«Հայրս, այդ հեռավոր արևելքցին, խոսում էր մի ժամանակի մասին, որ կասեցրել է իր թռիչքը». Անրի Վերնոյ
Սկիզբը` այստեղ
Այսպես, ուրեմն, հայրիկիս հետևից գնացի նավի կամրջակով։ Առավոտ էր։ Ծագող արեգակի լույսից սպիտակում էր հորիզոնը։ Ծնվող օրվա մեջ գծագրվում էր ծովափը։
– Նայի՞ր, մանչս, Ֆրանսիան։
Երկար, շատ երկար մնացինք նավի բազրիքին կպած, աչքներս սևեռած անընդհատ մոտեցող ափերին։ Հայրս, այդ հեռավոր արևելքցին, պատմում էր իր առասպելական Ֆրանսիայի մասին։ Խոսում էր մի ժամանակի մասին, որ կասեցրել է իր թռիչքը, Ռոզ (Վարդ) անունով մի փոքրիկ աղջկա մասին, որ ապրել է այնքան, որքան վարդերն են ապրում, ընդամենը մի առավոտ, պատմում էր նաև բազում նավաստիների ու նավապետների մասին, որոնք ուրախ սրտով մեկնել էին հեռավոր ափեր և տեսել հազար ու մի փորձանք։
Սա պարզասիրտ Ֆրանսիան էր, ծածկված քմծիծաղի քողով, քանի դեռ ամեն ինչ գեղեցիկ էր։
Հայերեն թարգմանված այդ կիսատ-պռատ ոտանավորները ինձ նման երեխայի համար ոչ մի իմաստ չունեին, բայց ականջիս հնչում էին իբրև բառերի ներդաշնակ միասնություն և իրենց ռիթմերի շնորհիվ երևան էին հանում բավական հաճելի երաժշտություն։
Ահա այսպես մենք խարիսխ գցեցինք Ֆրանսիա երկրում։
Եվ չգիտեինք, որ հենց այդ օրը պարոն Գաստոն Դումերզը ընարվել էր հանրապետության նախագահ, որ Լենին անունով մի մարդ էր մահացել Գորկիում, որ դոլարը արժեր տասնհինգ ֆրանկ, որ ոմն Մորիս Շվալիե երգ էր երգում փոքրիկ տոտիկներով Վալանթինի մասին, և որ Ֆրանսիայի կինոէկրաններին Ս. Մ․ էյզենշաեյնը ցուցադրում էր իր «Պոտյոմկին զրահանավը»։