«Լուսաշող իմ կին, մթան դյութանքով». Կարեն Առաքելյանի բանաստեղծություններից
Արձակագիր, բանաստեղծ և լրագրող Կարեն Առաքելյանը հանրապետական մամուլում տպագրվել է 13 տարեկանից: Հայաստանի և ՌԴ լրագրողների միության անդամ է:
Աշխատել է «Գրական թերթ»-ում, «Գարուն» ամսագրում և «Խորհրդային Հայաստան» թերթում, որպես Լոռու և Շիրակի տարածաշրջանների սեփական թղթակից:Առանձին պատմվածքներով և բանաստեղծական շարքերով հանդես է եկել հանրապետական և արտասահմանյան մշակութային հանդեսներում, լրագրերում. («Գարուն», Լիտերատուրնայա Արմենիա», «Համայնապատկեր», «Գրական թերթ» և այլն):
Թարգմանվել ու տպագրվել է ռուսերեն և անգլերեն լեզուներով:
2011 թ. լույս է տեսել նրա «Սիրո վարդեր» բանաստեղծությունների ժողովածուն:
2013 թվականին` «Ճակատագրի դուստրը» վեպը:
Լուսաշող իմ կին, մթան դյութանքով,
Բացվիր այգի պես, սիրո հրայրքի.
Հասուն ամառվա քո քնքշանքով,
Անձնատուր մնա կանչին վայելքի –
Լուսաշող իմ կին, մթան դյութանքով:
Շփոթահրաշ երանության պես,
Քո վարդաբույրը տարածիր վրաս,
Որ արբեցումի վայելքը ըմպես,
Որպես հասուն կին, ու կույս դեռահաս –
Շփոթահրաշ երանության պես:
Խենթացիր, նաև՝ ինձ խենթացրու,
Քո մթնաշղարշ լուսավոր շողում.
Ոչինչ մի ասա ու մի հարցրու՝
Ինչու՞ են այրող մատներդ դողում –
Խենթացիր, նաև՝ ինձ խենթացրու…
Սիրո գիշերն այս թող որ երկարի,
Ճակատի իմ գիր, ի վերուստ տրված.
Ներշնչանք մնա ձմռան օրերի,
Դարձիր Տիրուհիս՝ միակ ու սիրված –
Սիրո գիշերն այս թող որ երկարի:
Ու այս ամենը կրկնվի նորեն,
Եվ հաջորդ գիշեր, հաջորդ առավոտ,
Որ ամեն օրը բացվի խենթորեն,
Որ մթնշաղը բերի նոր կարոտ –
Ու այս ամենը կրկնվի նորեն…
Կարեն Առաքելյան