«Մարդ, որ արծիվների ցեղից է ». Էդուարդ Մեժելայտիսը` Վահագն Դավթյանի մասին
…Ամեն տեսակ արծիվ տեսել էի, բայց սպիտակ՝ ոչ:
Առաջին անգամ Հայաստանում տեսա: Անսովոր թռչուն:
Ասես սպիտակ, մաքուր, ոչնչով չաղարտված հոգի էր, որ լայն թևերը բացած, վերացել էր երկինք: Հաղպատում` Սայաթ- Նովայի նախկին բանտի վրա թևածող արծիվներն ինձ վրա հսկայական տպավորություն գործեցին: Բայց ամենից շատ ինձ զարմացրեց նրանց աչքերի արտահայտությունը: Արծիվը շատ մոտիկից թռավ, և ես հասցրեցի տեսնել նրա հայացքը՝ խիզախ, ամուր, ասես պողպատյա, կեռ կտուցը, սպիտակ թևերի հպարտ, լայն բախումները: Ես նույնիսկ ցնցվեցի: Ինձ թվաց, թե ինչ-որ մի տեղ արդեն տեսել եմ դա: Ես անմիջապես հիշեցի Վահագն Դավթյանին: Նրա դեմքը: Նրա աչքերը: Իսկական լեռնային արծիվ: Իր բանաստեղծություններից մեկում նա խոստովանում է, որ իր սիրելի զբաղմունքն է. «Բարձրանալ կատար… ու կանգնել արծվի հարևանությամբ»: Մարդ, որ արծիվների ցեղից է:
…Ես սիրում եմ Վահագն Դավթյանի պոեզիան, որը իսկապես «մաքրում է արյունը», մարդկային երակների մեջ արևի լույս է ներարկում, մարդուն դարձնում ավելի լավ, ավելի ազնիվ, հանում մինչև Արարատի բարձունքները:
Էդուարդ Մեժելայտիսը. «Պոեզիա, որ մաքրում է արյունը» Վահագն Դավթյանի մասին գրախոսությունից հատված