«Կրթյալ երիտասարդությունը» իբրև գեղեցիկ սեռի բռնաբարված իրավունքների պաշտպան». Րաֆֆի
Հավասարության և ազատության Հարցը կանանց սեռի քանի դար առաջ սկսավ մշակվել քաղաքակիրթ ազգերի մեջ, և վերջապես ներկա դարու առաջին կիսաբաժնում նա իր լուծումն ստացավ նորանով, թե կինը մարդկային կյանքի մի անդամն է,ուրեմն և պիտի լինի բաժանորդ նորա իրավունքներին:
Բայց թե մինչև ո՛ր աստիճան իրագործվեցավ այդ հարցի վճիռը լուսավոր Եվրոպայի և Ամերիկայի մեջ, մենք թողնում եմք դորավրա խոսելը, միայն կասեմք մի քանի խոսք, թե որպիսի ընդունելություն գտավ նա հայերի կյանքում:
Արդարև, մի քանի եվրոպական քաղաքներում, որոնց թվումն է և Թիֆլիսը, հայերի ընտանեկան կյանքը նոր կերպարանք ստացավ:
Որպիսի՞:
Հայը դուրս բերավ հարեմի դարավոր բանտարկությունից յուր կինը, նա ձգեց նորա երեսից ծածկապահության քողը, նա թույլտվեց նորա լեզվին խոսել և մտածել օտարների հետ: Եվ սիրախնդիր տղամարդը, որո համար հայ կինը մի ծածկյալ գանձարան էր, պատիվ ունեցավ հանդիպել նորան թատրոններում, պարահանդեսներում, փողոցներում և ամենայն զբոսարաններում:
Բայց հին հարեմային դրության կուսակիցները դեռ ո՛չ բոլորովին անհետացած էին: Ամեն գերդաստանում մի ծերունի պապա,կամ մի պառավ մամա, սկսան խորթ աչքով նայել մի այդպիսի նոր երևույթի վերա: Նոքա բողոքեցին այդ ընտանեկանհեղափոխության դեմ, կոչելով նորան լրբություն, շռայլություն, անամոթություն, մի խոսքով, անբարոյական մոլություն:
«Կրթյալ երիտասարդությունը» իբրև գեղեցիկ սեռի բռնաբարված իրավունքների պաշտպան, հերքեց նոցա բողոքը, մի քանիփաստերով, թե դուք փտած մարդիկ եք, դուք կուրացել եք հնամոլության նախապաշարմունքներով, դուք մեղանչում եք հավասարության և ազատության սկզբի դեմ…
Կուսակցություններ կազմվեցան: Ընտանեկան պատերազմը սկսվեցավ: Այդ պատերազմը անխզելի կերպով շարունակվում է մինչև այսօր և գուցե ընդ երկար տևելու է ապագայում…
Բայց ո՞ր կողմին պետք է արդարության իրավունքը տալ:
Ո՛չ առաջինին և ո՛չ երկրորդին:
Երկուքն էլ ունեն յուրյանց սխալ կողմերը:
Արդարև, ծերունի պապայի, այդ գերդաստանի պատրիարքի, արթուն աչքը անդադար հսկում է յուր ընտանիքի վերա: Նա համարձակ մուտք չի տալիս սիրախնդիր երիտասարդին սողալ յուր գերդաստանի սրբարանում և կոկած, սերտած, օտար ազգի բառերով քաղցրախոսել, սեթևեթել յուր օրիորդ թոռնիկին, յուր մանկահասակ հարսի հետ, և խելքից հանել նորանց: Այդ պատճառով, երիտասարդը վշտանալով հեռանում է հայի գերդաստանից, նա այլևս չէ դառնում այնտեղ, որովհետև ծերունու հեքիաթները նորան դուր չէին գալիս, որովհետև նորա ընտանեկան շրջանի երևույթը համապատասխան չէր նորա նպատակներին, և ոչ գոհացուցիչ նորա կրքերին ու պահանջմունքներին…
Կրթյալ երիտասարդությունը պահանջում է հեռացնել, յուր կարծիքով, այդ ծերունի կերբերոսները. անհետացնել նոցա իշխանության բռնաբարությունը և կատարյալ ազատությունը ներս տանել հայ ընտանիքի մեջ:
Շատ լավ:
Մենք նպատակ չունեմք վիճել ազատության սկզբի դեմ: Միայն կրկնում ենք, թե մենք արդեն տվինք փոքր ի շատե ազատություն մեր կնիկներին, բաց արինք նորա առաջև հարեմի փակված դուռը, և թույլ տվինք նորան հրապարակ ելանել իբրև մարդ, իբրև մարդկային անհատական իրավունքների բաժանորդ:
Բայց կինը ինչո՞վ արդյունավորեց այդ առանձնաշնորհությունը:
Նա հանդիպեցավ մեր կյանքի ասպարեզում, ոչ իբրև մարդը, — գործունյա, աշխատավոր և կարեկից յուր տղամարդի հոգսերին, այլ որպես խրձիկ, կուկլա, զուգված, զարդարված մոդնի մագազինների պաճուճանքներով, և յուր դեմքը խարդախ ածարվեստական գեղերով…
Նա եղավ յուր տղամարդի համար մի նոր տանջանքի մեքենա, մի նոր հոգածության առարկա: Նա գերի արեց յուր տղամարդին, որ առաջ նորա վերա իշխում էր, որո ինքը առաջ ստրուկն էր:
Արևելյան կյանքի մեջ, ուր հայ կինը դեռ ապրում է նահապետական շրջանում, ուր նա (որպես ոմանք մտածում են…) դեռ ստրուկ է յուր տղամարդի և տան ծերունիի կամքին, կինը ոչ միայն անկեղծ մաքրությամբ պահպանում է յուր բարոյական սրբությունը, այլ նա բաժանորդ է լինում յուր տղամարդի հոգսերին, նորա զբաղմունքներին, նա յուր տղամարդի հետ լծորդաբար կրում է յուր վերա ընտանիքի ապրուստի պիտույքը հաղթահարելու հնարները:
Այնտեղ կինը կուկլա չէ, և ոչ կրթյալ երիտասարդության ցնորքների առարկա: Այնտեղ կինը ժիր և գործունյա տանտիկին է: Նա թխում է յուր զավակների համար հաց, եփում է նոցա համար կերակուր, լվանում է նոցա լվացքը, կարում է նոցա հագուստը: Նա օգնում է յուր տղամարդին նորա հողերի մշակության մեջ, կալսում է նորա կալը, մաքրում է նորա ցանքերը ավելորդ խոտաբույսերեն: Նա օտար մարդի հետ գործ չունի: Նա յուր սերը, յուր սիրտը նվիրած է յուր ամուսնուն:
Բայց մեր քաղաքի ազատություն վայելող աղջիկ-պարոնը խոհանոցը չի մտնում, որովհետև կերակուր եփելու համար խոհարարներ կային, նա հաց չէ թխում, որովհետև կռո-փռնչին միշտ պատրաստ էր այդ պաշտոնը կատարելու, նա հագուստ չէ կարում, որովհետև այդ դերձակների գործ է:
Ուրեմն ի՞նչ է շինում նա:
Գիշերները վարում է զվարճությունների մեջ, զարթնում է ժամը տասին, շատ անգամ տասներկուսին, մի երկու ժամ հարկավորեն նորան լվացվել, հագնվել և հայելվո առաջ երեսը կոկել: Այնուհետև նա դուրս է գալիս փողոց, մագազիններին այցելություն գործելու, բուլվարները չափելու, պատերի վերա աֆիշաներ կարդալու և սիրուն տղերանց նայելու…
Ահա կանանց ազատության հետևանքը մեր կյանքի մեջ: