«Սասնա ծռեր» էպոսի մի պատումի շուրջ
Ընթերցողին եմ ներկայացնում «Սասնա ծռեր» էպոսի պատումներից մեկի՝ բոլոր հայտնի պատումներից միանգամայն տարբեր վերջաբանը, որ 1970 թ. տողերիս հեղինակը գրի է առել Թալինի շրջանի Ն. Բազմաբերդ գյուղի բնակիչ Մկրե Ումրոյանից: Մկրեն ծնվել է անցյալ դարի 80-ական թթ. Սասնա գավառի Ճախրկան (Մտրբան) գյուղում և մանկուց բազմաթիվ զրույցներ է լսել Դավթի բերդի մասին: Էպոսի նրա պատումը, չհաշված մի քանի ոչ էական մանրամասներ, կրկնում է հանրահայտ պատումները, սակայն ունի միանգամայն տարբեր վերջաբան: Ըստ Մկրեի պատումի՝ Փոքր Մհերը ձիու հետ ոչ թե փակվում է Ագռավաքարում, այլ երկնքից իջած հրեշտակը նրան տանում է երկինք, և նա աստղ է դառնում, որը Քարվանկորուսն է, իսկ ձին վերադառնում է ծով: Եվ Մկրեն այդ աստղի հետ կապված մի ավանդազրույց է պատմում: Մի մեծահարուստ վաճառական մեծ քարավանով Հալեպից գալիս է Դիարբեքիր, ճանապարհին մութն ընկնում է, և քարավանը կանգ է առում գիշերելու: Գիշերվա ինչ-որ պահին վաճառականը արթնանում է և տեսնում է մի պայծառ աստղ, որն արդեն կիսել էր երկնակամարը: Կարծում է, թե դա Լուսաստղն է, և լուսադեմ է: Նա արթնացնում է քարավանապետին, և ճանապարհ են ընկնում: Գնում են, գնում, սակայն չի լուսանում: Մթնում ճանապարհը կորցնում են: Հանդիպում են ավազակախմբի, թալանվում է քարավանը, պահնորդներից շատերը զոհվում են ընդհարման ժամանակ, ցրվում են ուղտերն ու ջորիները: Եվ այդ օրվանից այս աստղը կոչուն են Քարվանկորուս՝ քարավան կորցնող: Իրականում այդ աստղը Մարս-Հրատ մոլորակն է: Ըստ այդ վերջաբանի՝ զուգահեռ կարելի է անցկացնել հունական Արեսի, հռոմեական Մարսի և հայկական Մհերի միջև: Փաստորեն, Փոքր Մհերը երկնքում հայոց ռազմի աստվածությունն է: Մհերը, համաձայն այս վերջաբանի, որպես մարդ՝ անմահ չէ, և իր հոր անեծքը չի գործում: Մկրեի պատումի վերջաբանը և՛ հետաքրքիր է, և՛ ուսանելի, և՛ տրամաբանական, և՛ սասնավարի:
Խաչիկ Սաֆարյան
(«Գիտություն» թերթ, 1996թ., թիվ 14)
(Նկարում՝ Արա Աբգարյանի «Փոքր Մհեր» գործն է)
Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջից