Գյումրին Ռաֆայել Աթոյանի կտավներում
Ռաֆայել Աթոյանը 60-ականների վառ ներկայացուցիչներից է: Ապրել եւ ստեղծագործել է այնպիսի արվեստագետների կողքին, ինչպիսիք են Մինասը, Հակոբ Հակոբյանը, Էլիբեկյան եղբայրները, Մարտին Պետրոսյանը, Էդուարդ Խարազյանը, Արա Շիրազը եւ ուրիշներ: Ինչպես այդ ժամանակների բոլոր արվեստագետները, Ռաֆայել Աթոյանը եւս առանձնանում է իր ուրույն ձեռագրով ու մտածողությամբ: Եվ թերեւս այդ առանձնահատկությունը նրա յուրօրինակ սերն է իր հայրենի բնօրրանի, քաղաքի, յուրօրինակ վերաբերմունքն իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ, որը լիարժեքորեն արտահայտվել է նրա ստեղծագործություններում:
Գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931 թ. Լենինականում, 1944-46թթ սովորել է հայրենի քաղաքի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, այնուհետեւ Երեւանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում եւ գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1960 թ. նկարիչների միության անդամ է: Հանդես է եկել բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում եւ այլուր: Նրա կտավներում գույները հուշիկ զրուցում են միմյանց հետ, պատմում, թե որքան հրապուրիչ կարող է լինել ամենօրյա աշխատանքն ու առօրյա կյանքն իր անդորրավետությամբ ու բանաստեղծականությամբ: Այդ ամենը տեսնել է պետք, իսկ գեղանկարիչ Ռաֆայել Աթոյանը ոչ միայն տեսել , այլեւ վրձնել է այդ ամենը:
Թերեւս նկարչի ամենամեծ առավելությունն անհատին բնությանը, իր միջավայրին ներդաշնակելու ցանկությունն է: Ու Ռաֆայել Աթոյանը հրաշալիորեն իրագործել է իր ցանկությունը բազմաթիվ բնանկարներում, կոմպոզիցիաներում, նատյուրմորտներում, ինչպես նաեւ փոքրաթիվ, սակայն հրաշալի դիմանկարներում: Մեր օրերում դժվար է իրատես նկարիչ լինելը, շատ քիչ է իրական աշխարհն ու մեզ շրջապատող աշխարհը կտավին փոխանցելը: Ժամանակն այլ պահանջ ունի, սակայն բոլոր ժամանակներում էլ արվեստի իրական արժեքներ ստեղծելու համար թերեւս անկեղծություն, բնականություն ու ազնվություն է անհրաժեշտ, որոնցով առատորեն շաղախված են Ռաֆայել Աթոյանի կտավները: Նկարչից պահանջվում է նաեւ սիրել այն ամենը, ինչ նկարում է: Կասկած անգամ չկա, որ Աթոյանը նկարել է այն ամենը, ինչ սիրում է: « Որքան որ ինձ հիշում եմ ` հատկապես մանկությունս, ամեն ինչ առնչվում է ինձ շրջապատող բնության հետ, այն տան ու գյուղի հետ, որտեղ ապրել եմ: Տղամարդիկ, կանայք, ծերունիներն ու երեխաները, կենդանիները, ծառերը` բոլորը նույն օդն են շնչում եւ միավորված են տիեզերական անքակտելի շղթայով: Եվ այդ շղթայում հակասություններ, վախեր չկան, այն կայուն է, հավերժական: Այսպիսին է իմ աշխարհայացքը, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախ կյանքն անտանելի է դառնում, ինչպես պատերազմի տարիներին էր: Այդ է պատճառը, որ ողջ իմ ստեղծագործական կյանքում աշխատել եմ մարդու եւ բնության միջեւ գոյություն ունեցող ներդաշնակությունը կտավին փոխանցել», ասում է նկարիչը:
Գյումրիում առավոտյան օդը պաղ է ու թափանցիկ, ինչպես Ռաֆայել Աթոյանի կտավներում: Կանայք մրցավազքի մեջ են, թե ով ամենից շուտ իր բակն ու դուռը կջրջկնի ու ավել կանի` մաքրասիրության, թերեւս ավելի շատ արժանապատվության հարց է: Այդպես է հենց «Գյումրվա առավոտը» կտավում: Դուք երբեւէ՞ համտեսել եք այդ քաղաքում պատրաստված էրիշտան, իսկ ներկա եղե՞լ եք, թե ինչպես է պատրաստվում: Ահա այդ մասին է պատմում «Էրիշտա» կոչվող նկարը, որն, անկասկած, Գյումրվա տեսարան է: Ռաֆայել Աթոյանը «Փողոց Գյումրիում» վերնագրով բազմաթիվ կտավներ է վրձնել: Արվեստագետը հոգու խորքում հասկացել է, որ իր օրերի Գյումրվա տեսարանները վաղն արդեն հուշ են դառնալու` իսկապես, այսօր արդեն ֆայտոններ չես տեսնի քաղաքի փողոցներում, գրեթե չես հանդիպի կիրակնօրյա պատարագի շտապող գյումրեցի զույգերի: Ըստ երեւույթին, ժամանակներն ու պահանջներն են փոխվել, սակայն նկարչի ցանկությունն է, գոնե իր կտավներում Գյումրին ունենա այն կոլորիտը, համն ու հոտը, ինչպես հին ու բարի ժամանակներում: Ռաֆայել Աթոյանը հավատացյալ քրիստոնյա է: Նա Աստծո ներկայությունն ու իր աղոթքը դեպ Աստված կտավների եկեղեցիներով է արտահայտում: Դրանք ոչ միայն հայրենի քաղաքի հայտնի Յոթ վերք եկեղեցին է, այլեւ Հայաստանի նշանավոր եկեղեցական համալիրները` Մարմաշեն, Կարմրավոր, Սաղմոսավանք:
Արդեն 15 տարի է, ինչ Ռաֆայել Աթոյանը Ֆրեզնոյում է ապրում: Տարիների հեռվից նկարիչը չի կորցրել հայրենի քաղաքը զգալու ունակությունը: Նա միաժամանակ Ֆրեզնոյի սուրբ Նշան եկեղեցին է նկարում եւ հայրենի Գյումրվա հուշ-պատկերները: Ռաֆայել Աթոյանն իր կարոտն է նկարում:
Անահիտ Կորյուն