Ծննդյան օրվա առիթով` Էդուարդ Արծրունյան սկիզբ …
Դեկտեմբերի 28-ը Էդուարդ Արծրունյանի ծննդյան օրն է:
Ձեզ ենք ներկայացնում Անահիտ Կորյունի «Էդուարդ Արծրունյան սկիզբ` Գյումրի … » հոդվածը:
2009 թվականի սեպտեմբերի 27-ը կիրակի է, ու առավոտյան ժամը իննին ես արդեն գեղանկարիչ Էդուարդ Արծրունյանի տանն եմ` այսօր մենք Գյումրի ենք մեկնելու` տեսնելու Վարպետի հայրական տունը, այցելելու այն վայրերը, որտեղ արվեստագետն իր մանկությունն է անցկացրել, որտեղ նրա հայրը` ջրաղացպան Սիմոնն է աշխատել, և, բնականաբար, հանդիպելու ենք նրա հարազատների հետ:
Էդուարդ Արծրունյանը երկար է սպասել այս ճամփորդությանը. գրեթե տասը տարի է, ինչ Լենինականում չէր եղել. ընդհանրապես, Վարպետն իր հիվանդության հինգ տարիների ընթացքում հազվադեպ է տանից դուրս եկել: Ու հիմա այս իրադարձությունը նյրա համար տոնակատարության է վերածվել: Մանկան նման հրճվում է երկնքի կապույտով ու ամպերի գունային փոխակերպումներով, ողջ հայացքով կլանում է սարերի լույսն ու ստվերը, այգիների կանաչն ու արդեն աշնան դեղինն ու կարմիրը, հերկած արտերի փառահեղ ցորենագույնն ու հողագույնը: Վարպետը կարողանում է հիանալ նույնիսկ ճանապարհի փշերով, որոնցով այնքան հարուստ է մեր երկիրը: Մեքենան կանգ է առնում Ուջանում` բեռնվելու աշնանային գունեղ մրգերով, Արծրունյանը աղբյուրի սառնորակ ջուր է խմում ու հանգիստ սրտով շարունակում ճանապարհը: Մեզ ուղեկցում է մի մեքենա ևս` մեզ հետ են վարպետի եղբայրները` Համբարձում և Լևոն Արծրունյանները` իրենց որդիներով ու թոռներով:
Գյումրին երգ ունի, Գյումրին վերք ունի,
Գյումրին նոր երգ ունի երգելու…
Գյումրի հասնելուն պես սկսում է երգել Վարպետը, իսկ ավտոճանապարհային ոստիկանությունը քաղաք մտնելուն պես կանգնեցնում է մեր մեքենան. մտածում ենք` ինչ է պատահել: «Բարի գալուստ Գյումրի քաղաք, հայրի՛կ ջան»,- ասում է ավտոտեսուչը: «Կտեսնեք, ինչըղ ընձի չեստ կուդան»,- սրամտում է 80-ամյա Վարպետը: Մեքենան ուղևորվում է Կրուպսկայայի փողոց` Էդուարդ Արծրունյանի հորեղբոր տուն, որտեղ անհամբեր նրան են սպասում հորեղբոր զավակներն ու թոռները:
Քիչ անց ուղևորվում ենք Թուրքի մայլա` այսօր արդեն Ֆրունզեի 195` այս հասցեում է գտնվում Էդուարդ Արծրունյանի հայրական տունը, որն ամբողջովին ձևափոխվել է, և միակ բանը, որ անփոփոխ է մնացել, հին պատուհանն է: Ես մտնում եմ Վարպետի մանկության բակը` մտովի պատկերացնելով, թե նա ինչպես է այստեղ վազվզել եղբայրների հետ: «Էրթանք հորս ջաղացների քով»,- ասում է նկարիչը: Մալի բազարի քովը գտնվող առաջին ջաղացի հետքն անգամ չկա, շուկան ևս գոյություն չունի, երկրորդ ջաղացը նույնպես պատմություն է դարձել: Մենք ուղևորվում ենք Ղարիբջանյան գյուղ, որտեղ ջաղացպան Սիմոնի կառուցած վերջին ջրաղացն էր գտնվում: Այստեղ էլ ջրաղացի միայն մի պատն է մնացել` ղարիբջյանյանցի 83-ամյա Սեդա Գևորգյանի որդին ստիպված էր ջրաղացի տեղը տուն կառուցել: Նա ասում է, որ գյուղի մեծերի պատմածով` ջաղացպան Սիմոնը շատ հարգված-սիրված մարդ է եղել իրենց գյուղում, ու հիշում է, որ նրա որդին (մատնացույց անելով Լևոնին) ամեն տարի իրենց գյուղ է այցելել ու, ինչպես մամիկն է ասում, ջաղացի պատերն է համբուրել: Մենք ջաղացի կիսաքանդ պատից, որպես մասունք, մի քար ենք վերցնում Վարպետի արվեստանոցի համար: Վերադառնալով Գյումրի` պտտվում ենք քաղաքի փողոցներով` անցնում ենք Մերկուրովի գեղարվեստի դպրոցի հսկայական շենքի կողքով, որտեղ ժամանակին սովորել է Արծրունյանը. ահա հանրահայտ Գորկու սադը, Ձիթողցոնց տունը: «Ինչըղ սիրուն է էս քաղաքը, իսկական շեդևր, բայց բդի տեր կանգնեն էս քաղաքին, թե չէ ձեռից կերթա»,- ասում է Արծրունյանը: Նորից Վարպետի հորեղբոր տանն ենք, մեզ են սպասում հսկա սեղանը գցած` իսկական գյումրեցուն վայել: Նկարչի տրամադրությունը բարձր է` նա նույնիսկ մի քանի բաժակ գինի է խմում` անտեսելով իր հիվանդությունը: Քիչ անց Արծրունյանները, գրկելով իրենց նախապապի` Վարպետի վրձնած դիմանկարը, լուսանկարվում են, որը տարիներ հետո արծրունյանական ընտանիքի պատմությունն է դառնալու:
Սեբաստիայից Արևելյան Հայաստան ուղևորվող Սիմոն Արծրունյանը որոշել էր հաստատվել մայրաքաղաք Երևանում: Նրա` ջրաղացպանի մասնագիտությունն այն ժամանակներում եկամտաբեր էր համարվում` կապրեր մայրաքաղաքում, շրջակա գյուղերում ջրաղացպանությամբ կզբաղվեր ու հետո էլ իր սեփական տունը կկառուցեր: Այդ մտքերով էր տարված, երբ հեռվում սկսում են տեսանելի դառնալ երկհարկանի և եռահարկ տուֆաշեն առանձնատների ուրվագծերը: «Երևի Երևան հասանք` ինչ գեղեցիկ քաղաք է»,- մտածում է ջրաղացպան Սիմոնը, հարևան վագոնի ուղևորն էլ հաստատում է նրա ասածը: Իրականում հասել էր Ալեքսանդրապոլ, որը Հայաստանի երկրորդ քաղաքն էր և ավելի ազդեցիկ նշանակություն ուներ այդ ժամանակահատվածում Հայաստանի կյանքում, քան Երևանը: Նա, հաստատվելով Ալեքպոլում, անցնում է աշխատանքի: Ջրաղացպան Սիմոնի գործերը լավ էին գնում այս փոքրիկ քաղաքում. նա կարճ ժամանակահատվածում սեր և հարգանք է ձեռք բերում շրջապատում: Արծրունյանների ընտանիքը վերջնականորեն հաստատվում է Թուրքի մայլում:
1930թ. Ամանորին երեք օր է մնացել, Լենինականի փողոցներում ձյուն ու սառույց է, սառնամանիք, փողոցում հատուկենտ մարդիկ են երևում: Թուրքի մայլում տներից անուշաբույր գաթայի բույրն է տարածվել: Արծրունյանների հարսը` Վիկտորյան, գաթայի հերթական գունդն էր գրտնակում, երբ երկունքի ցավերը բռնում են:
— Խաչեխաչ բարձիս վրա, շուրթան աղոթք բերնիս վրա,
Ոչ կվախնա սիրտս ու հոգիս, ոչ կխաբե սատանան զիս:
Դուռս եկողը քար կտրվի, երդիկս ելնողը ղաբարաշ ղայա,
Գավազանը դռանը կոց, փիլանը երդիկը ծածկոց:
Հանուն սրբուն հոր և սրբուն որդու և սրբուն հոգու: Ամեն
Փիրուզ տատն անընդհատ Արծրունիների տոհմական աղոթքն է կրկնում ու վրայից էլ ավելացնում` «Ողորմած, Տեր Աստված, թող հարսիս ծննդաբերությունը հաջող ընթանա»: Ջրաղացպան Սիմոնի երրորդ որդին` Էդուարդը, ծնվում է: Հինգ որդիներից երրորդը դեռևս մանուկ հասակից նպատակասլացություն և աշխատասիրություն է ցուցաբերում, հորը հաճախ է օգնում: Չերքեզի ձորում հերթական ջրաղացն էր կառուցվում, երբ մանուկ Էդիկը ձորում` բնության գրկում, նկարիչների է հանդիպում, որոնք իրենց նորակառույց ջրաղացն էին նկարում: Նրա տեսած առաջին նկարը հայրական ջրաղացն է պատկերում: Այդ օրվանից Արծրունյանների տան պատերը զանազան տեսարաններով են լցվում, ու երբ այլևս տեղ չի մնում, մայրը բռնում է փոքրիկ Էդիկի ձեռքից ու տանում նկարչական ստուդիա: Երեխային տանում-փակում են մի դատարկ սենյակում, որտեղ միայն թուղթ ու մատիտներ կային, սեղանին էլ` մրգեր: Տասնհինգ րոպե հետո Էդիկը դասարանից դուրս է վազում` զարմացնելով դասատուին: Վերջինս, նայելով փոքրիկի աշխատանքը, ոգևորված բացականչում է. «Էս երեխեն կարգին նկարիչ է դառնալու»: Նույն օրը Վիկտորյան որոշում է տղային նկարչական դպրոց ընդունել. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում Արծրունյանի նկարչության դասատուն ոչ ավել, ոչ պակաս հանրահայտ Հակոբ Անանիկյանն էր` այդ ժամանակ այնտեղ էին սովորում Օնիկ Մինասյանն ու Մինասը, Դեղձ Աշոտն ու Ռաֆայել Աթոյանը, Ալեքսանդր Գրիգորյանը: Նրանք բոլորն էլ ճանաչված նկարիչներ էին դառնալու: Գյումրին Արծրունյանի տաղանդի բացահայտման քաղաքն է, որը երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի և ավարտի հետ է նույնացվելու: Տասը տարեկան հասակում, չարաճճի տղաների դրդմամբ նա իր ձեռքին հավերժական ներկապնակ է դաջելու, որն իր ողջ կյանքի ուղեկիցն է դառնալու` իր գոյությամբ կանխորոշելու է նրա կյանքի հետագա ընթացքը: Լենինականը նկարչի ծննդավայրն է, հեքիաթ քաղաքն է, որտեղից հուշ մնացած պատկերները նկարներ են դառնալու: Պատանի Էդիկը լավ է նկարում, արագ է առաջադիմում և այնքան համարձակ է որոշումներ կայացնում, որ նախանձել կարելի էր: Նա մայրաքաղաք Երևանում ավելի շուտ է հայտնվում, քան իր հայրը: Եթե նա մայրաքաղաքում ապրում է 1944-46 թթ., ապա Արծրունյանների ընտանիքը Երևանում է հայտնվում 60-ականներին, երբ Էդուարդն արդեն Մոսկվայում է: Արծրունյանը, մեկուկես տարի սովորելով Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, կիսատ է թողնում ուսումը և ընկերոջ` Զուլում Գրիգորյանի հետ միասին փախչում Լենինգրադ: Սրանք Լենինականի հետ կապված հիշողություններն են, որ ժապավենի նման անցան Արծրունյանի աչքերի առաջ: Իրականում` Արծրունյանների հին տոհմական ժամացույցն ազդարարում է, որ ժամը հինգն է: Երևան վերադառնալու պահն է մոտենում, ամպրոպ ու կայծակ է զարկում, ու մենք մի կերպ մեքենա ենք նստում: Ողջ ճանապարհին անձրևում է: Վարպետը հիացած նայում է երկնքից թափվող անձրևին, թաց դաշտերին ու ծառերին` մտքում հազար ու մի գույներ ու գծեր քաշելով: Եղանակը նիրհի է տրամադրում` նկարչի որդին` Արտյոմը, Համբարձում հորեղբոր թոռ Արմանն ու ես քնում ենք, իսկ Վարպետը զարմանում է, թե ինչպես կարելի է քնել` շշմելու անձրև է գալիս:
Երևանում ենք, կրկին Վարպետի տուն եմ վերադառնում` նրա կնոջը` Նատալյային իմ տպավորությունները հայտնելու:
Գյումրիում մենք էլի ենք հայտնվելու` այս քաղաքն իր անտեսանելի թելերով անվերջ մեզ իր մոտ է կանչում: Մենք նորից այստեղ ենք` այս անգամ Վարպետի ցուցահանդեսի առիթով: Քսան տարի ընդմիջումից հետո Արծրունյանի նկարները նորից հայտնվում են հայրենի քաղաքում, բոլոր հարազատները, ծանոթները, ընկերները հավաքվել, եկել են «Ածանին» տեսնելու, իրենց ընկերոջը ողջունելու, Մշակույթի նախարարությունն էլ ուշացումով Արծրունյանին հայրենի կերպարվեստում ունեցած ավանդի համար ոսկե մեդալով է պարգևատրում` վեց տարի շարունակ նրան ոչ ոք չէր հիշել: Կարևորը` Արծրունյանը գոհ է Երևան վերադառնում: Բայց զգում եմ` Գյումրի էլի ենք վերադառնալու:
Անահիտ Կորյուն