«Սա Թբիլիսիի ամենաետընկած Խարփուխի թաղն է, ուր ծնվել եմ ես». Օլգա Գուլազյան
Դեկտեմբերի 27-ը Օլգա Գուլազյանի ծննդյան օրն է:
Կարծես իրար պաշտպանելու համար, ցրտից դողահար, աշնան ճտերի պես, իրար են թառել կիսաքանդ, փոքրիկ, գորշ տնակները: Բոլորն էլ խարխուլ, հողե կտուրներով:
Ահա մեկը, որբացած թռչունի պես թևերը ցած թողած. Կուչ է եկել քարափի գլխին, բոլորից հեռու, տխուր, մեն-մենակ: Նրա ծռված պատշգամբի փտած ճաղերի վրա փռված են գույնզգույն լաթեր` աղքատի լվացքը անթիվ կարկատաններով: Փոքրիկ պատուհաններից, որոնց մեծ մասը ապակի չունի և թղթած է մանրավաճառի թղթե տոպրակներով, շատ քիչ լույս է թափանցում առանց այն էլ խղճուկ ու կիսախավար, խոնավ տան ներսը:
Երեկո է: Խարխուլ տնակների փոքրիկ պատուհաններից լամպի աղոտ լույսեր են երևում: Ահա մեկը մյուսի հետևից, պատուհանների վրա իջնում են մաշված, կարկատաններով լի միտկալի վարագույրները, որպեսզի դրսից հարևանների կողմից չդիտվի տան ներսի անց ու դարձը: Մութն ընկնելուն պես լռում է թաղը. ձմեռվա ցուրտ գիշերը իր հետ բերում է թախիծ, տխրություն:
Սա Թբիլիսիի ամենաետընկած Խարփուխի թաղն է, ուր ծնվել եմ ես, ուր ապրել, ուր անց եմ կացրել չարաճճի, խենթ ու խելառ մանկությունս:
Խարփուխի թաղը, դա Թբիլիսիի ամենաարհամարհված, խեղճ ու կրակ թաղերից մեկն էր: Կենտրոնից հեռու, ծայրամասում, քարափի վրա: Փոքրիկ, նեղ, ծուռումուռ փողոցներով—ի՞նչ եմ ասում, ոչ թե փողոց, այլ ինչ—որ անցքեր ու խոռոչներ, խորդուբորդ, մութ ու քարքարոտ փողոցն առանց անունի, տներն առանց համարի:
Պատահում էր, որ խարփուխցին իր հիվանդի համար բժիշկ էր ուզում տուն հրավիրել, բայց քաղաքի բժիշկներից շատ դժվարությամբ էին համաձայնվում գալ այդ թաղը: Նախ որ` կառքը չէր կարող անցնել այդ ծուռ ու նեղ փողոցներով, և հետո` այդ թաղում ապրում էր բացառապես չքավոր դասակարգը, որի միջոցները չէին ներում բժշկին կանոնավոր վարձատրելու: Պատահում էին, իհարկե, բացառություններ, երբ հույժ անհրաժեշտ էր լինում բժիշկ հրավիրել քաղաքից: ԱՅդ դեպքում բժիշկն այնքան բարի պիտի գտնվեր, որ համաձայնվեր կառքով գալ մինչև բաղնիսները, իսկ հետո ոտքով բարձրանալ ահագին ճանապարհ, նեղլիկ, քարքարոտ անցքերով:
Բարեբախտաբար, Խարփուխի թաղը, գտնվելով բարձրության վրա, առողջարար, մաքուր օդ ունի: Ամառները, երբ քաղաքում` Սոլոլակի կամ այլ կենտրոնական թաղերի ոչ հարուստ բնակիչները նեղվում էին շոգից, Խարփուխի թաղի բնակիչները զովանում էին այն մեղմիկ փչող զեփյուռից, որ ամեն երեկո անպակաս էր: Խարփուխցին արդեն շատ էլ չէր սիրում հաճախակի բժշկին դիմել, նախ, ինչպես ասացի, չքավորության պատճառով, և ապա շատ էլ մեծ հավատ չուներ դեպի բժիշկներն ու դեղերը: Մինչդեռ զանազան խաչերի ու սրբերի ուխտատեղիների համար այնքա՜ն ընտանիքներ ահագին պարտքերի տակ էին ընկնում, տնտեսապես քանդվում, հավատալով սրբերի զորությանն ավելի, քան բժշկի տված դեղերին ու խորհուրդներին: Մեր թաղի ամեն մի ընտանիք ուներ իր մշտական «զորավոր սուրբը», որին դիմում էր բոլոր տեսակ դժբախտությունների ու դժվար լուծելի հարցերի ժամանակ: Մարդ էր հիվանդանում, թե գողություն էր պատահում, աղջիկ էր մարդու տալիս, թե նամակ էր սպասում իր կորած որդուց, բոլոր դեպքերում էլ «զորավոր խաչի» օգնությանն էր դիմում:
Փալ բաց անողները, որոնք այնպե՜ս անողոքաբար ստում էին ու մոլորության մեջ գցում խեղճուկրակ, տգիտության մեջ խարխափող ժողովրդին, ահագին հարստություն էին դիզում:
Մեկին սուրբ Սարգսի ուխտատեղ էին ուղարկում, մյուսին սուրբ Գևորգի, Թելեթի, Ծինանուրի, նվիրաբերոլով նրանց մատաղներ` խաչեր, մետաքսի վարագույրներ, ջահեր, ոսկե մատանիներ և այլն: Եվ այդ բոլորը նվիրաբերում էր մեր թաղի թշվառ ու խեղճ ժողովուրդը, իր ու իր երեխաների բերանից վերջին պատառը կտրելով:
Օլգա Գուլազյան «Հուշեր»