Ձմեռային սոնետ
Ու՞մ էր հիշում հեռացող տերևների վերջին չուն,
Այն ամենը, ինչ որ կար, քամին քշեց ու տարավ.
Ու երամից ետ ընկած, ու մոլորված մի թռչուն,
Իր էգին էր դեռ փնտրում, որը չվել էր հարավ…
Ծառ ու ծաղիկ քուն մտան… Եղյամ իջավ դաշտերին:
Քամին ձյունի տեղ մաքրեց, ստվերները խտացան…
Ու մենավոր թռչունի հոգնա՜ծ, տխուր թևերին,
Սառցակամար եթերի աստղիկները ձյուն դարձան:
Փաթի՜լ-փաթի՜լ իջան ցած, թեթևասա՜հ, համրաձա՜յն,
Ու դողացին ցրտահար, մերկ ճյուղերը ծառերի.
Այգին՝ աստղ չմնաց ու ամբողջը փոխվեց ձյան –
Եվ ցրտահար մի ճյուղի, ինչպես սառած տերևի,
Մեռած թռչնի աչքերում, որպես վերջին կանչի ձայն,
Սառցե արևը դարձավ սիրո բեկված հայելի…
Կարեն Առաքելյան