«Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան». Անրի Վերնոյ
«Որքան խորանում եմ հուշերիս մեջ …», առաջին պատկերը, որ դրոշմել է իմ միանգամայն սովորական, մանկական հիշողությունը, դա ամեհի փոթորիկն է:
Մենք` մայրս, հայրս և իմ երկու մորաքույրը, բեռնանավի վրա ենք: Այդ փոթորիկից առաջ ոչինչ չեմ հիշում: Ալիքների շոչյունը նավակողերին, հոլովակների ճռինչը, նավի ամբողջ իրանի չարագուշակ ճռճռոցը ինձ նախանշաններ էին թվում, թե ուր որ է նավը ճեղքվելու է երկու մասին, մեզ գցելով ալիքների երախը:
Իմ երկու մորաքույը` Աննան ու Գայանեն, իրար կպած նստել էին անցուղու հատակին, ինձ պառկեցրել իրենց ծնկներին: Երբեմն-երբեմն գալիս էր հայրս, ինձ հանգստացնելու համար ձեռքը դնում ճակատիս, ապա նեղ անցուղու երկարությամբ պառկած մարմինների վրայից լոք տալով գնում իր խուցը: Այնտեղ` մահճակալի եզրին, պառկած էր սփրթնած մայրս, նա տանջվում էր մի ցավով, որ կոչվում է ծովային հիվանդություն:
Ես մի մորաքրոջս թևերից անցնում էի մյուսի թևերին, որպեսզի այտիս տեղը փոխվեր, և կես-քնած, կես-արթուն հանկարծ բացում էի աչքերս, մինչև որ, ծովի ալեկոծությունից թմրած, վերջապես քնեցի:
Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան: Երբ աչքերս բացեցի, նավն այլևս չէր շարժվում: Մեքենաների աղմուկը դադարել էր: Անցուղին ազատվել էր գիշերվա մարմիններից: Բաց լուսանցույցից երևում էր շքեղ ծիածանը` գույնզգույն գոտին պարզած փոթորկից հետո խաղաղված երկնքին: Ովքեր դեռ կարող էին մնալ ոտքի վրա, մռայլ կանգնել էին կամրջակին:
Մեր շուրջը փռվել էր հանդարտված ծովի ազդեցիկ լռությունը: Եկան երկու նավաստի` ձեռքներին մի տախտակ: Տախտակը հորիզոնական դիրքով դրեցին նավակողին, մի եզրը դեպի ծով, մյուսը` դեպի կամրջակ:
Հանկարծ բոլոր դեմքերը դարձան դիմացի խցիկի բացվող դռանը: Չորս մարդ բերեցին մարդկային մարմնի ձև ունեցող սպիտակ մի փաթեթ, դրեցին տախտակի վրա: Նավապետը (թեզանիքին ոսկե տրեզներ), երկու սպայի ուղեկցությամբ (որոնց տրեզները քիչ էին), իջավ կամրջակից: Մի զառամյալ հայ քահանա, երկար, սպիտակ մորուքով, սև, լայն սքեմով, խաչը ձեռքին` աղոթք կարդաց: Դա այն ժամանակներն էին, երբ Աստծո սպասավորները գերագույն պաշտոնյաների նման չէին հագնվում և հպորտ էին իրենց կոչումի տարբերությամբ: Մինչ պատանքի ոտքերից ծանրություն էին կապում, ներկաներից ոմանք սկսեցին երգել շատ գեղեցիկ ու տխուր ինչ-որ երգ: Մի մարդ լաց էր լինում:
Այնուհետև նավի շչակը երեք անգամ կատաղի ոռնաց, ամեն անգամ գոլորշի ժայթքելով երկինքն ի վեր: Նավաստիները տախտակը թեքեցին ծովի կողմը: Մորաքույրս իր լայն շալով ծածկեց դեմքս, և շալի սևության տակ ես լսեցի անկումի չոր ճողփյուն:
Ահա այսպես են «թաղում» մեռելներին երկարատև ծովագնացության ժամանակ:
Ես չգիտեմ, թե քանի օրուգիշեր տևեց տարագրության այս ճամփան:
Առավոտյան հայրս ինձ արթնացրեց շատ վաղ: Չնայած հոգնությունից այտերը փոս էին ընկել, և օրեր շարունակ չէր սափրվել, այւոնամենայնիվ դեմքը շողում էր:
— Ե՛կ, նայի՛ր, ՄԱՆՉՍ:
Անրի Վերնոյ «Մայրիկ»