«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա». այսօր Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակի օրն է (տեսանյութ)
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա: Մենք միշտ կսգանք, եթե չպայքարենք»:
Մովսես Գորգիսյան
Ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, «Անկախության Բանակ»-ի հիմնադիր, ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թ. Երևանում։
1984 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986-87 թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ էր և «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիրը։
1988 թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։
1989 թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է։ 1989 թվականից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։
1990 թ. հունվարի 18-ին, վիճակը կտրուկ սրվել էր Արարատի շրջանի՝ Նախիջևանին սահմանամերձ գոտում. ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։
Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավել մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են, սակայն մարտում ընկել է նաև ինքը։
Մովսես Գորգիսյանը թաղված է Ծիծեռնակաբերդում։ Նրան ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհվել է հետմահու (20.09.1996): Գորգիսյանը նաև պարգևատրվել է ՀՀ բարձրագույն Հայրենիքի շքանշանով: