Ռեկտորի արժանի թեկնածուի պահանջ
Արմեն Մազմանյանի մահից հետո, ինչպես հայտնի է, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել: Այժմ բուհի ղեկավարության և իշխանական կուլիսներում ամենահաճախ քննարկվող հարցը նոր ռեկտորի ընտրությունն է:
Այս փուլում արդեն պարզ դարձավ նաև, որ բուհում ֆինանսական արդյունավետ կառավարում չի իրականացվել և Թատերականն այժմ խոշոր վարկեր ու պարտքեր ունի:
Այս ընթացքում արդեն շրջանառվել են նաև ռեկտորի հնարավոր թեկնածուների անուններ: Ռեկտորի պաշտոնը, բնականաբար, դյութել է նաև ՀՀԿ-ական շրջանակներին, որտեղ հատուկ շեշտվել է, որ ռեկտորն իրենցից մեկը պետք է լինի: Իբրև իշխանական թեկնածու՝ առաջինը նշվում էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի անունը: Սակայն, որքանով մեզ հայտնի է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդ տարբերակին դեմ է: Թերևս հաջողվել է նրան համոզել, որ պարտքերի ու վարկերի բեռի տակ կքած բուհի կառավարումն ստանձնելը այնքան էլ մեծ առավելություն և հաջողություն չէ:
Hayeli.am-ի տեղեկություններով՝ ռեկտոր դառնալու ցանկություն ունեն նաև բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը և կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նախկինում շրջանառվում էին նաև հայտնի դերասան Արմեն Էլբակյանի ու Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի անունները: Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին տեղի ունեցած կառավարման խորհրդի նիստում ռեկտորի թեկնածուների անուններ չեն հնչեցվել:
Կառավարման խորհրդի անդամներն ու նորընտիր նախագահ Հասմիկ Պողոսյանը իրենց ելույթներում հիմնականում խոսել են բուհի զարգացման և առաջընթացի վերաբերյալ, նշել հեռանկարներն ու տեսլականները:Ելույթ է ունեցել նաև արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը, ով տևական ժամանակ հեռացել էր ինստիտուտից և միայն վերջերս է վերադարձել բուհ՝ հանգուցյալ ռեկտոր Արմեն Մազմանյանի խնդրանքով:
Մեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավը դեռևս որոնումների մեջ է և ռեկտորի պաշտոնի համար կոնկրետ թեկնածուի վրա կանգ չի առել: Կարծիքներ են հնչել անգամ, որ լավ կլիներ, եթե ռեկտորն այս անգամ ոչ թե բուհի ներսի, այլ դրսի կադր լիներ: Սակայն Թատերականում դրսից ղեկավար բերելու ավանդույթ չկա՝ այստեղ ռեկտորները միշտ ներսի կադրեր են եղել: Բայց հիմա կարծես թե հող է նախապատրաստվում այդ տարբերակի համար:
Հաշվի առնելով Հայաստանի մյուս բուհերի դառը փորձն ու առհասարակ վարչակարգի կադրային քաղաքականությունը՝ իշխանությունը փորձելու է գտնել հլու-հնազանդ, անդեմ, ենթարկվող, կամակատար ու իրենց համար քիչ խնդիրներ հարուցող թեկնածու:
Շրջանառվող անուններից ամենալուրջ ճանապարհ անցած, կայացած, նկարագիր և կազմակերպչական փորձ ունեցող թեկնածուները երկուսն են՝ Արմեն Էլբակյանն ու Ռուբեն Բաբայանը: Վերջինը հատկապես աչքի է ընկել մտավորականի բարձր կեցվածքով, լայն ու առողջ մտածողությամբ՝ չխուսափելով նաև անհրաժեշտ պահին իր կարծիքն արտահայտելուց: Բաբայանը նաև Թատերականի ներսի կադր է, թատրոնի երկարամյա ղեկավար:
Կկարողանա՞ արդյոք այս անգամ իշխանությունը վեր կանգնել հիերարխիկ մտածողությունից և կատարել ռեկտորի ճիշտ և արժանի ընտրություն: Գոնե Թատերականի պարագայում այս բացառությունը պե՛տք է արվի:
Դավիթ Մանուկյան