«Մի փոքրիկ ինքնակենսագրություն». Հրաչյա Բեյլերյան
Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը ծնվել էր 1952-ի մարտի 27-ին Վանաձորում: 1974-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1974-79թթ. աշխատել է Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև Վարդենուտ գյուղերի դպրոցներում’ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում, 1983-ից կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ էր:
1982թ. տպագրվել է նրա «Հարթավայրի սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն:
Բեյլերյանը մի շարք թարգմանությունների հեղինակ է: Թարգմանել է դարասկզբի ռուս դասական բանաստեղծների` Մանդելշտամի, Վոլոշինի, Ախմատովայի ստեղծագործություններից, նմուշներ ճապոնական պոեզիայից, ռուս արձակագիր Ա.Պլատոնովի երկերից:
1984-ից Հայաստանի Գրողների միության անդամ է:
1986թ. լույս է տեսել նրա «Մհերի դուռը», 2004թ.` «Վերջալույսը թռչուն» գրքերը:
ՄԻ ՓՈՔՐԻԿ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Թեև դեռ երազում, շողի հետ ես կռվում,
բայց մրսած է հոգիդ սրսուռ ձյունից:
Փոքր Մհերի պես հողի մեջ ես խրվում
քո հինավուրց արյան ծանրությունից:
Ծանրությունն արյան` հողագնդին կապող
մարմնիդ հանգրվանման առհավատչյա:
Կյա՞նք պիտի պարտակես թղթին այս տող առ տող,
ով Բեյլերյան պոետ Հայկի Հրաչյա:
Դե, հողեղեն եղիր, տար քո բեռը արյան,
Չիմացության նյութով այն ծանրացրու,
երկրաբնակ դարձրու այն, ինչ հավետ հարյավ,
լուսնալապտերի մեջ սնդիկ լցրու:
Երկմտանքի դիմաց երբեք մի վարանիր,
չկա գաղտաթաքույց շքահանդես:
Քո դեպի ներս հոսող արցունքներն անվանիր,
շրջանակիր բառիվ, հանիր ի տես:
Աչքերիդ մեջ մի քիչ աստղերի աղ ցանիր,
առարկաներ կերտիր տեսիլներից,
բոլոր անբառելի խոհերդ աքցանիր,
փորձդ փորձանք դարձրու, հետո նորից
հիշիր, որ երազում շողի հետ ես կռվել,
և մրսել է հոգիդ սրսուռ ձյունից,-
սակայն մնում է դեռ քեզ հողի մեջ խրվել
քո հինավուրց արյան ծանրությունից: