«Մեր այդ շահեկան զրույցն ընդհատվեց, սկսվեց կոնյակով, կենացներով ու թառի նվագով մի քեֆ». Սուրեն Քոչարյան
1963-ի այս ամառային սեսիային մի ամբողջ ամիս Մոսկվայում էի՝ Գրական ինստիտուտի հեռակա ուսանող (ուշացա՜ծ «ուսանողությունս», որ ինձ բարեսիրաբար առաջարկվեց, որպեսզի բարձրագույն ուսման մի դիպլոմ ունենամ վերջապես, համենայն դեպս): Սեսիան վերջացած, գնացքի տոմսս էլ գրպանումս, մի օր հետո արդեն ճամփա էի ելնելու դեպի Երեւան՝ վերադառնալու տուն եւ «Սովետական արվեստ» ամսագրում իմ աշխատանքին: Ու հանկարծ հեռագիր իմ շեֆ խմբագրապետ Բայանդուրից՝ անպայման Արամ Խաչատրյանից էլ խոսք վերցնեմ Սայաթ-Նովայի մասին…
Այո, Սայաթ-Նովայի հոբելյանական տարին է, ծննդյան 250-ամյակը: Մեր ամսագրի սեպտեմբերյան համարի կեսը նվիրվելու է այս հոբելյանին: Հեռագրով հայտնել էի Բայանդուրին, որ արդեն, ինչպես պատվիրել էր, խոսք վերցրել եմ Սուրեն Քոչարյանից, որին անձամբ գիտեի սակայն, ծանոթացել էի մեր իսկ խմբագրությունում: Եվ ահա՝ ոչ ավելի, ոչ պակաս, նույնինքն Արամ Խաչատրյանից էլ, որին բոլորովին ծանոթ չեմ, երկյուղալի է թվում նույնիսկ: Քոչարյանից անգամ խնդրելով, համոզելով կարողացել էի վերցնել, գրել էր անձամբ, հայերեն, խմբագրել էի, հետս տանելու էի Երեւան: Իսկ ինչպե՞ս մոտենամ Խաչատրյանին, ինչպե՞ս կընդունի, կամ… կընդունի՞ որ ինձ՝ իրեն անծանոթ մեկին: Գոնե մի ծանոթի հանձնարարականն ունենայի՝ բերանացի կամ գրավոր: Զանգահարեցի Քոչարյանին, նա էլ Խաչատրյանի հեռախոսի համարը միայն տվեց:
Ի դեպ, նախ հիշատակեմ, չմոռանալու համար, որ մի շատ ջերմ երեկո անցկացրի Սուրեն Քոչարյանի տանը Լազարյան ճեմարանի մոտ: Համով-հոտով, կոլորիտով մարդ է ասմունքի մեծ վարպետը, որ իր «մեկ դերասանի թատրոնն է» ստեղծել, ինքն էլ կազմել ու բեմից գունագեղ պատումով ներկայացնում է դասական երկերի իր հոյակապ «կոմպոզիցիաները» հայերեն կամ ռուսերեն՝ Հոմերոսից, Բոկաչչոյից, Շեքսպիրից մինչեւ Տոլստոյ, Աբովյան, Թումանյան եւ այլն: Առաջին իսկ օրը շատ հետաքրքրական զրույց ունեցանք իր առանձնասենյակում, որ գրքերով խեղդված մոսկովյան հին ու փոքր մի սենյակ էր: Ի միջի այլոց, երբ զրույցի բերումով հիշեցի Մոնտենի մի ասույթը, նա հանկարծ ոգեւորվեց ու ասաց, թե հիմա հենց այդ փիլիսոփային է ուսումնասիրում եւ մտադիր է գրել նրա մասին, ցույց տվեց Մոնտենի էսսեների ռուսերեն լիակատար ակադեմիական հրատարակության երկու խոշոր հատորները իր գրասեղանին: Ափսոս, հյուրեր եկան, ու մեր այդ շահեկան զրույցն ընդհատվեց, սկսվեց կոնյակով, կենացներով ու թառի նվագով մի քեֆ, որ տեւեց մինչեւ կեսգիշեր: Շատ սիրալիր, նա ինձ հրավիրեց հաճախ այցելել երեկոյան, քանի Մոսկվայում եմ, այդպես «նստենք ու մի կուշտ զրուցենք»: Երկու-երեք անգամ եւս եղա մոտը, բայց ամեն անգամ էլ այնպես էր պատահում, գալիս էին իր այդ երեւի մտերիմ հյուրերը, եւ մեր «կուշտ զրույցն» ընդհատվում ու «կուշտ քեֆի» էր վերածվում՝ իր շնորհիվ նույնքան համով-հոտով, իսկ ես ափսոսում էի. ավելի սիրում եմ հետաքրքրական զրույց, քան կերուխումով քեֆ: Իսկ նա, ինչքան տեսա, երեւի նույնքան սիրում է երկուսն էլ, զգացի, որ այդ հյուրերի հետ լինելն էլ իսկական վայելք է նրա համար, ինչպես հոգեշահ զրույցի իմացական «քեֆը»: Սիրեցի ոչ միայն Սուրեն Քոչարյան արվեստագետին, այլեւ Սուրեն Քոչարյան մարդուն՝ իր վարվեցողությամբ ջերմսիրտ ու անմիջական, ձայնը ճոխ, խոշոր զվարթ դեմքին հաստ ակնոցն էլ կարծես ժպտուն. մարդ, որ կերուխումով քեֆն անգամ մի տեսակ արվեստի վերածելու ձիրքով էլ է օժտված:
Կարպիս Սուրենյան
«Ազգ» օրաթերթ, 2006 թ.