«Նրա մեջ մի այրող բան կար»». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է
Պարույրը երաժշտության մոլի սիրահար էր: Նրա սիրած «խաղացանկի» մեջ առաջին տեղում էին հայ հոգևոր երգերը, շարականները, որոնք, իր ասելով, չէին զիջում եվրոպական «Ավե Մարիաներին»: Հոգևոր երգերի կատարողներից գնահատում էր Լուսինե Զաքարյանին և Խորեն Պալյանին: Մի օր՝ Լուսինեի երգերից հետո, Սիլվա Կապուտիկյանի տանը, դարձավ նրան. «Առանց Խորենի ոչինչ անել չէիր կարող, այս բանը լավ իմացիր և միտդ պահիր, երբեք չմոռանաս Խորենի ծառայությունը»:
Պարույրի երաժշտության մի դրվագն է Կարպիս Սուրենյանի երգը իր ընտանեկան հարկի տակ: Հավաքել էր մի քանի ընկերների, մթնեցրել տունը, վառել մոմերը և Կարպիսին խնդրել կատարել իր սիրած մեղեդիները: Լսում էր կենտրոնացված, ինքն իր մեջ սուզված, կարելի է ասել՝ «վերացած այս աշխարհից»:
— Կարպիսին,- ասում էր Պարույրը,- ես երբեմն խնդրում եմ երգել ոչ թե հաճույքի համար, այլ «Եղիցի լույս» բանաստեղծական իմ մտահղացումներն ավելի շոշափելի դարձնելու համար: Այդ շարքը ես գրում եմ երաժշտական թեմաների սիմֆոնիկ ծավալների սկզբունքով:
Լևոն Հախվերդյան
«Մոկաց Միրզան»՝ էպիկական շնչի այդ ողբերգական-հերոսական երգը: Մինչև հիմա էլ ականջիս մեջ են նրա երգի ղողանջները, այսօրվա պես հիշում եմ երգող Նաիրի Զարյանին՝ գլուխը հպարտորեն հետ գցած, մի աչքը կկոցած, աշխարհից վերացած, վեհացած, գեղեցկացած… Եվ մեկ էլ աչքս դիպավ Պարույրին. արցունքները գլոր-գլոր հոսում էին խոշոր, սևորակ աչքերից… Ո՞վ էր այդ մարդը, կարծես առաջին անգամ էի տեսնում Պարույրին, և մի՞թե երգն այդքան ահռելի տեղ ունի նրա հոգում: Իրոք այդպես էր: Հատկապես Մոսկվայում, երբ նա իր նեղլիկ սենյակում, թախիծն աչքերին՝ երկա՜ր-երկա՜ր լսում էր կոմիտասյան ձայնապնակները «Զանգակատունը» գրելիս, որի հուզական հիմքն ու ակունքները Կոմիտասի երգն էր:
1956թ. Պարույրը կարճ ժամանակով եկել էր Երևան: Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճ. Հայկական կապելլայի հոգևոր երգերի փակ ունկնդրություն, սակավաթիվ, բայց հասկացող հասարակություն: Վերջին շարքերից մեկում Պարույրն է, ես, մեր տղաներից մի քանիսը: Պարույրը լսում էր շունչը պահած, աշխարհից վերացած, հուզմունքից խոնավացած հայացքով: Ոչ մի շշուկ: Բայց երբ համերգն ավարտվեց, լսվեցին պաշտոնական ունկնդրությանն անհարիր կանչեր: Դրանք Պարույրի կանչերն էին, այնքան բարձր, որ շփոթեցրին նրանց, ովքեր եկել էին համերգն ընդունելու ի պաշտոնե: Պարույրը հիացած էր, ես՝ հիացած իր հիացմունքով՝ առանց հասկանալու, որ այդ պահին նրա մեջ խոսում է «Անլռելի զանգակատան» մոտալուտ հեղինակը:
Լև Օզերով
Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խորը աչքերում մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշապես՝ որը կռահել չէիր կարողանում: Պարույր Սևակը այդպես էլ գաղտնիք մնաց: Նրա ներսը ամբողջովին եռք էր ու փոթորիկ: Նա բազմաթիվ մտահղացումներ ուներ. գովեստներ չէր որոնում, այլ ձգտում էր հասկացված լինել: Մի անգամ Գորկու փողոցով (Մոսկվա) քայլում էինք դեպի Մայակովսկու հրապարակ: Չայկովսկու անվան համերգասրահի շենքի պատի աֆիշն ազդարարում էր՝ «Երգեհոնային երաժշտության երեկո. Բախ»: Մտանք ներս: Պարույրը լսում էր աչքերը փակ: Երբ համերգն ավարտվեց, աչքերը փայլում էին…
— Ինչ լավ եղավ, որ եկանք,- ասաց:- Երգեհոն: Ես հիմա ամեն ինչում զգում եմ երաժշտության կրակը ու ամենից առաջ՝ գրվածքներումս:
Նա հիացած էր:
Նրա մեջ այրող մի բան կար…