Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում
Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում: Հայաստանի ամենամեծ կոլեկցիոներն արդեն 30 տարի սիրով ու ոգեւորությամբ նկարներ է գնում` համալրելով իր հավաքածուն հայ, ռուս ու եվրոպացի նկարիչների ստեղծագործություններով: Սակայն նրա հավաստմամբ, իր գերագույն նպատակը ոչ միայն հայկական գեղանկարչության դասական նկարիչների կտավներով իր հավաքածուն հարստացնելն է, այլեւ աշխարհում նրանց արժանվույն ներկայացնելը: Անդրանիկ Մանուկյանի հավաքածուում ընդրկված է հայկական դասական կերպարվեստի ընդհանուր սպեկտրը, ինչպես նա է ասում`« Հովնաթանյաններից, Սուրենյանցից, Այվազովսկուց, Սարյանից, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից սկսած մինչեւ Էդուարդ Արծրունյան, Գրիգոր Աղասյան, Հակոբ Հակոբյան, Սարգիս Համալբաշյան, Տարոն Մուրադյան, Գեւորգ Եղիազարյան, Էմիլ Գազազ»:
Սկիզբ
Մանուկ հասակից շատ էի սիրում նկարչությունը, հաճախ էի թանգարաններ այցելում, հետաքրքրվում կերպարվեստի պատմությամբ: Նախասիրությունս ավելի ընդգծվեց, երբ տեղափոխվեցի Լենինգրադ` ուսանելու: Այնտեղ անընդհատ Էրմիտաժ, Ռուսական արվեստի թանգարան էի այցելում, ինձ միշտ էլ, այսօր եւս, հետաքրքրում է լավագույն նկարիչների ստեղծագործական գործունեությունն ու նրանց ստեղծած յուրաքանչյուր նկարի պատմությունը:
1978 թվականն էր, երբ մի ռուս ընտանիք ինձ առաջարկեց հայ նկարչի կտավ գնել: Պարզվեց, որ դա Գեւորգ Բաշինջաղյանի ամենահայտնի ու ամենալավ նկարներից էր, որը հեղինակը նվիրել էր Սավա Մորոզովին: Բնականաբար գնեցի կտավը, դա իմ առաջին ձեռքբերումն էր, իմ ապագա հավաքածուի անդրանիկ նկարը: Լենինգրադում սովորելու տարիներին գնեցի այնպիսի ռուս նկարիչների գործեր, ինչպիսիք էին Ռեպինը, Սուրիկովը, Տրապինովը, Կորովինը եւ այլք: Այն տարիներին այդպիսի հեղինակների գործերը շատ մատչելի գներով կարելի էր ձեռք բերել, իսկ այսօր դրանց գները վեց զրոյից են սկսվում: Ինչ վերաբերվում է հայ նկարիչներին` օրինակ` Մինասին, որը Լենինգրադում է սովորել, ես հենց այնտեղ նրա գործերը նույնիսկ 50 ռուբլով կարողացա ձեռք բերել:
Ամենամեծ հիասթափությունը
Իմ կյանքում շատ վատ պահեր, հիասթափություններ եմ ապրել, սակայն այս պատմությունը, որ պիտի պատմեմ, ամենատխուրներից է: Հանրահայտ Նեւսկու պողոտայում հնաոճ իրերի խանութ կար, որտեղ Այվազովսկու մի հրաշալի կտավ էր վաճառվում: Այն 1800 ռուբլի արժեր: Իմ ամենամեծ երազանքն այդ կտավն ունենալն էր: Ես օրեր շարունակ գումար էի տնտեսում ու ամեն օր մտնում տեսնելու` արդյո՞ք տեղում է նկարը, ինչպես նաեւ մեկ անգամ եւս խնդրելուՙ չվաճառել կտավը: Հիշում եմ` միշտ ասում էի, թե վաղը կբերեմ գումարը, հաջորդ անգամ էլ խանութ մտա ու տեսա` նկարը չկա, վաճառվել էր: Դա իմ կյանքում ապրած ամենամեծ հիասթափությունն էր` չնայած այն հանգամանքին, որ ես այսօր Այվազովսկի ունեմ իմ հավաքածուում:
Ներդրո՞ւմ, թե՞ հոգու կանչ
Անշուշտ, գեղանկարչությունը երկու տեսանկյունից կարելի է դիտարկել. նախասիրություն եւ ներդրում: Նկարների նկատմամբ իմ վերաբերմունքն ավելի շատ հոբբի է, նախասիրություն: Ես շատ-շատ եմ սիրում իմ նկարները, որոնք, կարծես երեխաներս լինեն: Կտավները հատուկ խնամքի եւ հոգատարության կարիք ունեն, դրանց համար հատուկ ջերմային ռեժիմ է պետք ապահովել: Եւ այդ ամենի մասին ես եմ հոգում: Ներդրումների առումով էլ կարող եմ ասել, որ այս ձեւն ամենաարդարացվածն է: Ես միշտ էլ մեր բիզնեսմեններին ասել եմ այդ մասին: Եթե ադամանդ գնելու դեպքում 10 տարի հետո հնարավոր է ամենաշատ 20 տոկոսի գնաճ, ապա նկարի դեպքում գինը տասնապատկվում է: Նշանակում է` գերշահույթ է ապահովվում: Իմ առաջին նկարը` Բաշինջաղյանի գործը, գնել եմ 600 ռուբլով, իսկ այսօր այդ նկարի գինը 300- 350 հազար դոլար է: Ինչպես տեսնում եք, 30 տարում 600 ռուբլին դարձավ 300 հազար դոլար: Այս ամենը` ներդրման առումով, սակայն անպայման ուզում եմ նշել, որ նկարներ ձեռք բերելն ինքնանպատակ չէ: Այս զբաղմունքը, նախ եւ առաջ, մարդկային որակների զարգացմանն է նպաստում, մարդու ներաշխարհն է հարստացնում: Լավ մեքենա , հսկա շենքեր ունենալը կամ շքեղ կոստյում կրելը բավական քիչ է մարդու համար: Պետք է սիրել արվեստը, գնահատել այն ստեղծողին, հնարավորության դեպքում նպաստել դրա զարգացմանը: Այդ ժամանակ միայն կարող ես հոգեպես հանգիստ ու բավարարված զգալ քեզ: Ցավոք սրտի, այսօր Հայաստանում այդպես չէ, բայց ժամանակին այդպես էր. բոլոր մեծահարուստները նպաստել են արվեստի զարգացմանը: Հիշենք թեկուզ Գյուլբենկյաններին եւ Մանթաշովին:
Մարտիրոս Սարյան. «Նատյուրմորտ դիմակով», 1913 թ.
Մեր լավագույն նկարիչների կտավները գնելը շատ քիչ է, մենք պետք է կարողանանք բարձրացնել, արժեւորել նրանց ստեղծած գործը: Այսօր այդ բիզնեսը գտնվում է հրեաների ձեռքին եւ առանց նրանց հետ համաձայնեցնելու, դժվար է որեւէ գործ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում վաճառել: Տարիներ առաջ որոշեցինք Սարյանին ներկայացնել «Սոդբիի» հանրահայտ աճուրդում, այդ ժամանակ նրա կտավները 30, 40, երբեմն 50 հազար դոլար արժեին: Մեր նպատակը ոչ թե գումար վաստակելն էր, այլ հայազգի լավագույն նկարչին միջազգային շուկայում ներկայացնելը, արժեւորելը: Եթե ինձ հարցնեն` Սարյա՞ն, թե՞ Պիկասսո, ապա, միանշանակ, ես նախապատվությունը կտամ Սարյանին: Պիկասսոն Պիկասսո է, բայց Սարյանի գույներն ինձ համար ուրիշ են: Ինչո՞ւ պետք է իսպանացու գործերը «Սոդբիում» մի քանի տասնյակ միլիոն դոլարներով վաճառվեն, իսկ Սարյանինը` ոչ: Եվ կանխավ պայմանավորվածություն ձեռք բերելով` մենք ինքներս ներկայացրինք Սարյանին եւ մենք էլ գնեցինք նրա նկարները` համապատասխան տոկոսներ վճարելով «Սոդբիին»: Այս կերպ մենք կարողացանք հետաքրքրություն առաջացնել Սարյանի գործերի նկատմամբ եւ, փառք Աստծո, նրա գործերն այսօր հասել են 1 մլն դոլարի սահմանագծին: Նույն կերպ հրեաները Կանդինսկու հեղինակությունը բարձացրին միջազգային շուկայում: 1880-ական թթ. Կանդինսկին Մյունխենում էր ապրում, եւ այդ ժամանակ հրեաները որոշեցին նրա նկարների գինը բարձրացնել միջազգային շուկայում: Ցուցահանդես-աճուրդ կազմակերպեցին եւ տեղում սակարկելով` մի քանի տասնյակ հազար ֆրանկի հասցրին նրա նկարների գինը: Նկարը վաճառվեց, երեկոյան Կանդինսկին գումարի ստացականը տիրոջը վերադարձրեց : Սակայն հաջորդ օրը ողջ լրատվամիջոցներով Կանդինսկու շատ թանկ վաճառված կտավի մասին էին խոսում: Այսօր նույն Կանդինսկու կտավները միլիոնավոր դոլարներ արժեն: Հրեաներն ամեն ինչ անում են իրենց նկարիչների համար, իսկ մենք` ոչ: Պետք է մտածենք եւ աշխատենք այդ ուղղությամբ:
Հաջորդը մեր դասականներն ու Մինասն են լինելու
Մենք պետք է ներկայանալի դարձնենք մեր արվեստը ողջ աշխարհում: Ստեփան Աղաջանյանը մեր ամենահրաշալի դասականներից է, ով ոչնչով չի զիջում Ռեպինին, սակայն վերջինիս ճանաչում են ողջ աշխարհում, սակայն Աղաջանյանը դուրս չեկավ հայ կերպարվեստի շրջանակներից: Նույնը կարելի է ասել Բաժբեուկ-Մելիքյանի, Առաքելյանի, Թերլեմեզյանի,Կոջոյանի Թադեւոսյանի, Սուրենյանցի եւ մյուս կլասիկների մասին: Այսօր մենք Ամերիկայում Էմիլ Գազազ ունենք, Ֆրանսիայում` Տարոն Մուրադյան, մեր կողքին` Սարգիս Համալբաշյան եւ Գեւորգ Եղիազարյան, չմոռանանք մեր հրաշալի Գայանե Խաչատրյանին, ով մեծ հետաքրքրություն է առաջացրել դրսում: Եւ հիմա իմ նպատակն է «Սոդբիում» հայկական ողջ դասական գեղանկարչությունը ներկայացնել` Հովնաթանյաններից մինչեւ Էմիլ Գազազ: Աճուրդը կազմակերպելու համար 200 նկար է պահանջվում, որոնք իմ հավաքածուից պետք է ցուցադրեմ: Անկեղծ ասած, ինձ համար դժվար է իմ նկարներից բաժանվելը, բացի այդ ահռելի ֆինանսական ներդրում է հարկավոր կատարել, սակայն այս մտահղացումն իրագործվելու է: Բացի այդ, առաջիկայում մտադիր եմ Մինասի ցուցահանդեսը կազմակերպել Մոնակոյի պալատում: Գաղափարն իրականություն կդառնա առաջիկայում:
Հայ լավագույն նկարիչների ստեղծագործությունների հայրենիքը Հայաստանն է
Ես նկարներ եմ ձեռք բերում ոչ միայն Հայաստանից, այլեւ աշխարհի բոլոր անկյուններից: Նստած համակարգչի առջեւ` ինտերնետով հետեւում եմ աճուրդներում կատարվող իրադարձություններին, այս կերպ համալրում եմ իմ հավաքածուն նոր կտավներով: Արդեն մի քանի ամիս է, ինչ բանակցությունների մեջ եմ Նյու Յորքում գտնվող նկարավաճառների հետ: Վաճառքում` Բաշինջաղյանի «Արարատ», «Սեւան» կտավներն են, որոնք Հայաստան պիտի վերադարձնեմ: Շատերը բիզնեսի նպատակով լավագույն գործերը արտասահման են տանում, իսկ ես հակառակը` փորձում եմ դրանք ետ բերել: Մինասի ու Սարյանի տասնյակ գործեր եմ վերադարձրել Հայաստան, Մյունխենից` Սուրենյանցի, Փարիզից` Մախոխյանի, Ժերանյանի, Ջիվանյանի, Գառզուի եւ Ժանսեմի : Իհարկե, ես Արշիլ Գորկի չունեմ: Շատ կուզենայի նրա կտավներն ունենալ` այսօր միջազգային շուկայում Գորկի չի վաճառվում: Եթե միայն Արշիլ Գորկու «Նկարիչն ու իր մայրը» կտավն ունենայի, ամենահարուստ ու ամենաերջանիկ մարդն ինձ կհամարեի: Դա իմ ամենամեծ ձեռքբերումը կլիներ:
Հայկական արվեստի ուժը
Պետությունն իր մշակույթով ու արվեստով է ներկայանալի: Ճիշտ է, Հայաստանը փոքր երկիր է, զիջում է իր բնական ռեսուրսներով, սակայն դրա փոխարեն ահռելի մարդկային ռեսուրսներ ունի: Համոզված եմ, որ առաջիկայում կօգտագործվի մեր մտավոր ներուժը, եւ մեր արվեստը արժանվույն կգնահատվի Հայաստանում, առավել եւս` արտասահմանում: Ինձ համար մեծ ուրախություն է, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը մեծ սեր ունի արվեստի` հատկապես գեղանկարչության նկատմամբ եւ բարձր է գնահատում այն: Մեր մշակույթի նախարարը եւս շատ ճիշտ է ընտրված: Կարծում եմ` համատեղ ուժերով մենք կկարողանանք ճիշտ զարգացում ապահովել մեր մշակույթի համար:
Էդուարդ Արծրունյան. «Սևանի կանայք», 1979
Անահիտ Կորյուն