«Խոսք Նոր տարվա առթիվ». Դերենիկ Դեմիրճյան
Սրտանց շնորհավորում եմ ձեր Նոր տարին[1] և ջերմագին ցանկանում եմ ձեզ հաջողություն այն մեծ գործերի մեջ, որով դուք զբաղված եք: Դուք զբաղված եք մեր Մեծ Հայրենիքի խաղաղ կյանքն ու աշխատանքը պաշտպանելով: ԶԽաղաղ կյանք ու աշխատանք է պահանջում մեր անպարտելի Կոմունիստական պարտիան, խաղաղ կյանք ու աշխատանք են պահանջում մեր հարազատ Սովետական կառավարությունը, մեր ժողովուրդը, դեմոկրատական երկրները, ողջ աշխարհի աշխատավորները, ազնիվ մարդիկ առհասարակ: Մեր կառավորությունը տիտանական ջանքեր է գործադրում խոսք հասկացնելու խաղաղության թշնամիներին: Մեր կառավարությունը նպաստեց, որ պատերազմը դադարի Կորեայում, Վիետնամում, այժմ գիշեր-ցերեկ հսկում է խաղաղությունը:
Սովետական կառավարության համար, ինչպես և բոլորիս համար, թանկ է յուրաքանչյուր աշխատավորի, յուրաքանչյուր զինվորի կյանքն ու արյունը: Մեր կառավարությունը կգնա մինչև վերջին, ամենավերջին հնարավորությունը` պաշտպանբելու, համոզելու, որ պատերազմ չլինի:
Սա վախի քաղաքականություն չէ: սովետական Հայրենիքի պատվի, ազատության և անկախության համար մղված բազմաթիվ ճակատամարտերում մեր բանակը, ժողովուրդը միշտ էլ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն և պատվով կատարել Մեծ Հոկտեմբերի նվաճումների պաշտպանի իրենց սրբազան պարտքը:
Ո՛չ մի զենքով, ո՛չ մի զորքով մեր սովետական ժողովրդին վախեցնել և ընկճել չի կարելի:
Մենք մեր թշնամիներին կասենք և կկրկնենք հազար անգամ. «չկռվենք, բանակցենք», կբերենք հազար ու մի արգումենտ, հիմնավորում, թե ինչո՞ւ չպետք է կռվել մեզ հետ: Բայց եթե ո՛չ մի բան, ո՛չ մի հնար, ո՛չ մի արգումենտ չօգնեց, և մեզ զոռով քաշեն կռվի մեջ, այն ժամանակ մենք ունենք մեր ամենավերջին արգումենտը` հիմնավորումը, համոզելու և հասկացնելու. դա մեր քաջարի Սովետական բանակն է: Դա մեր սովետական ժողովուրդն է: Եթե մեր ոչ մի խոսքը հասկանալի չի լինի, մենք կհասկացնենք ուրիշ կերպ:
Իմ հարազատներ, իմ սիրելի զավակներ, քաջարի բանակայիններ:
Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ լինեք մարտական ու քաղաքական ուսման գերազանցիկ: Բարեմաղթում եմ Նոր տարի` արդյունավոտ աշխատանքի տարի: Եվ իմացած եղեք, իմ սրտի սրտի սիրած զինվորներ, որ ես և բոլոր գրողներս ձեզ հետ ենք խաղաղ աշխատանքի մեջ և ձեզ հետ կլինենք, բոլորս, նաև ես, ուրիշ աշխատանքի մեջ …
Շնորհավոր Նոր տարի, մեր Հայրենիքի պարծանք, քաջարի բանակայիններ:
Դերենիկ Դեմիրճյան «Երկերի ժողովածու XIV»
[1] Կարմիրբանակայիններին ուղղված ողջույնի խոսքը տպագրվել է «Լենինյան դրոշ» զինվորական շաբաթաթերթում: Թիֆլիս, 1955, հունվարի 1, N 1, որտեղից և արտատպվում է: