Նախկին ազգասերի գաղտնիքը
Ձեզանից շատերը չգիտեն, թե վիպասանները երբեմն ինչ տարօրինակ նախապաշարումներ են ունենում: Մարդկային սրտի խորքը թափանցելու անժույժ ցանկությունը շատ անգամ նրանց մոլորության ծայրն է տանում:
Բայց արի տես, որ նրանցից ոչ ոք չէ խոստովանում այդ: Այս մասին ես հաճախ վիճել եմ իմ լավ բարեկամ և, միևնույն ժամանակ, երդվյալ վիպասան պարոն Սեղբոսյանի հետ, բայց և այնպես, չեմ կարողացել համոզել նրան:
-Մենք հոգեբաններս (նա միշտ այդ անունն է տալիս իրան), սխալվել չենք կարող, — ասում է նա, — որովհետև երկնքից տված է մեզ շնորհ՝ գուշակելու այն ամենը, ինչ որ կատարվում է մարդկային սրտի ծածուկ խորշերում: Մի քաղցր ժպիտ, մի կրակոտ հայացք, մի թույլ դիմախաղ, և գաղտնիքների վարագույրը բացված է մեր առաջ, թող ոչ ոք չփորձե մեզ խաբել կամ մեր հայացքը մոլորեցնել: Մենք գիտենք թե ով է երջանիկ և որի սրտումն է դարանում դժոխքը…
Այս համոզմունքն ունենալով յուր մասին, պ. Սեղբոսյանը շատ անգամ տարօրինակ եզրակացություններ է հանում ամենապարզ իրողություններից: Այսպես օրինակ, եթե պատահում է մի տիկնոջ, որ տխուր և մտախոհ գնում է յուր ճանապարհով, նա իսկույն կանգ է առնում փողոցի մեջ և ցուցամատը դնում ճակատին:
— Այս կինը վիշտ ունի… այո՛, ծանր և, գուցե, անբուժելի վիշտ: Նրա մասին մենք պարտավոր ենք մտածել և գրել…:
Այս ասելով պ. Սեղբոսյանը կամաց-կամաց հետևում է տիկնոջը հուսալով թե շուտով նրա դեմքի վրա պիտի կարողանա կարդալ երևակայած վիշտը և հյուսել նրանից մի գորովաշարժ «պատկեր»:
Բայց տիկինը, որ հասարակ մահկանացուներից մինն է լինում, հասնում է տուն սովորական կարգով ու քայլերով, դեմքի միատեսակ արտահայտությամբ և առանց հետաքրքրվելու պ. Սեղբոսյանի անձնավորությամբ, մտնում է ներս և դուռը փակում:
Վիպասանը չկարողանալով «վիպական» մի գյուտ անել տիկնոջ «տխուր» դեմքի վրա, համոզվում է, որ նա անշուշտ պատկանում է հասարակ դասակարգին և ուրեմն զուրկ է վիպական վիշտ ունենալու առավելությունից: Այս պատճառով զղջալով, որ տիկնոջ նկատմամբ քնքուշ զգացմունքներ է տածել՝ վերադառնում է յուր տեղը՝ առանց այլևս նրա մասինմտածելու:
Պատահում է երբեմն, որ նա հանդիպում է մի արբեցողի. Բաքոսի երկրպագուն փող է խնդրում իրանից մի բաժակ «կենաց ջուր»վայելելու համար:
Վիպասանը փոխանակ պապակող բերանին կենարար արբեցումն մատուցանելու, դարձյալ մատը դնում է ճակատին.
— Օ՛, վիշտը, դառը և ողբերգական վիշտն է այն մարդուն մղել դեպի արբեցություն… և այդ վիշտը, հարկավ, կապ է ունեցել միդժբախտ սիրո, կամ անդարձ կորած մի երջանկության հետ… մտածում է նա և ապա նրբազնին հոգեբանին վայել կարեկցությամբ մոտենում արբեցողին:
(Բարեկամ, ո՞րքան ժամանակ է, որ դժբախտ ես դու, — հարցնում է նա:
— Դժբա՞խտ… ով ասաց քեզ, թե դժբախտ եմ ես, — բացականչում է արբեցողը զարմացած:
— Ե՞ս:
— Իսկ դու ո՞րտեղից գիտես:
( Այնտեղից, որ ահա տեսնում եմ քեզ արբած:
( Հա՛, հա՛, հա՛, մի՞թե ուրեմն արբելը դժբախտություն է, — հարցնում է խոսակիցը ծիծաղելով…
— Անշուշտ:
— Իսկ դու չե՞ս արբում:
— Երբ եք:
— Օ՛, որքա՛ն թշվառ ես: Կնշանակե կյանքիդ մեջ բնավ երջանիկ ժամեր չես վայելում…
— Դու ուրեմն երջանի՞կ ես զգում քեզ. — հարցնում է վիպասանը խորամանկությամբ, և, իբր թե, թափանցելով որոնած գաղտնիքների մեջ:
Անշուշտ, երբ հոգնում եմ սովորական կյանքից, կամ ձանձրանում քեզ նման մարդկանց զրույցներից, ես դիմում եմ իսկույն գինետուն: Բարերար թագավորի մեզ տված ազատության շնորհիվ՝ դեռ գինետունը չհասած՝ ես գոռում եմ փողոցից.
— Է՛յ, բարեկամ. լցրու բաժակն անմահական ջրով. այսօր պիտի խմեմ բոլոր հիմարների կենացը… Եվ ես տեսնում եմ թե ինչպես խնամքով բացվում է տակառի ծորա կը, ի նչ անուշ ձայնով, մաքուր փրփուրով, և պղպջալով լցվում է բաժակը… Ես մոտենում եմ տակառին ջերմեռանդությամբ. ձեռքս եմ առնում օղին… Ոչ երկնային ցողը և բացականչում. «Ո՛վ հիմարներ, դուք, առանց որոնց կյանքը չունի ոչ մի հրապույր, առանց որոնց իմաստունը չի կարող յուր արժեքը չափել, ապրեցեք աշխարհում այնքան, մինչև որ հավասարությունը տիրե երկրի վրա, այսինքն, մինչև որ իմաստունները համոզվեն թե՝ ոչնչով ավելի չեն իրանց հիմար եղբայրներից… Եվ ես բարեկամ, խմում եմ այդ ժամանակ ձեր թանկագին կենացը»:
Պ. Սեղբոսյանը անհանգիստ շարժումն է անում և, մինչև անգամ, շառագունում:
Բայց ինչ երջանկություն ես զգում դու այդ կենաց բաժակը դատարկելով, — հարցնում է նա, սակայն, փիլիսոփա արբեցողին:
— Այն, որ մի քանի այդպիսի կենացներ դատարկելուց ետ՝ գտնում եմ ինձ հավասար ոչ միայն ձեզ, որ անշուշտ իմաստուններից մինն եք, այլև պ. Մարկոսովին, որ քաղաքի առաջին հարուստն է: Եվ ահա այդ հավատը երջանկացնում է ինձ:
— Բայց դա խաբուսիկ երջանկություն է:
— Դա է իսկական երջանկությունը, որովհետև դրա հետ հոգսեր չեն կապված:
(Հոգսե՛ր… ա՛, դու ուրեմն վախենում ես հոգսերից, — բացականչում է Սեղբոսյանը, իբր մեծ գյուտ անելով… Դեհ, բարեկամ,այժմ խոստովանիր, որ հոգսերն են քեզ դեպի արբեցություն մղել. և առաջին հոգսդ անշուշտ, կորած սիրո պատճառով է եղել:
— Ես աշխարհում ունեցել եմ միայն մի սիրուհի — օղին, և նա ինձ երբեք չի դավաճանել, — պատասխանում է արբեցողը լրջությամբ:
— Անկարելի է. մի՞թե դու ոչ մի կին չես սիրել:
— Կի՞ն… ինչի համար սիրեի: Աշակերտությանս ժամանակ մեր վարժապետն ասում էր թե աշխարհի առաջին կինը, Եվան, խաբել է Ադամին, մեր խեղճ նախահորը, և պատվիրում էր մեզ հեռու լինել կանանցից: Այդ օրից ահա ես չեմ մոտեցել նրանց: Սեղբոսյանը տեսնելով, որ արբեցողի մեջ էլ չի գտնում «վիպական վիշտ», հեռանում է: Բայց և այնպես նա յուր հույսը չիկորցնում, որ երրորդ կամ չորրորդ պատահողի մեջ պիտի գտնե անշուշտ որոնածը և նրանից հյուսե ցանկացած «պատկերը»:
Այս էր պատճառը, որ մի երկու շաբաթ առաջ նա շտապ-շտապ քաշում էր իմ զանգը:
— Հա՞, ի՞նչ ունիս Սեղբոս աղբար, հուզված ես երևում, — հարցրի ես նրան դուռը բանալով:
— Օ՛հ, վշտեր, վշտեր… աշխարհը լի է նրանցով, — բացականչեց բարեկամս և ներս վազեց դեպի տուն: Ես հետևեցի նրան:
— Հա, ի՞նչ նոր գաղտնիք է բացվել. — հարցրի հետաքրքրությամբ. և նստա վիպասանի հանդեպ:
— Գաղտնի՞ք… այո՛, լավ ասացիր, իրավ որ գաղտնիք. իսկական և զարհուրելի գաղտնիք … բայց թույլ տուր որ շունչ առնեմ, եսհոգնած եմ. բոլոր ճանապարհը անցել եմ խորասուզված, մտածողության և հոգեկան վրդովմունքների մեգ … Օ՛հ, աստված իմ: Ինչու աշխարհը լցրել ես ունայնությամբ, ինչո՞ւ երջանկությունը դարձել է փախստական, կամ ճիշտն ասած՝ աներևույթ մի գաղափար…
Այս ասելով պ. Սեղբոսյանը հանեց թաշկինակը, սրբեց քրտնաթոր դեմքն ու ճակատը և ապա մեջքը թիկնաթոռին հենելով՝շարունակեց.
— Երբեք չէի կարծիլ թե՝ վիշտը կարող է մարդկային հոգին այդպես այլանդակել… Թե նա կարող է սրտեր քարացնել, զգացմունքներ մեռցնել… բայց, nir admiral.1 չի պիտի զարմանանք, ամեն բան կարող է պատահել աշխարհում:
— Ի՞նչ է պատահել, չե՞ս կարող ասել, — հարցրի ես անհամբերությամբ:
— Ինչո՞ւ չէ, բայց թող որ շունչ առնեմ… և դու սովորիր մի քիչ համբերել. Rien ne sert de courir2.
Ես լռեցի: Մի քանի րոպեից ետ պ. Սեղբոսյանը շարունակեց.
— Ճիշտ որ աշխարհում չկա ոչինչ հաստատուն, ամեն ինչ անցողական է. ծառերը չորանում, ծաղիկները թառամում, ծնվածները մեռնում են: Ավաղ բնության օրենքն է այդ tout passe, tout ca sse, tout lasse3… Բայց ինչո՞ւ արդյոք առաքինին՝ մոլի, ազնիվը՝ անարգ և ազգասերը՝ ազգատյաց է դառնում, դա անբնական փոփոխություն է: Նյութապես հարուստը կարող է աղքատանալ, իսկ բարոյապես հարուստը ինչո՞ւ պիտի յուր գույքը կորցնե…:
— Ո՞ւմ մասին է խոսքդ, — ընդհատեցի ես:
— Պարոն Մարջանյանի. ճանաչո՞ւմ ես դու նրան:
— Ինչպես չէ. նա մեր հայտնի ազգասերն է, ո՞վ չի ճանաչիլ նրան, — պատասխանեցի ես:
— Հա՛, ուրեմն ամենքն են ճանաչում: Ութսունական թվականներին, հիշում եմ, նա մեր նշանավոր գործիչներից մինն էր, եթե չասեմ առաջինը: Չկար մի ազգային գործ, որին նա չմասնակցեր, կամ որի օգտին եռանդով չաշխատեր, չկար մի ժողով, որին ներկա չլիներ, կամ ազգային մի ճաշ, ուր չճառախոսեր, չոգևորվեր և չոգևորեր: Այդպե՞ս է, թե՞ ոչ:
— Այդպես է:
— Բայց Ի՞նչ է դարձել այժմ նա, կարո՞ղ ես երևակայել:
— Ի՞նչ է դարձել, կարծեմ նույն մարդն է ինչ որ առաջ:
— Սխալվում ես. չարաչար սխալվում. նա այժմ փոխվել, այլանդակվել է. դու այլևս չես ճանաչիլ նրան: Այսօր պատահմամբ խոսեցի նրա հետ մի քանի վայրկյան. և տեր աստված, ապշեցա, սառեցա…
— Ի՞նչ է պատահել:
— Ասում եմ` չես կարող երևակայել:
— Լավ չեմ երևակայիլ, բայց ասա որ իմանամ:
— Սերը, բարեկամ, սարսափե՛լի բան է. գիտե՞ս թե ոչ:
— Ոչ, չգիտեմ:
— Լավ է որ չգիտես, ուրեմն չես տանջվիլ մեզ, թշվառ հոգեբաններիս նման… Այո. սերը սարսափելի է, բայց սիրուց առաջացած վիշտը` զարհուրելի: Այնպե՞ս է, թե ոչ:
— Չգիտեմ:
— Ավելի լավ, բախտավոր ես:
— Բայց դու Մարջանյանի մասին էիր խոսում, մոռացա՞ր, — հարցրի ես:
— Ոչ. և ինչպե՞ս կարող եմ մոռանալ: Այո, խոսում էի Մարջանյանի մասին, և դեռ երկար պիտի խոսեմ, հատորներ պիտի գրեմ… Այս դեպքի համար չէ ասված o, tacuisses, philosophus mansisses4, ընդհակառակը, խոսելով պիտի ցույց տամ աշխարհին, թե ի՛նչսարսափելի բան է սերը, թե ինչպես պետք է փախչել նրանից և մանավանդ թե՝ սիրուց առաջացող վշտերից… Եվ թող ընդդիմախոսեն ինձ. դատափետեն իմ գրվածքը, կռվեն, պայքարեն, վնաս չունի. Vivere militare est5 . ես սիրում եմ առաջ գնալ կռվելով և Վոլտերի պես ասել հպարտությամբ՝ ma vie est un combat6…:
— Բայց ինչ է պատահել, սիրելի բարեկամ, ասա վերջապես, համբերությունս հատավ, — ընդհատեցի ես, գրեթե բարկությամբ:
— Այն, որ մեր Մարջանյանը, մեր երդվյալ ազգասերը, մեր բարեգործական ընկերությունների աստղը ընկել, մեռել, խավարել էհավիտյան:
— Այլաբանությունները թող, իրողության մասին խոսիր:
— Քանի օր առաջ գրագետների մի ժողովում խոսք բացվեցավ նրա մասին: Ասացին թե՝ վաղուց է ինչ դադարել է ազգային գործերով զբաղվելուց, թե այլևս չէ հաճախում ընկերական ժողովներ, չէ մասնակցում այդ հիմնարկության օգտին տրվող ներկայացման կամ երեկույթներին, չէ ընդունում յուր տանը հին ընկերներին, որոնք ոչ այլ ոք էին, եթե ոչ զտարյուն ազգասերներև ազգային գործիչներ, միով բանիվ, թեպետ ապրում է Թիֆլիսում, բայց կարծես փակված է բանտի մեջ. դուրս է գալիս տանիցմիայն երեկոները և ծանոթի կամ բարեկամի պատահելուց աշխատում է խույս տալ նրանցից… Այս ամենը, արդարև ինձտարօրինակ թվացին: Այդպիսի մի վառվռուն, եռանդոտ և անձնվեր գործչի հասարակական ասպարեզից հանկարծ հեռանալը՝չէր կարող կապ չունենալ որևէ մի խորհրդավոր, մի mysterieux գաղտնիքի հետ… Այդպե՞ս է թե ոչ:
— Չգիտեմ, գուցե:
— Այո , այդպես է: Եվ ես իմ ընկերներին առաջարկեցի լուծել այդ հարցը:
— Ի՞նչ հարց:
— Թե արդյոք պ. Մարջանյանի այդ տարօրինակ վարմունքը կապ ո՞ւնի մի խորախորհուրդ գաղտնիքի հետ, թե ոչ:
— Հետո՞:
— Այդ հարցը չկարողացան լուծել իմ ընկերները, չնայելով որ դրանք բոլորն էլ պատկանում էին հոգեբանների կարգին:
— Վե՞րջը: — Ես լուծեցի. այսինքն նախ գուշակեցի և հետո հասու եղա որ արդարև պ. Մարջանյանը հեռացել է ազգային գործերից մի սարսափելի, մի զարհուրելի գաղտնիքի պատճառով:
— Ի՞նչ գաղտնիքի, — վախեցած հարցրի ես:
Պ. Սեղբոսյանը վեր կացավ տեղից և մոտենալով ինձ կամացուկ շշնջաց ականջիս, (թեպետ ինձանից և իրենից զատ ոչ ոք չկար սենյակում):
— Ընտանեկան՛, բարեկամ, ընտանեկան:
Այսի՞նքն, — հարցրի ես հետաքրքրությամբ:
— Բոլոր փաստերն ապացուցանում են, որ նա հեռացել է հասարակական ասպարեզից՝ ամուսնանալուց մի, թե երկու տարի հետո:
— Ի՞նչ է նշանակում այդ:
— Ի՞նչ է նշանակում… օ՛. դժվար է ձեզ, հասարակ մահկանացուներիդ համար թափանցել գաղտնիքների այն աշխարհը, որին մենք, հոգեբաններս, տիրապետում ենք երկնքից մեզ տրված շնորհների շնորհիվ:
— Այդ իմացանք, բայց ինչ ընտանեկան գաղտնիք է այդ, որը սարսափելի, զարհուրելի ես անվանում դու:
— Պարոն Մարջանյանը դժբախտ է յուր սիրո մեջ..: Ամուսնությունը նրան բերել է ոչ թե արքայություն, այլ դժոխք…
— Ո՞րտեղից գիտես այդ:
— Ո՞րտեղից… ա՛. այդ հարցին չեն պատասխանում վիպասանները: Նրանք միայն ասում կամ գրում են:
— Ի սեր աստուծո մի գրգռիր երևակայությունդ, այդպիսի բան ես դեռ չեմ լսել ոչ ոքից:
— Բայց ինձանից լսում ես:
— Դու երևակայում ես:
— Ոչ, ես ինքս տեսնվեցա պ. Մարջանյանի հետ:
— Եվ հարցրիր նրան այդ խնդրի մասին, — զարմանալով բացականչեցի ես:
— Իհարկե ոչ. մենք՝ հոգեբաններս, այդպիսի անհամեստ հարցեր չենք անում, մենք միայն պարզ կերպով խոսում ենք. բայց և զրույցի միջոցին կարդում ենք մեր խոսակցի սիրտը, առանց որ նա այդ իմանար:
— Եվ ուրեմն ի՞նչ կարդացիր Մարջանյանի սրտում:
— Մի՛ շտապիր, բոլորը կլսես:
( Բայց ախր դու իմ համբերությունը հատցնում ես:
( Մի շտապիր ասում եմ. Chi va piano, va sano, chi va sano, va lontano7 առածները ճշմարտություններ են պարունակում իրանց մեջ, պետք է լսել նրանց:
Քիչ էր մնում, որ գլխարկս առնելով դուրս գնայի սենյակից: Բայց ինչ արած, գտնվում էի իմ տան մեջ. հետևապես անքաղաքավար չգտնվելու համար, պարտավոր էի համբերությունս կրկնապատկել:
— Այո՛, տեսնվեցա Մարջանյանի հետ և խոսեցի, — շարունակեց պ. վիպասանը. — նա շատ դժվարությամբ էր վարագուրումյուր ներքին վիշտը: Իմ հարցին թե՝ պ. Մարջանյան, ինչու այլևս չեք զբաղվում ազգային գործերով. նա պատասխանեց. — «Է՛հ, բարեկամ, ես շատ եմ գործել, այժս թող ուրիշները գործեն…»: Բայց եթե տեսնեիր թե՝ այդ խոսքերը ի՞նչ տխուր ձայնով արտասանվեցան. եթե տեսնեիր թե՝ ի՞նչ դառը ժպիտ խաղաց այդ վայրկենին նրա շրթունքի վրա, այն ժամանակ Օվիդիոսի պեսկասեիր թե՝ արդարև littore quot conchae, tot sunt in amore dolores: 8
— Ախր, տեր աստված, ի՞նչ ունի սերը այդ գործի մեջ. բացատրիր վերջապես, — բացականչեցի ես անհամբերությամբ:
— Ա՛, այդտեղ է իսկապես գաղտնիքը, որ անհասկանալի է մնում հասարակաստեղծ մարդուն: Եթե պ. Մարջանյանը խաբված չլիներ սիրո մեջ, եթե ամուսնությունը դժոխք չբերեր նրա տունը, այն ժամանակ, բնականաբար, նա ավելի եռանդով, սիրով ու անձնվիրությամբ կշարունակեր զբաղվիլ ազգային գործերով և դեռ ամուսնուն էլ գործակից կաներ իրան: Բայց որովհետև տխուր հիասթափության պատճառով նրա սիրտը կոտրվել, հույսերը փշրվել և իդեալները ցնդել են օդի մեջ, ուստի նա առայժմ դարձելէ ոչ միայն հոռետես, այլև անտարբեր դեպի ամեն մի քնքուշ և գաղափարական զգացմունք…:
— Բայց դու այդ բոլորը ինչից ես ենթադրում, — զարմանալով հարցրի ես:
— Հենց այն մի քանի խոսքերից, որ նա արտասանեց. ապա նրա դեմքի տխրությունից և վերջապես այն վարմունքից, որ նահանկարծ ու առանց որոշ պատճառի հեռացել է յուր սիրած ազգային գործերից:
— Շատ տարօրինակ և կարի անխորհուրդ եզրակացության ես եկել, եթե քո բոլոր գրվածքների մեջ էլ դու այդպիսի ենթադրություններով ես առաջնորդվում, վայ մեր ընթերցողների գլխին, — ասացի ես բարեկամիս:
— Այդպիսի բարակ, նուրբ հոգեբանական խնդիրների մասին խոսելն ու դատելը բնավ քո գործը չէ, — նկատեց պ. վիպասանը. (Շուտով ես ահա կգրեմ այս դեպքի մասին և իմ գրվածքը կարդալուց հետո միայն կհամոզվես, որ իմ հայացքները ավելի քան correct են:
— Ի՞նչ պիտի գրես, — հարցրի ես:
— Վեպ, գեղեցիկ, ընդարձակ վեպ, որի հերոսը պ. Մարջանյանը, իսկ հերոսուհին նրա կինը պիտի լինի:
— Ի սեր աստծու, այդպիսի հիմարություն չանես: Ինչ գործ ունիս դու մարդկանց ընտանեկան գաղտնիքների հետ, նամանավանդ որ դու քո համոզմունքները հիմնում ես լոկ ենթադրության վրա:
— Անկարելի է, պիտի գրեմ, հրաշալի նյութ է սա. ափսոս է, որ այն ուրիշ գրողները հափշտակեն, մանավանդ հետադեմ բանակին պատկանողները:
— Թող այդ զառանցանքը, ուրիշ տեղ որոնիր քո վեպերի նյութը, — նկատեցի ես ավելի լրջությամբ:
— Անկարելի է, ասում եմ քեզ, պիտի գրեմ, ողջ աշխարհը պիտի հուզեմ, si cest possible, cest fait, si cest inpossible cela se fera!9, — բացականչեց պ. վիպասանը այնպիսի եռանդով, որ աչքերի մեջ, մինչև անգամ, կրակի պես մի բան ցոլաց:
Ինչ մեղքս թաքցնեմ, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ իմ այդ բարեկամի ուղեղի ծալքերում մի ինչ-որ թերություն կա և սիրելեմ նրան ոչ թե յուր խելքի, այլ լավ սրտի համար: Այդ պատճառով էլ միշտ աշխատել եմ ետ կասեցնել նրան անզգույշ քայլերից: Բայց որովհետև այդ օրը նրա երևակայությունը ավելի քան գրգռված էր և ես, ընդդիմախոսելով կամ հակառակելով չպետք էհամոզեի նրան՝ թողնեք յուր դիտավորությունը, իսկ եթե նա սկսեր այդ նյութի վրա գրել, պետք է ուրեմն և տպագրել տար, (որովհետև գրողներն առհասարակ որքան էլ հիմար բաներ լինին գրած, դարձյալ ցանկանում են, որ ուրիշները կարդան իրանց գրվածքը), իսկ այդ բանն, իհարկե, կարող էր Մարջանյանի պատիվը շոշափել, ուստի ես որոշեցի մի ուրիշ հնարքով ետ դարձնել վիպասանին յուր դիտավորությունից:
— Դու ծանո՞թ ես Մարջանյանի կնոջ հետ, — հարցրի ես նրան:
— Ոչ. բայց կցանկանայի ծանոթանալ, — պատասխանեց վիպասանը:
— Այո՛, բայց քանի որ որոշել ես այդպիսի բան գրել, անհրաժեշտ է, որ քո հերոսուհուն ուսումնասիրես, — ասացի ես: — Արիուրեմն տանեմ քեզ նրա մոտ և հետը ծանոթացնեմ, նա թեպետ իմ հեռավոր ազգականուհին է, բայց այցելում է մեզ հաճախ, մենք լավ բարեկամներ ենք. նա գոհ կլինի հայ վիպասանի հետ ծանոթանալով:
Բարեկամս վեր թռավ տեղից և վազելով փարեց իմ պարանոցին:
— Ահա թե ինչպես պետք է ոգևորել վիպասանին… — բացականչեց նա ուրախությամբ, — merci, mon cher, grand merci! քո այդ բարիքը ես չեմ մոռանալ իմ կյանքում, և, եթե ցանկանաս, նույնիսկ իմ վեպի առաջաբանում ակնարկ կանեմ այդ մասին…
— Չէ, ակնարկ հարկավոր չէ. գնանք, ես քեզ կծանոթացնեմ իմ ազգականուհու հետ, — պատասխանեցի ես:
Իմ դիտավորությունը, իհարկե, այն էր, թե պ. Սեղբոսյանը ծանոթանալով այդ կնոջ հետ, գուցե, յուր խոսակցության միջոցին, լսեն նրանից այնպիսի խոսքեր, որոնք համոզեն իրեն, թե արդարև ինքը սխալված է: Բայց դժբախտաբար, իմ հույսը չարդարացավ:
Հետևյալ օրը մենք պ. Մարջանյանի տանն էինք: Մեզ ընդունեց ինքը տիկինը որովհետև ամուսինը բացակա էր:
Դեռևս հեռվից նկատելով տիկնոջը. պ. Սեղբոսյանը կամացուկ բացականչեց.
— Quelle charmante!
— Բայց երբ ծանոթացրի նրան ազգականուհուս հետ. սկսավ քաղաքավարությամբ բացատրել թե. ինչ մեծ պատիվ է համարում իրեն ծանոթանալ հայ ազգի մեջ յուր անկեղծ հայրենասիրությամբ հայտնի պ. Մարջանյանի «շնորհաշուք» և «ազնվամեծար»ամուսնու հետ, թե ինչպե՞ս վաղուց փափագում էր վայելել այդ ուրախությունը, սակայն հանգամանքները չէին ներում և այլն ևայլն:
Տիկին Մարջանյանը, որ մանկամարդ, շնորհաշուք և կարի գեղեցիկ մի կին էր, ուներ նաև լավ խոսելու և զբաղեցնելու ընդունակություն: Պ. վիպասանը մի առ ժամանակ գրավվեցավ նրա զրույցներով և, կարծես, մոռացել էր թե ինչ նպատակով է այցելել տիկնոջը: Ես ուրախացա. և հավատալով թե Սեղբոսյանի «հոպոպները» անցել են արդեն, վերցրի սեղանի վրայիցալբոմը և սկսա մեջը եղած պատկերները նայել: Մի փոքր ժամանակ մտքերս գրավվեցան այդ պատկերներով:
Չգիտեմ ի՞նչն էր տեղի տվել, մեկ էլ հանկարծ լսեցի պարոն Սեղբոսյանի մի տարօրինակ հարցը.
— Տիկին, դուք սիրո՞ ւմ եք ձեր ամուսնուն:
Ես դեն դրի իսկույն ալբոմը և աչքերս հառեցի վիպասանի վրա: Նա չէր նայում ինձ. որովհետև տիկնոջ ուրախ ծիծաղը գրավել էրնրան:
— Ինչպես թե սիրում եմ. հապա կինը յուր ամուսնուն չի՞ սիրիլ, — քաղցր ժպտալով նկատեց տիկինը:
— Ինչո՞ւ եք զարմանում, շատերը չեն սիրում, — պատասխանեց Սեղբոսյանը:
— Եվ շատ վատ են անում: Բայց ես սիրում եմ, շատ եմ սիրում: Եվ թեպետ չպետք է ձեզ ասեմ, բայց որ հարցնում եք, ասում եմ,իհարկե սիրում եմ:
Ես աչքերով, հոնքերով նշաններ էի անում, որ Սեղբոսյանը այդպիսի հիմար հարցեր չանե, բայց նա անուշադիր դեպի ինձ,զբաղված էր տիկնոջով և նայում էր նրա վրա, ինչպես մի բժիշկ, որ պատրաստվում է անդամատել յուր հիվանդին:
— Իսկ ձեր ամուսինը սիրո՞ւմ է ձեզ, — հարցրեց նա նորեն և աչքերը հառեց տիկնոջ վրա:
Վերջինս դարձյալ քահ-քահ ծիծաղեց և զգացած զվարճությունից շառագունած պատասխանեց.
— Ոչ միայն սիրում, այլև պաշտում է, նա խելագարված է ինձ վրա:
Այդ խոսքերը, ըստ երևույթին գրգռեցին պ. Սեղբոսյանին: Նա անպատճառ կամենում էր, որ հակառակ և յուր ենթադրությունները արդարացնող պատասխաններ լսեր տիկնոջից, ուստի ինքն իրան հաշիվ չտալով նկատեց.
— Այդ ամենը, տիկին, ես տարօրինակ եմ գտնում, անկարելի է, որ այդ այդպես լինի… այստեղ հակասություն կա … կամգաղտնիք…:
— Ի՞նչ հակասություն, ի՞նչ գաղտնիք պ. Սեղբոսյան, ես ձեզ չեմ հասկանում, միթե ճշմարիտ չէ որ ես սիրում եմ իմ ամուսնուն, կամ թե սո՞ւտ է այն՝ որ նա պաշտում է ինձ, — ասաց տիկինը շարունակ ծիծաղելով:
— Ոչ, ոչ… բայց ինչի՞ համար… ճշմարիտ որ այս բոլորը տարօրինակ է… ես կարծում էի թե…:
Տեսնելով, որ վիպասանը կորցրել է իրան և վախենալով թե՝ միգուցե ավելի մեծ մի հիմարություն անե, ես օգնության հասա իսկույն, խառնեցի նրանց խոսակցությունը և զրույցը անտարբեր նյութերի վրա դարձնելով՝ վերջավորեցի մի կերպ և դուրս տարա իմ հոգեբանին:
Երբ փողոց ելանք պ. Սեղբոսյանը նորեն յուր զառանցանքներն սկսավ:
— Տեսա՛ր, բարեկամ, իմ կասկածները արդարացան, — ասաց նա ինձ թեպետ շատ ճարպիկն է քո այդ ազգականուհին, բայց ևայնպես չկարողացավ իմ հոգու աչքերը փակել: Քանի եղանակներով խոնարհեց «սիրում եմ» բայը, այդպես են անում բոլոր «ատողները»: Եվ ինչ կեղծ ծիծաղով աշխատում էր թաքցնել յուր սրտի գաղտնիքը, այսինքն այն, ինչ որ կնճռում է խեղճ Մարջանյանի պատվասեր ճակատը…
— Դու էլի զառանցում ես. ուրեմն չհամոզվեցար, որ իզուր ես կասկածում, — հարցրի ես բարկությամբ:
— Ընդհակառակը, ավելի ամրացա իմ համոզմունքների մեջ: Մեր այս այցելությունը կավելացնե իմ վեպի մեջ մի քանի ուրիշ գլուխներ:
Պ. վիպասանի այս համառությունը այն աստիճան գրգռեց ինձ, որ ես որոշեցի ոտնահար անել ամեն պատշաճից օրենք և քարշտալ նրան նորեն տիկին Մարջանյանի մոտ և, հայտնելով նրան գործի էությունը, խնդրել, որ հաճի բուժել մի բանով իմ խելագարին: Այդ որոշումն արի նրա համար, որովհետև գիտեի, որ նման հանգամանքներում կանայք ավելի հնարագետ ենլինում:
Երբ ես իմ միտքը հայտնեցի Սեղբոսյանին, նա ասաց.
— Ի՞նչ կարծիք կկազմե այդ կինը իմ մասին, արդյոք չի ասիլ, թե խելագարին մեկն է սա…
— Ոչինչ չի ասիլ, գնանք, նա սրտաբաց կին է և կհասկանա ինձ, երբ ամեն բան բացատրեմ նրան անկեղծորեն:
Սեղբոսյանը մտածեց մի փոքր և ապա գլուխը վեր առնելով և հաստ ձեռնափայտը գետնին խփելով, ասաց.
— Գնանք, ես ոչ ոքից չեմ քաշվում: Ես վիպասան եմ և ճշմարտություն եմ որոնում: Թող թեկուզ դրա համար քարկոծեն ինձմարդիկ, վաղուց հայտնի է, որ bonit honesta fert exitlum veritas10: Այս ասելով, պ. Սեղբոսյանը քայլերն ուղղեց դեպի Մարջանյանիտունը:
Ազգականուհիս նախ զարմացավ մեզ տեսնելով, և ապա, երբ ես անկեղծորեն ամեն ինչ պատմեցի, չելնելով, իհարկե, քաղաքավարության և պատշաճից օրենքի սահմանից, նա սկսավ սրտանց և երկար ծիծաղել:
Ապա դառնալով Սեղբոսյանին՝ ասաց.
— Ինչպե՞ս համոզեմ ձեզ, պ. վիպասան, որ ձեր ունեցած կարծիքը հիմնովին սխալ է. չեմ կարող հավատ ներշնչել ձեզ զոռով, բայց…
Տիկինը լռեց մի վայրկյան և ապա, կարծես մի գյուտ անելով, բացականչեց.
— Սպասեցեք, սպասեցեք, ես իսկույն պիտի համոզեմ ձեզ:
Այս ասելով, նա վեր կացավ տեղից և մտնելով ընդունարանին կից սենյակը, սկսավ այդտեղ քրքրել մի գզրոց:
— Դու տիկնոջ երկար, իստերիկական ծիծաղը տեսա՞ր, — հարցրեց ինձ Սեղբոսյանը կամացուկ աչքերը խորախորհուրդ ինձ վրա հառելով…
— Տեսա, ի՞նչ կա:
— Դիմակ, կեղծիք … հասկանում ես. այդ ծիծաղի տակ թաքնված էր արտասուք…:
— Թող, ի սեր աստծու, դու արդեն չափը տարար, — նկատեցի ես բարկությամբ:
Այդ միջոցին մտավ տիկինը մի ծալած թուղթ ձեռին:
— Ես այնպիսի մի զորեղ փաստ պիտի ներկայացնեմ ձեզ, որ դուք միանգամից համոզվեք, թե մոլորված եք սաստիկ, — ասաց նա ժպտալով, — բայց նախ ազնիվ խոսք տվեք, որ այս մասին ոչ մի տեղ չի պիտի խոսեք ոչինչ:
— Je vous donne ma parole d’honne11, — բացականչեց վիպասանը առանց հոգալու, թե տիկինը հասկանում է իրեն, թե ոչ. — այդպիսի դեպքերում ես ասպետ եմ, տիկին. կարող եք վստահանալ ինձ վրա:
— Առ, պարոն ազգական, կարդա այս նամակը, ահա, այս պարբերությունը, մնացյալը մեր ընտանեկան գործերին է վերաբերում. կարդա ի լուր պարոն Սեղբոսյանի, — ասաց տիկինը և հանձնեց ինձ յուր ամուսնու մի նամակը, որը վերջինս գրելէր կնոջը Բաքվից մի քանի ամիս առաջ՝ յուր այնտեղ գտնված միջոցին:
Պարբերությունը հետևյալն էր.
«Ինչ վերաբերում է քո այն հարցին թե՝ ինչու ես խորհուրդ չեմ տալիս քեզ՝ շատ մոտենալ մեր ազգային գործերին ու գործիչներին, որոնցից ինքս հեռացած եմ արդեն, դրա պատճառը, սիրելի Շուշիկ, այն է, որ ես չեմ կամենում վտանգել մերփոքրիկ ու աննշան հարստությունը: Ես առաջ աղքատ էի և ոչինչ չունեի ազգին նվիրելու, ուստի արձակ համարձակ աշխատում էի նրա օգտին, խլելով ուրիշներից զանազան նվերներ: Բայց երբ ամուսնացա՝ ամենքն իմացան, որ դու բերել ես քսան հազար ռուբլի օժիտ, եթե ես առաջվա նման սկսեմ մոտենալ ազգային գործերին, ստիպված պիտի լինեմ զոհել նույն ձևով, ինչ ձևով որես առաջարկում էի ուրիշներին՝ զոհել:
Բայց մենք զգույշ պիտի լինինք. մենք չենք կարող զոհել. դեռ որդիք պիտի ունենանք, ընտանիք պիտի կազմենք…»:
Կարծես մի ծանր հարված իջավ Սեղբոսյանի գլխին. փայփայած «վիպական գաղտնիքը» ցնդել էր օդի մեջ…
Նա վեր կացավ տեղից և ճակատի քրտինքը սրբելով խոնարհությամբ ասաց.
(Mille pardon, madame12. ես սխալված էի:
Տիկին Մարջանյանը, որ յուր անունը վիպասանի ոգևորության նյութ չդարձնելու համար բարվոք էր համարել սիրած ամուսնու և «նախկին ազգասերի» գաղտնիքը մեզ հայտնել, ճանապարհ դրավ մեզ դարձյալ ժպտադեմ: Երբ իջանք փողոց վիպասանն ասաց.
— Մեզ մեղադրում են թե՝ ինչու վեպ չեք գրում մեր առօրյա կյանքից, ի՞նչ կարող ենք գրել, քանի որ մեր կյանքը աղքատ է այս աստիճան: Հազիվ էի մի նյութ գտել, այն էլ ձեռքիցս խլվեցավ…:
Մուրացան «Առօրյա զրույցներ»