«Նոր տարի էր, հայրս ինձ տարել էր հանդեսի». Սոս Սարգսյան
Հայրս ինձ տարել էր հանդեսի:
Երբեք ինձ երես չի տվել հայրս, երբեք: Մի անգամ, երբ պատերազ էր գնում, կռացավ, համբուրելու պես ինչ-որ բան արեց, — եղածն այդ էր: Կտրուկ ուղղվեց, ծանր բեռը թողեց ուսիս` չվախենաս, տղա …
Թե ինչու էի վախենալու, չգիտեմ: Կռիվ գնացողն ինքն էր …
Ենթադրում եմ, հույս ունեմ, որ շատ փոքր ժամանակ, ասենք` բարուրում, ինձ գրկած լինի, գոնե մի երկու անգամ` չնայած չեմ պատկերացնում, համենայն դեպս չեմ հիշում: Մի ձեռքիս մատների վրա կարող եմ թվել, թե երբ է իմ երեսին ժպտացել:
Ախր, համարյա համընդհանուր, համատարած կոլխոզացման ժամանակ եմ լույս աշխարհ եկել: Ես ուրեմն, հայնվել եմ, կոլխոզն եկել է, ես, չոքչոքից ոտի եմ կանգնել, հորս կուլակաթափ են արել, նրան բանտ են նստեցրել:
Հեչ, իսկի սիրելու ծնունդ չեմ եղել:
Ասում են, հորական տատս էլ` Մական, չի սիերլ ինձ: Չհասցրի մի քիչ մեծանամ, հարցնեմ, ախր ինչո՞ւ, այ պառավ: Մեռավ: Դեմքն էլ չեմ հիշում. ես ի՞նչ մեղք ունեմ:
«Էս ինչ քոռաբախտ լակոտ դուրս եկավ …» — իբր այսպես է ասել Մակա տատս: Ո՞վ գիտի …
Չեմ հիշում` հայրս ինձ իր հետ մի տեղ տարած լինի: Ասենք` լողալու կամ ձուկ բռնելու, ձուկ չէր բռնում: Եվ, ընդհանրապես, խաղեր էլ չէր խաղում: Ամբողջ թաղը նարդի էր խաղում, ինքը` ոչ: Հազարից մեկ շաշկի էր խաղում, երևի բանտում էր սովորել: Հազարից մեկ ուշ էր տուն գալիս: Մայրս ասում էր` Անլվանց տանը «կարտ» ա խաղում: Չեմ տեսել: Համ էլ չէր տանի հետը:
Բայց չէ, աշխատելիս աշխատանքի թունդ ընկեր էինք. գերան սղոցենք, քար կտրենք, ծառ ջրենք … Մի խոսքով, երկուսի գործ, ու մենք պինդ կապված, անբաժան ընկերներ էինք, չխոսկան:
Կամ էլ շատ առաջ, հիշում եմ, մի շոգ օր, մի մեծ փոս: Նայում եմ ցած. քլունգը ձեռքին կավ է քանդում: Շատ դեղին կավ էր: Ինքը փոսի խորքում, ուղղվում է, հասակով մեկ կանգնում, քրտինքն աչքերը կերել է, կավ ու քրտինքից երեսը չի երևում: Երկար ձեռքը պարզում է, իմ բերած կապոցը խլում:
— Փոսից հեռու կաց …
Պառկում եմ դուրս տված կավի կույտի վրա, ն այում եմ ցած, փոսի անկյունում
պպզել, խոշոր-խոշոր ուտում է: Հանկարծ տակնահան նայեց ինձ. գողի նման վախեցա՞ծ էր, թե ինչ: Չհասկացա: Ձեռքին վերջին կտոր հացն էր, վրան յուղ էր քսած, մի քիչ էլ շփոթվեց, տատանվեց, բայց յուղը հալվել էր, ծորաց դաստակին, հացի վերջին մեծ կտորը շտապով դրեց բերանը:
— Գնա տուն …
Գնալը` կգնամ,, բայց ի՞նչ ես նեղանում: Ասել են` հորդ հաց տար, բերել եմ,
ճամփին էլ չեմ կերել: Դու էլ, չգիտեմ, ո՞ր հիմնարկի սևագործ բանվորն ես, կավ ես քանդում, շոգից ես էլ եմ նեղվում, ես ի՞նչ մեղք ունեմ:
Սա` չեմ հիշում, նոր էր բանտից դուրս եկել, թե՞ նոր էին տանելու:
Հետո, շատ հետո (ծերացել էր) համարձակվեցի ասել.
— Բոլշևիկի տարի էր, դու էլ` խելքդ տեղը մարդ, էն ո՞ւր էիր քլունգն առել
ձեռքդ. մտնեիր դրանց շարքերը, մի բանի տեր դառնայիր` դու էլ, մենք էլ:
— Մերս որ մեռնում էր (այսինքն` իմ Մակա տատը), ասաց`Արտաշ, հազար
տարին մեկ սատանեք են գալիս աշխարհ, քեզ հեռու կպահես … Սրանք են … Սրանք ինչ էլ անեն, սատանի գործ ա:
Սոս Սարգսյան «Վարագույրից այն կողմ»