«Մի կնիկ փախցրի ամառանոցից». Դերենիկ Դեմիրճյանի նամակը` Վահան Թոթովենցին
1923 թ. 29 հոկտեմբերի, <Թիֆլիս>
Սիրելի Վահան,
Քեզ նամակ չգրելուս պատճառը այնքան էլ ծուլությունը չի եղել, որքան այն փոթորկալի հոգեկան վիճակը, որ ապրել եմ այս երեք ամիսը: Երբ պատահենք, մանրամասն կպատմեմ քեզ դա, միայն շատ կխնդրեի, որ մեջդ պահես և, երկրորդ, մի քիչ թափանցողությամբ նայես խնդրի վրա` խուսափելու համար այն, կոմիկ ասեմ, թե ինչ` տպավորությունից, որ կարող ես ինձնից ստանալ այս րոպեից: Ես էլ եմ ծիծաղում, բայց ոչինչ չեմ կարող անել: Այդ այդպես է: Մի կնիկ փախցրի ամառանոցից[1]: Սա է ամբողջը: Բայց ի՜նչ դժվարություններով և վտանգներով: Պատմությունը (մրցումը իմ և նրա ամուսնու մեջ) շարունակվում է, բայց գլխավորը արի, և հիմի երկրորդ շրջանն եմ ապրում` ձեռքումս պահելու: Կինը ռուս է, և ամուսինը` Բելի-Կլյուչի դպրոցների վարիչը, հույն, սարսափելի խանդոտ և բռնակալ արարածի մեկը:
Ամառս տեսա թե չէ կնոջը` միտքս փոխվեց. ասի, պիտի փախցնեմ: Ճիշտ է, մտադրությունս կատարեցի, բայց մանրամասնությունները այնքան տանջալից էին, և այդ կնոջը մարդու ձեռից դուրս քաշելը կապված էր այնպիսի անդիմադրելի խոչընդոտների հետ, որ գլուխս վտանգի մեջ էր միանգամայն. դա ոչինչ, անհնարին էր գործը գլուխ բերելը: Դրան հակառակ էին բոլորը`մեր Վարսենիկից սկսած մինչև ծանոթներս, կնոջ ամուսինը (բնականաբա՜ր), կնոջ քույրերը, հայրը, հարազատները և, ամեն բանից հետո … իմ նյութական նեղ վիճակս, երբ հարկ եղավ գիշերը ավտոմոբիլ վարձել, գնալ կնոջը փախցնելու` այստեղից Բելի-Կլյուչ ձգվող դժվար ճամփաներով: Շոֆերները գլխի ընկան, որ կարող է կրակոցների հարկ էլ լինել, հրաժարվեցին գալու: Ստիպված եմ եղել կնոջը փախցնելու հենց իր քրոջ միջոցով, որը ինձ հակառակ էր: Հիմի կինը այստեղ է, իր հինգ տարեկան երեխայի հետ, և ապրում է իր քույրերի մոտ: Չգիտեմ, կարիք կա քեզ էլ բացատրելու այն հոգեկան վիճակը, որ ապրում եմ հիմա: Ամուսինը գյուղից գաղտնի եկել է այստեղ և հետապնդում է մեզ. կնոջ հարազատները ստիպում են նրան գնալ Բաքու, հոր մոտ (որպեսզի ինձնից բաժանեն համոզելով և այլն), կինը չի գնում, բայց ծանրացած է քույրերի վրա: Ուրեմն` խնդիրը ես պիտի վճռեմ: Պարզապես դրամ է պետք, և իմ ներկայությունը այստեղ, մինչև կարգադրեմ գործը: Կինը դեռ օրինական ձևականություններ ունի ամուսնալուծության հարցում և զավակը ամուսնուց խլելու` դատի մեջ: Ես պիտի օգնեմ, այլապես ինչացո՞ւ էր իմ այսքան մեծ փոթորիկը, որ բարձրացրի` մի կնոջ սիրտը մտնելով և ընտանիքը քայքայելով: Բացի այդ, կապված ենք իրար հետ … Այս հոգեկան վիճակով ո՞ւր գնամ, ի՞նչպես գամ Երևան … Այս ընդհանուր ալեկոծումների ժամանակ հիվանդացավ Վարսենիկը և հիմա վատ կացության մեջ է, նրան բերել չեմ կարող, որովհետև նա էլ կապված է Վիգենի հետ[2], որին պիտի տամ այստեղի հետամնացների մանկապարտեզը: Երեխան սկսել է նոր-նոր բացվել, արդեն նկարում է, քիչ-քիչ խոսում է: Տունը քանդել և գալ, անմիտ բան է, իսկ երկու տուն ունենալ` դժվար է:
Ուրեմն` հասկանալի պիտի լինի, որ լինել Երևանում կարող եմ, բայց ապրել, գոնե այս ձմեռ, չեմ կարող: Թերևս, մինչև հունվոր հանգամանքները այնպես դասավորվեն, որ «կնոջս» հետ գամ մի քիչ երկար մնալու: Պետք է ասել, որ նա շատ կուզենար ամուսնուց հեռու մի տեղ քաշվել, դեմ չէ Երևանին էլ, բայց դեռ անկարող է գալ վերոհիշյալ պատճառներով:
Շտապ եմ գրում և կարևոր մտքեր բաց թողնում: Ամանակարևորըը` իմ այդտեղ չգալու պատճառը, այնքանով բացատրիր ուրիշների մոտ, որքան վերաբերում է Վիգենի և քրոջս արգելքներին, որ կա: Մնացածը չեն հասկանա, կարիք չկա, և մինչև անգամ գործս կփչացնի: Մնացածը չեն հասկանա, կարիք չկա, և մինչև անգամ գործս կփչացնի: Իհարկե, եթե մարդիկ մի քիչ նուրբ լինեն և մի րոպե մտածեն, որ գործ ունեն գրողի հետ, որի արտադրության գործիքը իր սիրտն է և այդ սիրտը չի կարելի պարտադրությունների հետ կապել, և որ նա այն ժամանակ է ստեղծում, երբ գալիս է նրա կապրիզը, և որ այդ կապրիզը ինքն էլ չգիտե, թե երբ և ինչպես է գալիս` ինձ չեն պարտադրի, որ Երևան գամ: Մեր մեջ ասենք` ի՞նչ է անում Երևան ճաշող և պետական սուբսիդիա ստացող գրող Մանվելյանը, կամ նույն վիճակի` Խնկոյանը[3]: Ավելի լավ չէ՞ր Թիֆլիսում «Քաջ -Նազար» (իրե´նց հավանած և ո´չ իմ) գրեին և տպեին Երևանում … Ես շատ լավ եմ հասկանում, որ իմ ներկայությունը, այսպես թե այնպես, կարևոր է, որպեսզի մեր մտավորական ուժերը մերձ ազդեցություններով, կենդանի խոսքով, փաստով լինեն մեր կուլտուրական օջախում` Երևանում: Բայց այդ այսպիսի կտրուկ և անիմաստ միջոցներով չի լինի: Մենք պիտի հնար ունենանք շարժական լինելու, ազատ լինելու` տեղափոխվելու: Իսկ երբ այնպիսի ներքին (բայց ստեղծագործողի համար խիստ կարևոր) դեպքեր են պատահում, նա պետք է կարողանա լինել ժամանակ առ ժամանակ այնտեղ, ուր նա կարիք ունի: Ասա խնդրեմ, այս հոգեկան հուզումներով ի՞նչ օգուտ Երևանին, եթե գամ ու ամբողջ օրը խելքս միտքս Թիֆլիս` ճաշեմ Երևանում և կատարեմ փաստը, որ ես Երևանում եմ: Իսկ իմ հոգին … Նա էլ պիտի գա՞, թե չէ: Այս մասին քեզ մանրամասն կգրեմ, բայց, ավելի լավ է, չեմ գրի, կպատահենք, կխոսենք: Բայց մի բան խնդրում եմ: Դա ինձ այս դրությունից հանելու հարցն է: Այստեղ ինձ մերժեցին դպրոցում դասեր տալը, ոչ մի կոպեկ չունեմ, և կյանիք մեջ առաջին անգամ կնոջ հարցի մեջ դրամը գալիս է իր ձայնը բարձրացնելու: Դրամը մի կո՜ղմ… ինքնասիրության հարց է կնոջս, քույրերի և ծնողի առջև, ու, որ գլխավորն է` ես ուղղակի պատասխանատու եմ իմ արածին դրամապես ևս … ահա՛ տրագեդիա:
Վահան ջան, մի բան արա, լոթիանա: «Պայքարին» իսկույն բաներ կղրկեմ: «Նազարն» սկսել են փորձել, թե ի՜նչ, տես, մեր ընկերներից կամ Մռավյանից ի՞նչ կարող ես պոկել և իսկույն հասցնել ինձ, իբրև ավանս, իբրև հոնորոր, իբրև … «մի Դերենիկ, մի ոսկի»: Պարզ է քեզ համար, որ առայժմ չեմ կարող գալ: Կնոջս կփախցնեն, կամ, ավելի ճիշտ, կինս ստիպված պիտի լինի գնալ հոր մոտ, Բաքու, նյութականի պատճառով: Իսկ այնտեղ ինչ կպատահի` աստված գիտե: Վերջապես` ես իմ պարտքը պիտի կատարեմ: Մինչև հունվար ես պիտի արտակարգ բաներով դրությունը պահեմ: Ահա՛ ճշմարտությունը, սիրելիս:
Սպասում եմ նամակիդ: Գաղտնիքս` սրբությա՛մբ: Կարոտալի համյրուրներս քեզ և Լուսիկին, մերոնցից բարև: Հրաչին[4] չասես առայժմ:
Քո` Դերենիկ
[1] Խոսքը Դեմիրճյանի երկրորդ կնոջ` Մարիա Միխայիլովնա Իվանովայի մասին է, որը ռուսաց լեզվի դասատու էր Թիֆլիսին մերձակա Բելի-Կլյուչ (այժմ Վրացական ՍՍՀ Թեթրի Ծղարո) ավանում: Դեպքի մասին հիշողություններ ունի նաև բանաստեղծուհի Հռ. Պողոսյանը: 1923 թ. ամռանը ամուսինը Հովհ. Պողոսյանը ղեկավարել է հայկական դպրոցների ուսուցիչների երկամսյա դասընթացները: Դեմիրճյանը հրավիրվել էր որպես արվեստի պատմության և գրականության դասատու: Այստեղ է, որ հանդիպել է Մարիայի հետ: Դասընթացներն ավարտելուց հետո ամիսներ անց, աշնանաը Թիֆլիսում Եղիշե Չարենցի հետ այցելել է Պողոսյանին և հայտնել իր որոշումը` Մարիային փախցնելու մասին: Բարեկամներն աշխատել են հետ կանգնեցնել այդ քայլից, բայց նա անդրդվելի է մնացել և ասել է. «Գնա՛նք, Եղիշ … Կտեսնես Վանյա, որ ես ու Եղիշը կփախցնենք նրան, անպայման կփախցնենք …»: Մի քանի օրից հետո Մարիան ինքն էր հայտնվել Դեմիրճյանի տանը:
[2] Հիվանդը գրողի ավագ քույրն է, որը խնամում էր ավագ որդուն` Վիգենին (1916-1980):
[3] Ակնարկում է գրող-դերասան Միքայլե Մանվելյանին և մանկագիր-առակագիր Աթաբեկ Խնկոյանին (1870-1951), որոնք արդեն տեղափոխվել էին Թիֆլիսից Երևան:
[4] Հրաչ- Հրաչ Շիրինյան- գրողի Սաթենիկ քրոջ ամուսինեը, որից սովորաբար գաղտիքներ չէր պահում, բայց այս անգամ Թոթովենցին զգուշացնում էր` «Հրաչին չասես առայժմ»: