էին, սակայն սեփական Ճամփորդության մեկնելուց առաջ իմաստությունը ինձ հերիքում էր այրել բոլոր կամուրջները: Ես ունեցել եմ ճշմարիտ սիրո հուսահատ որոնումներ, ինձ համար եղել է անչափ դժվար, մի քանի անգամ ինձ ուղարկել են գժանոց: Սակայն, ես երբեք ինձ զոհ չեմ համարել: Ընդհակառակը, դա իմ կյանքի ճանապարհի մի մասն է` սա է իմ համոզմունքը:
– Ասացեք, խնդրեմ, որևէ կապ կա ՞ մանկության շրջանի Ձեր կրոնական որոնումների և գրող դառնալու Ձեր որոշման մեջ:
– Ոչ, ամենևին ոչ:
– Ինչպիսի ՞ խոչընդոտների եք հանդիպել գրող դառնալու ճանապարհին:
– Ամենադժվարը որոշում կայացնելն է: Երազանք ունենալը լավ բան է, իսկ, այ, այդ երազանքը համաձակվել իրականություն դարձնելը` շատ ավելի դժվար:
– Ձեր կյանքում ո ՞ր պահը կարելի է համարել շրջադարձային:
– Դա իմ ուխտագնացության ժամանակ էր, 1986թ.-ին: 56 օրերի ընթացքում, երբ ես Ֆրանսիայից մեկնում էի Սանտյագո դը Կոմպոստելլա, շատ անսպասելի հասկացա, որ Աստծո հետ հարաբերվելը շատ ավելի հեշտ է, քան ես մտածում էի: Փոխանակ փորձել հասկանալ` «ինչո ՞ւ եմ ես այստեղ», պարզապես պետք է «լինել այստեղ»` այստեղ և հիմա: Հարկավոր է հասկանալ` ի ՞նչ է ի վերուստ քեզ համար սահմանել Աստված: Ես միշտ ցանկացել եմ գրող դառնալ, երբ ես 38 տարեկան էի, մտածում էի` ժամանակն անցավ: Բայց, երբ իմ ուխտագնացությունը մոտեցավ ավարտին, ես ասացի ինքս ինձ. եթե դու ուզում ես լինել «այստեղ և հիմա», դու պետք է պայքարես քո երազանքի համար: Եվ որոշեցի գրել իմ առաջին գիրքը:
– Ի ՞նչը օգնեց Ձեզ գրող դառնալու դժվար կարիերայի ընթացքում:
– Այն փաստը, որ ես չեմ ընկնում ընդարմացման մեջ, գլուխս չեմ կորցնում հաջողությունից կամ անհաջողությունից: Նայիր ճանապարհին` միաժամանակ արագացնելով ընթացքը: Չնայելով կողքերն ու անհաջողությունները` առաջ գնա:
– Դուք ասում եք անհրաժեշտ է «հետևել երազանքին» և հող նախապատրաստել այդ երազանքի իրագործման համար: Բայց, ինչպե ՞ս իմանանք` երազանքը իրոք մեր երազանքն է: Ինչպե ՞ս կարելի է այս մասին հայտարարել մի աշխարհում, որտեղ մեդիան է թագավորում:
– Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը: Ազատ լինելով մեդիայից` նա միշտ էլ գիտի` ինչ պիտի անի: Իսկ ի ՞նչ է նշանակում անձնական առաքելություն: Սա մեր կյանքի իմաստն է ու առաջ մղող ուժը:
– Շատ մարդիկ կարծում են, որ երազանքին հավատալը, ի վերջո, հանգեցնում է երևակայության խաթարմանը, որն էլ հետևանք է դառնում իրական կյանքից հեռանալուն և աստիճանաբար հիմարանալուն: Դուք ի ՞նչ եք մտածում այս մասին:
– Ի ՞նչ են նրանք հասկանում «իրական կյանք» ասելով: Մեջբերում եմ Ջոն Լենոնի խոսքը. «Կյանքը այն է, ինչ լինում է, երբ դու զբաղված ես կյանքի մասին նախագծեր կազմելով»:
– Ձեր գրքերի բոլո ՞ր նշաններն են հասու սովորական մահկանացուներին:
– Բացարձակապես բոլորը: Պարզապես անհրաժեշտ է կարդալ, ըմբռել ու հասկանալ ոչ թե մտքով, այլ սրտով:
– Գիտե ք, որ շատ մարդիկ, ինքնության ճգնաժամ ապրելով, ինքնասպանություն են գործում` վերջ դնելով կյանքին: Ի ՞նչ եք մտածում այդ մասին: Խնդրում եմ կապ տեսնել Ձեր հետևյալ բառերի միջև. «Եթե ուզում եք մի բան, դրա համար պետք է պայքարել, այդ ժամ ամբողջ տիեզերքը կդառնա քո օգնականը: Եվ պատասխանը կգա, երբ դու ամենաքիչն ես սպասում. «Դե ինչ, ստացվում է` ոչ բոլորն են կարող հասնել իրենց ուզածին»:
– «Սեփական ճակատագիր» հասկացությունը այնքան էլ դյուրին չէ հասկանալ, այն չի տեղավորվում մեր առօրյայի շրջանակում: Ջոզեֆ Քեմփբելը օգտագործում է մեկ այլ արտահայտություն` «անձնական երջանկություն»: Քեմփբելը նկատի ունի հետևյալը. երբ մենք երիտասարդ ենք, ամեն ինչ գիտենք, մի բան կա այս կյանքում, որ մեզ ստիպում է լիարժեք ուրախության, իսկ մյուս բաները անհանգստացնում են մեզ: Համապատասխանաբար, սեփական ճակատագիրը հետևանք է սեփական աշխարհընկալման: Ինքնասպանություն գործող մարդիկ հետևում են ոչ թե սեփական ուղուն, այլ շարունակում են իրենց ծնողների ճանապարհը:
– «Ալքիմիկոս»-ում դուք խոսում եք «փիլիսոփայական քարի», «տիեզերքի ոգու», «կյանքի սպեղանու» մասին, Դուք կարծում եք ձեզ կհասկանա ՞ երիտասարդությունը, որի գրպանում բջջային հեռախոս է, իսկ ականջներին` ականջակալ:
– Հիանալի է: Բջջային հեռախոս և համացանց: Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ընդհակառակը`դրանք օգնում են մարդկանց հաղորդակցվելու միմյանց, իսկ ինչ վերաբերում է նշանների լեզվին, ապա դա միակ բանն է, որ օգնում է մարդկանց հաղթահարելու մշակույթների սահմաններն ու մարդկային նախապաշարումները: Ահա, օրինակ` երաժշտությունը կամ պարը: Սրանք նույնպես նշաններ են: Առաջին բանը, որ անում ես օտար երկրում հայտնվելիս հետևյալն է` գնում ես տվյալ երկրում ապրող ժողովրդի ազգային երաժշտության ձայնասկավառակը. սա ամենարդյունավետ միջոցն է փորձել հասկանալու այն երկիրը, ուր ընկել ես:
Ընդհանրապես, «հասուն կյանքը» ինձ համար դեպի անկում տանող առաջին քայլն է: Մենք չպիտի ձգտենք հասունության: Պարզապես անհրաժեշտ է մեր սրտերում պահպանել խենթ երիտասարդության սրբազան կրակը:
– Ձեր ստեղծագործությունների և Ջոան Ռոուլիգի վեպի փիլիսոփայական քարերը նո՞ւնն են:
– Այո: Ե´վ Ջոան Ռոուլիգի վեպը, և´ իմ ստեղծագործությունը միևնույն ալքիմիական հիմքն ունեն:
– Լսել եմ, որ պատրաստվում են «Ալքիմիկոս»-ի մոտիվներով ֆիլմ նկարահանել: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:
– Հուլիսին հանդիպելու եմ Լոուրենս Ֆիշբերնի, «Ալքիմիկոսի» պրոդյուսերների և ռեժիսորների հետ: Սա շատ նուրբ հարց է, և ես պարտավոր եմ պահել գաղտնիություն: Միայն կարող եմ ասել, որ ես չեմ ուզում խառնվել սցենարի հետ կապված հարցերին: Ֆիլմը նկարահանելու է «Ուուրներ Բրազերզը» և մեծ էկրան կբարձրանա 2004թ.-ին:
– Դուք հավատու՞մ եք Աստծուն:
– Իհարկե: Ես հավատում եմ նաև, որ Աստված ինչպես ինձ, այնպես էլ իմ գործին է հավատում:
– Ի՞նչ եք Դուք մտածում ժամանակակից երիտասարդության մասին: Ի՞նչ գաղտնի գիտելիքներ կցանկանայիք կիսել նրանց հետ:
– Մի´ վախեցեք տարբեր լինելուց: Դուք եզակի եք ու անկրկնելի: Հաղթում են միայն նրանք, ովքեր չեն վախենում:
Հարցազրույց «Топ-книга» կայքում
Հարցազրույցը վարեց Իտկին Վլադիմիրը
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի