Կնոջ դերը հայոց պատմության մեջ
Կհիշես՞ այն օր։ Քեզի տասն անգամ ըսի‚ մա՛յրս‚ երբ մարդ կղրկես Փարիզ‚ Պոլիս կամ Ամերիկա անկախություն ուզելու՝ մի՛ թողուր, որ պատվիրակներդ կնիկնին հետերնին տանեն. մի՛ թողուր։ Չլսեցիր։ Ու հիմա կըսեմ‚ որ 1918 թվին տաճիկները քեզի այդքան նեղեցին‚ ու ցայսօր չես անկախացեր‚ ատ անկե է‚ որ Ահարոնյանը իր կնիկը Պոլիս տարավ‚ այսօր Փարիզ է տարեր ու վաղն ալ Պոսթոն պիտի տանի։
Կհիշեմ։ Անցյալ ամռան դաշնակ-բոլշևիկյան կռիվն էր. Ռուբեն փաշան իր կնիկը Երևանեն Մեղրի փախցուց իրիկուն՝ Երևանի վրա արշավեց առտուն։
Կարծես մենք կնիկ չունենայինք Երևան…
Չէ՛‚ մա՛յրս‚ կնկան դերը համաշխարհային անցուդարձին մեջ ժխտել անկարելի է. Կլեոպատրա թագուհիեն ասդին կինը կգործե։ Տուր ինձի գեղեցիկ աղջիկ մը ոչ կնության, ես Կարսը մաքրեմ թյուրքերեն։ Կինը չէ՞ր պատճառը‚ որ մինչև ողնուծուծը դաշնակցական Գառնիկ Շահինյանը ուրացավ իր հավատը ու բոլշևիկ դարձավ։
Ի՞նչ մեծ գործ է անկախություն ուզելը. — դաշնակ. ֆալա՛ն կամ ֆալանքյա՛ս‚ մեզի անկախություն տվեք։ Պրծավ գնաց։ Ատիկա ըսելու համար պետք է քսանվեց հոգի՞ երթան և քսանվեցն ալ կնիկնին հետերնի՞ն տանեն։ Ինչո՞ւ ջանըմ‚ ինչո՞ւ։ Եվ տեսեք ուզածներն ալ ինչպես կուզեն։ Կերթան Ֆրանսիո դուռը կզարնեն՝ թե մեզի անկախություն տուր։ Ֆրանսիա թե՝ ե՞րբ‚ — թե՝ դեռ մի շտապեք‚ նոր ենք եկեր։
-Ո՞ր օրվա համար պատրաստենք։ — Ձեզի կիմացունենք։ Ու կանանց հետ թևանցուկ պատվիրակներդ կերթան ճաշարան ուտելու‚ կաֆեն՝ խմելու‚ թատրոն՝ հուզվելու‚ սինեմա դիտելու‚ մուզեյ՝ հիանալու‚ էյֆելի աշտարակը՝ մաքուր օդ ծծելու ու պալատը՝ պառկելու։ Օ՜խ, պապամ, օ՜խ… Բայց չկարծես մոռացան անկախության հարցը, ո՛չ։ Ամիս մը ետք նորեն կերթան կառավարության դուռ՝ թա՛կ‚ թա՛կ։
-Ո՞վ է։
-Բաց։
Խոհարարը դուրս կելնե։
-Ֆրանսիան տու՞նն է։ Է, բայց քնած է, իրիկուն Անգլիո հետ մինչև կես գիշեր թուղթ կխաղար‚ կուզե՞ս արթնցնեմ։ — Չէ‚ չէ‚ թող անհանգիստ չըլլա‚ ամիսմե մը նորեն կուգանք։ -Ժամե մը արթննա պիտի… -Չէ‚ չէ‚ թող չարթննա… ամիսե մը կհանդիպենք իրեն։ Ու կերթան նույն ճամփով Փարիզ վայելելու‚ առանց վայրկյան մը իսկ մտածելու‚ թե ինչ վիճակ կապրեր իրեն ղրկող մայր Հայաստանը։
Քեզի կհարցնեմ, մա՛յրս‚ այսպես կըլլա՞ր, եթե պատվիրակները երկրին մեջ թողած ըլլային իրենց սիրած կինը ու այդ սիրած կինն ալ ծնած ըլլար իրեն սիրասուն մանկիկ մը … Աո՜ւ, աո՜ւ։ Ո՛չ‚ ամենևին։ Ան ատեն պատվիրակդ կերթար ճեպընթացով‚ հանրակառքին պատուհանը չէր բանա ու չէր հիանա ոչ Վոսփորի գեղածիծաղ ափերով‚ ոչ Ելիսեյան դաշտով‚ ոչ ալ օվկիանի մեղմիկ զեփյուռով։ Ուղղակի Փարիզ հասնելով, երկու ոտք մեկ կոշիկին մեջ սեղմած կկենար Ֆրանսիո դռան.- թա՛կ‚ թա՛կ։ Չի լսվիր։ -Թա՛կ‚ թա՛կ‚ թա՛կ։ Ծառան դուրս կելլե։ -Ո՞վ ես‚ ի՞նչ կուզես։ -Հայաստանն եմ‚ անկախություն կուզեմ‚ շո՛ւտ, շո՛ւտ։ -Աղաս շաբաթե մը ի վեր Անգլիո հետ ձուկ բռնելու էր գացեր‚ նոր եկավ ու պառկեց. ամիսե մը հազիվ ելնե։- Ամա՜ն‚ մոնսիո՛ռ‚ — ոտքդ պագնեմ‚ ամիս մը չէ՝ ժամ մըն իսկ չեմ կրնար համբերել. — պիտի ըսե՝ տղաս օրորոցին մեջ կկանչե, տաճիկները կառաջանան, եթե ես հորթին գլուխը չբռնեմ, կինս մինակ կով կթել չի կրնար… մոնսիո՛ռ‚ արթնացուր կես վայրկյանով‚ ըսե աչքդ բաց Հայաստանին անկախություն տուր ու գոցե։ -Քունը գլուխ տված անկախությունն ի՞նչ պիտի ըլլա։ -Կբավե‚ ջանըմ‚ կբավե‚ երազին մեջ տված անկախությունն ալ Հայաստնին շատ է։ Թշվառականը կռվե՞ց որ։ Ով եկավ՝ փախավ… դե՛‚ դե՛‚ շուտ։ -Դժբախտաբար չեմ կրնար‚ արտոնված չեմ խանգարելու։ -Լա՛վ‚ ան ատեն ես կերթամ‚ ըսե թող անկախությունն ետևես ղրկե։ Այո՞։ — Այո։ Ու իրիկուն դարձյալ իր տունը կդառնա‚ յուրայիններուն հետ ապրելու և մեռնելու։
Ասանկ ըլլալու է‚ յա՞։
Մա՛յրս‚ շատ հեռու չերթանք‚ օրինակս քեզ վրա բերեմ. դուն որ պզտիկդ օրորոց դնելեն ետքը դրացուդ բակը ժամանցի կերթաս‚ ժամու մը մեջ երկու անգամ տանդ դուռը չե՞ս բանար գիտնալու‚ թե երեխադ կուլա՞‚ շուռ չի՞ եկեր‚ կատուն չի՞ նստեր սրտին‚ կամ վերջապես տղադ տակը չի՞ կեղտոտեր։ Կընես չէ՞։ Ուրեմն ատ պատվիրակներդ ի՞նչ մարդիկ են‚ որ սա չորս տարի Փարիզ նստեր ու անգամ մըն ալ իսկ դուռը չբացին վրադ նայելու։ Մինչդեռ այդ չորս տարվա մեջ Հայաստանը օրորեցեն ալ գլորվեց‚ տաճիկը անոր կոկորդին ալ նստեց ու տակն ալ կեղտոտեց։
Խե՜ղճ Հայաստան‚ դուն ալ կկարծես‚ թե Ահարոնյանը հոն դատդ կպաշտպանե… խելքի եկուր։ Երեք նամակ ունիմ բռնած իր աներ, հայկական դատի պրոֆեսիոնալ պաշտպան Միք. Վարդանյանեն՝ ուր կգրե փեսա Ահարոնյանին. «Փեսա‚ առ աղջիկս՝ Եվրոպա եկուր‚ հոս աղեկ եմ‚ ազգին վրա գործ կընեմ…»։ Պատասխան ունիմ բռնած՝ ուր կըսե… «Անե՛ր‚ վաղուց կուզեմ գալ‚ բայց ճամփու ծախս չունիմ‚ կարծեմ Հայաստանը անկախություն ուզելու միտք ունի‚ եթե եղավ, պատվիրակ կընտրվիմ, կուգամ։ Կուգամ մեկ կողմե կուլանք անկախություն կուզենք‚ մյուս կողմե կխնդանք, ամսական կուզենք…»։
Ղրկե‚ ղրկե ետ կանչե պատվիրակներդ‚ մա՛յրս‚ քանի չեն ծներ հոն։ Ծնված պատվիրակին տղան ի ծնե պատվիրակ կըլլա և մինչև կյանքիդ, վերջը քո դատը կուլա գլխուդ։
1921թ.
Լեռ Կամսար