«Արտիստ ու մտավորական էր բարձրագույն իմաստով». Մարտիրոս Սարյանը` հայազգի բեմանկարիչ Գեորգի Յակուլովի մասին
Յակուլովը արտիստ ու մտավորական էր բարձրագույն իմաստով: Մտքի լայն ընդգրկումով, տաղանդի ողջ զորությամբ ապրում էր պատմական թոհուբոհերով ալեկոծ իր ժամանակը: Ամեն ինչի մեջ հետաքրքրություն էր գտնում: Շփվում էր հանրության ամենատարբեր շրջանների մարդկանց հետ և բոլորի սիրելին էր: Պարադոքսալ անհատականություն էր. մի կողմից բոհեմային, միաժամանակ արիստոկրատ կյանքի, էսթետիկական վարք ու բարքի սիրահար, մյուս կողմից՝ այդ ամենի դեմ ելած հեղափոխական շարժման ու գաղափարների ամենաակտիվ պաշտպաններից և ստեղծագործողներից մեկը: Ընդհանուր առմամբ՝ առաջադեմ, ամեն տիպի ավանդապաշտության, քարացման ու ճահճացման թշնամի մի մարդ: Ատելով ատում էր պասսիվությունը, դադարը, բավարարվածությունը: Պաշտում էր հոգու, տեսակետների ազատությունը, բայց ոչ անարխիստաբար: Նա իր մեջ խտացնում էր հայի լավագույն գծերը: Փոթորկոտ, արտիստական տարերայնությամբ շարժուն նրա կյանքը ներքին մի տրամաբանություն ուներ, և Յակուլովի բարդ ու հակասական հատկանիշները մի զարմանալի ներդաշնակություն էին գտնում այդ տրամաբանության մեջ: Իսկ դա անընդհատ որոնման, ստեղծագործական հայտնագործությունների և նորի հաստատման տրամաբանությունն էր, որի լավագույն ապացույցը նրա հետաքրքիր ու խոր արվեստն է, կիրթ ու պրոֆեսիոնալ մի նկարչի զգացումների և էսթետիկական-փիլիսոփայական սկզբունքների կատարյալ մարմնացումը: Դա համամարդկային վեհ իդեալներով ներշնչված մարդու ստեղծագործական մաքառումների ու լիցքաթափման արդյունք է` հետաքրքիր մի երևույթ ոչ միայն հայ, այլև 20-րդ դարի համաշխարհային արվեստի ասպարեզում:
Մարտիրոս Սարյան «Արվեստի մասին»