Հանկարծամահ է եղել անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին, 58 տարեկան հասակում ԱՄՆ-ում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
/hy.wikipedia.org/ Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Սերջիու Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Յակոբ Դրուգմանի և Լեոնարդ Բերնսթայնի մոտ:
Արամ Ղարաբեկյանը եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983 թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991 թ: Աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ:
1999 թ. ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Խանչջոու քաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: 1988 թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989 թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007 թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: