Սալոնիկի Օկտավիանոս Օգոստոսի արձանը
Հունաստանի Սալոնիկ քաղաքի հնագիտության թանգարանի բազմաթիվ ու բազմաբնույթ նմուշների մեջ առանձնանում է Օկտավիանոս Օգոստոս կայսեր վեհաշուք արձանը:
Օկտավիանոս Օգոստոսի (լատիներեն ՝ Gaius Iulius Caesar Octavianus, ծնունդով`Գայոս Օկտավիոս Թուրինուս, Gaius Octavius Thurinus)՝ Հռոմի առաջին օգոստոսափառ կայսեր (Ք. ա. 23.9.63 – Ք. հ. 19.8.14 թթ.) աճյունն ամփոփված է Հռոմի կայսրերի դամբարանում: Օգոստոսափառ տիտղոսը ծագում է լատիներեն օգոստոս՝ «սրբազան» բառից:
Առաջին իսկ հայացքից արձանը դիտողին գրավում է իր ինքնատիպ կերտվածքով: Այն, ըստ ուսումնասիրողների վարկածի, կերտվել է Սալոնիկ քաղաքում Տիբերիոս կայսեր օրոք՝ Ք.հ. 14 – 37 թվականներին, քանի որ, ըստ հնագետների, կայսերական դասական շրջանի վառ նմուշ է:
Արձանը հայտնաբերվել է 1939 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքի կենտրոնում, ներկայիս Դիիկիտիրիո թաղամասի Մուսխունիտի հրապարակում՝ Սալոնիկի՝ Հունաստանի Մակեդոնիա և Թրակիա նահանգների նախարարության շենքի հարևանությամբ:
Օկտավիանոսի արձանը պատկերում է նրան արդեն գահակալության տարիներին: Արձանի բարձրությունը 2 մետր է, կերտված է սպիտակ մարմարի երկու առանձին կտորներից (մարմնի վերին և ստորին հատվածները), գլուխը քանդակված է մարմարի առանձին կտորից, որի չափը 28,5 սմ է:
Մասնագետները պնդում են, որ տվյալ արձանը կայսեր ամենահայտնի բրոնզե արձանի կրկնօրինակն է, որը գտնվել է Հռոմի արվարձաններից մեկում՝ Պրիմա Պորտայի՝ Օկտավիանոսի կին Լիվիային պատկանող առանձնատանը. նշված արձանը այժմ պահպանվում է Վատիկանի թանգարանում:
Սալոնիկում պահվող արձանը կանգնած է ողջ վեհությամբ, կիսամերկ: Օկտավիանոսի պատմուճանը, ուսերից ցած թափվելով, անցնում է ձախ ձեռքի վրայով՝ առաջացնելով նրբորեն կերտված ծալքեր, որոնք թաքցնում են մարմնի ստորին մասի մերկությունը: Աջ ձեռքում պատկերված է եղել նիզակ, ձախ ձեռքին՝ պատյանով սուր:
Արձանը, մարմնակերտման մանրամասների ճշգրիտ կատարողականությամբ, ռեալիստական ուղղության իսկական նմուշ է, և դա համապատասխանում է ժամանակի քաղաքական քարոզչությանը, երբ կայսեր բարձրագույն իշխանությունը դիտվում էր իբրև աստվածային և սրբացվում էր:
Դիմագծերը պարզ են, բարձրացրած ձեռքը վկայում է ազդեցիկ հեղինակության մասին, իսկ առանձին տարրերը (պատմուճանը, նիզակն ու սուրը) ընդգծում են կայսեր առաքինի բնավորությունը, հմուտ առաջնորդ ռազմավարի կարողությունները:
Արձանը պատկանում է Հունաստանի մշակույթի նախարարությանը և մշտապես ցուցադրվում է Սալոնիկի հնագիտության թանգարանում:
Նյութը ՝ Պերճ Դոլինյանի