«Նորից ինձ հետ». Աշոտ Ավդալյանի բանաստեղծություններից
Բանաստեղծ Աշոտ Ավդալյանը ծնվել է 1948 թ. հունվարի 2–ին: Բանաստեղծի նախնիները Մուշից գաղթելով՝ եկել–հաստատվել են Ջաջուռում։ Պապը՝ Համբարձում Ավդալյանը, քառասուն տարի շարունակ ղեկավարել է Ախուրյանի շրջանի կոլտնտեսությունը՝ իր ժառանգներին թողելով ընդամենը բարի անուն: 1965 -70 թթ. սովորում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: Որպես ինժեներ-կոնստրուկտոր աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում: 1976-77 թթ. եղել է հայրենի Ջաջուռ գյուղի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենը։ 1978 թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել հուշարձանների պահպանության կոմիտեի նախագծային գրասենյակում։ 1982-83-ին աշխատել է «Պիոներ կանչ» (այժմ` «Կանչ») թերթի խմբագրությունում: Ստեղծագործել սկսել է 1970 թ.՝ քսաներկու տարեկանում։ Չնայած տեխնիկական կրթությանը՝ շատ լավ ծանոթ էր ժողավրդական բանահյուսությանը, ոսկեդարյան պատմիչներին, միջնադարյան գրականությանը, հայ դասականներին, նաև ռուս և համաշխարհային գրականությանը: Աշոտ Ավդալյանը մահացել է 1985 թ. փետրվարի 9-ին՝ 37 տարեկանում։ Կյանքի վերջին րոպեներին բանաստեղծի դեմքը և, հատկապես, աչքերը զարամանալիորեն նմանվել էին Մինաս Ավետիսյանի՝ տարիներ առաջ վրձնած դիմանկարին:
ՆՈՐԻՑ ԻՆՁ ՀԵՏ… (Մաս 1)
Նորից ինձ հետ եմ,
քիչ օտարացած,
բայց և սևեռուն,
ինչպես երկինքը,
երբ աստղին ներսից ասում է՝ ելիր,
և հողեղեն է դարձնում ամպերին,
գետնից վերցնում քարի սարսափը
աշնան լրջության հետքերը` լեռից,
ստվերի համար վճարում է թանկ,
ծառն ամայության մեջ է խորովում,
ու անթարթ նայում արևի դարձին։
Այո, ես այսօր չունեմ պատկերը իմ նախորդների, այսօր լեռան մեջ փորված քարանձավն ինձ չի որոնում,
մթագնած հոգով շուրջս փնտրում եմ մենակյաց մի կին,
ու աչք չեմ թարթում, որ սիրտս երգով հովանավորվի։
Նորից ինձ հետ եմ։
Քեզ հետ` սիրելի Աշոտ Ավդալյան,
տաղտկալի բան է քայլել փողոցով,
նաել դաշտերին
ու սեր որոնել անզգուշորեն։
Այն հրեշտակն ես,
ում Աատված երբեք զործի չի դնում։
ՆՈՐԻՑ ԻՆՁ ՀԵՏ… (Մաս 2)
Կամ՝ օր, կամ՝ ոչինչ,
կամ՝ կյանք, կամ՝ ոչինչ,
և այդ պահն հիմա չորեքթաթ քայլում
ու հրաշքներ է աղերսում միայն։
Ես իմ բառերին հագցրել եմ մուգ,
հաստատել տվել թաքնվածի գին։
Նրանք կարող են ձեզ չմոտենալ,
ապրել իրենց մեջ կամ բառարանում,
վշտանալ օտար թռչունի մահով
կամ երկինք հանել փառքը մողեսի։
Եվ այդ բառերը
խաչագողի պես
ալելուայի փշրանքն են ծամում
կամ երկիր մտնում
չորս թե հինգ հարյուր տարի չապրելով։
Եվ այդ բառերը, որ Խորենացու բակից դուրս
եկան
ու Նարեկացու ցանկապատի տակ երկար կանգնեցին,
որ Շնորհալուց շարականվելով՝
փորձեցին գտնել իրենց արարչին,
հանկարծ ապրեցին զվարթ գոյութամբ՝
չսակարկելով ոչնչի մասին։
ՆՈՐԻՑ ԻՆՁ ՀԵՏ… (Մաս 3)
0, շատ ենք թմրում,
շուտ-շուտ ենք գտնում հոգնությունը մեր,
թվում է՝ օրը մեր մեջ մտնում է առանց երկունքի,
թվում է՝ չունենք զավակների հոսք
ու չունենք սրտի ողորմածություն։
Ու ամեն անգամ,
երբ ցավն է մտնում կաղապարի մեջ,
ու կրակները մեղրը քամում են կնոջ շուրթերին,
մենք հայտնվում ենք նրանց աչքերից
պատսպարվելով
կամ որոնելով հմայքը նրանց։
Մեզ շուռ ենք տալիս տասներկու անգամ,
ուզում ենք ցանել ոսկե միջինը,
որ հավերժության մասին խոսելիս ջուրը պղտորենք ու մնանք քաղցած,
ինչպես մարգարեն ժողովրդի մեջ։
Եվ մեզ կարող ենք դնել լույսի մեջ
ու պատսպարվել խավարիկ կյանքից։