«Նա ոչ միայն նշանավոր և ամենուր ճանաչված կոմպոզիտոր է, այլև ցնցող դաշնակահար». այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
Առնոն տասը տարեկան էլ չկար ու դաշնամուր նվագելուց բացի երգեր է հորինում: Նա Գորկու անվան դպրոցի առաջադեմ աշակերտն է և պատրաստվում է զուգահեռ սովորել Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական տեխնիկումում:
Մի տարի առաջ պիոներական քայլերգ էր հորինել Երևանի երաժշտական դպրոցի սանը, դպրոց, որը նույնպես կոնսերվատորիային կից էր:
Ինչպիսի՞ քննությամբ ընդունվեց այդ դպրոցը:
— Մոտ եկ, տղաս, համարձակ, — կոնսերվատորիայի այն ժամանակվա դիրեկտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանի խիստ ու խիտ հոնքերի տակից բարի աչքեր էին նայում: — Դե՛, ցույց տուր շնորհքդ: մի որևէ երգ երգիր:
— Երգել չգիտեմ, — ասաց ու լռեց:
— Իսկ ի՞նչ գիտես, տղաս, — հարցնողը երաժշտագետ-կոմպոզիտոր Օվսաննա Տեր- Գրիգորյանն էր: — Ինչ-որ բան պիտի ցուցադրես չէ՞, որպեսզի քեզ ընդունենք:
— Կարելի՞ է նվագեմ:
— Անպայման, իհարկե, նվագիր: Ի՞նչ ես ուզում նվագել:
Յոթամյա երեխան վստահ մոտեցավ դաշնամուրին, կափարիչը հետ ետ տարավ ու, աչքերը փակելով, ասաց.
— Որևէ բան նվագեք, ես կրկնեմ:
Զարմացական հայացքները միանգամից դեպի նա շրջվեցին.
— Շատ բարի, կրկնիր տեսնենք:
Նվագը կրկնեց: Շատ հաջող ստացվեց: Մի ուրիշն էլ հանձնարարեցին, նորից` մեկ ուրիշը: Մոռացել էին, որ երեխայի են քննում: Դե, ի՞նչ, թող նվագի, այդպիսի հաճույք մեկ էլ երբ պիտի ստանան:
— Ապրե՛ս:
— Դաշնակահարը պատրաստ է:
— Եվ երկար, փափուկ ծայրով մատներ ունի:
Բայց ձեռքը ջութակ տվեցին: Եկավ տուն, աչքերից կախված արցունքներով`
— Ես ջութակ չեմ ուզում:
Նրա համար դաշնամուրը երկրագնդի միակ և ամենալավ գործիքն էր:
Էմիլ Գիլելսը հետագայում կգրի.
«Առնո Բաբաջանյանը պայծառ երաժշտական տաղանդ է, մեր ժամանակի ականավոր կոմպոզիտորներից մեկը … Նա ոչ միայն նշանավոր և ամենուր ճանաչված կոմպոզիտոր է, այլև ցնցող դաշնակահար: Եվ որպես դաշնակահար ամեն անգամ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ունկնդիրների համար»:
… Գալիքի հրամայական պահանջով, սեփական համառ աղաչանք-խնդրանքներով նա փոխադրվեց դաշնամուրի դասարան, դարձավ մանկավարժ Եվգինե Խոսրովյանի սանը:
Ընտրել ես ճանապարհդ, ետ մի նայիր: Ճակատագրից փախչել չես կարող: Քեզ վիճակված են արվեստագետի ծանր ու վսեմ ճակատագիրը, ստեղծագործական երկունքի տանջանքը, ցավերն ու տառապանքը: Ու երբ ճակատագրի անարդար քմահաճույքով վաղաժամ գնաս այս աշխարհից, այդ ցավերի ու տանջանքի մի յուրօրինակ գնահատական կդառնա մարմարյա ոչ մեծ հուշատախտակը. «Այստեղ ստեղծագործել և հանգստացել է ականավոր կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը»: Հուշատախտակն այս փակցված է Դիլիջանի` ՍՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործական տան այն առանձնատանը պատին, որը կրում է 21 համարը:
Հիմա նա դեռ երաժշտական դպրոցի առաջին դասարանի աշակերտ է ու իր բոլոր լույս—երազներըդաշնամուրի հետ է կապել: Զարմանալի իմաստուն էր Վիլյամ Սարոյանը. «Ես ալ ըսի` դուն ալ ես վարպետ, ու ինք չառարկեց»: Ամբողջ աշխարհն ընդունում էր, որ Առնոն մեծ դաշնակահար է: Եվ դա իրոք այդպես էր, իսկ այդ ընդունող աշխարհը եվրոպական, ասիական, ամերիկյան տասնյակ քաղաքներ էին, ուր բաբաջանյանական նվագը լույս էր պարգևել դահլիճներին: Իսկ ինքը` այդքան խենթություններին այդքան հակադիր համեստություն: Դուք բեմում տեսնեիք դաշնակահար Բաբաջանյանին նվագից հետո.երեխայի նման խոնարհ, երեխայի նման գլուխ կտար, ինչքան ծափ տային, ու «Հերոսական բալլադից» հետո ներողամիտ հայացքը կսահեցներ նվագախմբի վրայով (ասել է, թե` համբերություն ունեցեք ու մի քիչ էլ ուշ թողեք բեմը, տեսնում եք` ունկնդիրն ինձ բաց չի թողնում), ապա կնվագեր արդեն առանց դիրիժորի ու նվագախմբի իր «Դաշնամուրային վեց պատկերները»: Միայն ինքը` այդքան մեծ դաշնակահար, ժամանակակիցներից մեկնումեկը չի հիշում, որ Առնոն դրանով պարծեցած լիներ, ինքնագով խոսքերով համեմած շրջապատի զրույցը:
Տաղանդը հորդեց աշակերտական նստարանից: Առաջին ուսումնական տարում երկու տարվա դասընթացը մարսել էր, ու հաջորդ տարում արդեն երրորդ դասարանում էր: Ավարտական տարում էլ իր ուսուցիչներին ավելի զարմացրեց, երբ ասաց, որ իր հասունությունը հաստատելու համար Բեթհովենի` նվագախմբի և դաշնամուրի համար առաջին կոնցերտն է նվագելու: Մանկավարժ-դասատուները խառնվեցին իրար, դասարան բերվեց երկրորդ դաշնամուրը, որպեսզի մանկավարժը նրա վրա նվագի նվագախմբային հատվածը:
Հոգին սրարշավ դուրս էր գալիս մանկական փոքրիկ մարմնի համար բնաբաշխ սահմաններից: Սովորական քննությունը նշանակալից երևույթի է վերծվում, տոնական համերգ է դառնում: Գալիս են մյուս դասարանների մանկավարժները: Եվգինե Խոսրովյանը ուրախությունից պար է գալիս, դիրիժոր Գևորգ Բուդաղյանի դեմքից չի անհետանում անսահման մեղմ ու բարի ժպիտը: Դիրիժորը լավ մենակատար է գտել, կարելի է մի քանի ամիս հետո նրա մասնակցությամբնվագախմբի հետ համերգ տալ լայն հասարակության առջև: Ուռա՜, Եվրոպան մուտք է գործում Երևան, մարդիկ առաջին անգամ իրենց առջև տեսնելու են կենդանի նվագախմբի, դիրիժորի և պատանի մենակատարի, որ այնքան վարժ է Բեթհովեն նվագելու:
Մտքերը, երազանքները, որոնումները երկմասված են: Իրեն չլրացված նոտայատետրերն են սպասում, որոնց էջերում իսկ շարվելու են այդ մտքերը, երազանքները, որոնումները: Դրոնցից մեկը ինը տարեկան աշակերտի «Պիոներական քայլերգն» է լինելու:
Վ. Սանթրյան «Լույս պարգևել»