«Այս պոլսահայ նկարչին Հայաստանում գրեթե ոչ ոք չի ճանաչում». Ժակ Իհմալյան
Այս պոլսահայ նկարչին Հայաստանում գրեթե ոչ ոք չի ճանաչում, նրա մասին ոչ ոք չի խոսում` արվեստաբանները գոնե պարտավոր էին…. Բայց հոգ չէ. Նրա մասին կխոսեն ուրիշները, նրա նկարները կցուցադրվեն ուրիշ երկրներում: Հենց վաղը Մոսկվայում` հանրահայտ ՑԴԽ-ում, կբացվի նրա անհատական, հերթական ցուցահանդեսը` այս տարի արդեն երրորդը:
Նախաձեռնությունը մասնավոր ցուցասրահի կողմից է` նկարչի մահվանից հետո ընտանիքն իր թշվառ գոյությունը պահպանելու համար վաճառել է մեծ արվեստագետի գրեթե ողջ ստեղծագործական ժառանգությունը: Ու հիմա հավաքորդը` տվյալ դեպքում մասնավոր ցուցասրահը, նկարչին հանրահռչակելու գործով է զբաղված` ՆԿԱՐՉԻ նկարների գներն է բարձացնում` մեծ շահույթ է հետապնդում: Սակայն էստեղ են ասել` լավ է անում, ճիշտ է անում`գոնե կճանաչեն Իհմալյանին` նա դրան արժանի է… Այս տարի Իհմալյանի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել մայիսին Ստամբուլում, որտեղ ներկայացված պատկերագիրքի լուսանկարների հեղինակը Արա Գյուլերն էր:Այնուհետև ցուցահանդես օգոստոսին Մոսկվայում` նույն ՑԴԽ-ում, իսկ վաղն արդեն կրկին նույն վայրում` նոր գործերով ու արդեն նոր պատկերագրքով…Տպավորիչ է, չէ՞…
Ժակ Կարապետի Իհմալյանը ծնվել է 1922 թ. հունիսի 30-ին Ստամբուլում: 1936 թ. հանրահայտ թուրք նկարիչ Աբադդին Դինոյից սկսել է նկարչության դասեր վերցնել: 1942 -1944 թթ. 2 տարում սովորել և ավարտել է Ստամբուլի Գեղարվեստի ակադեմիան: 1944- 47 թթ. քաղաքական հայացքների պատճառով բանտ է նստել: 1949 թ. գաղթել է Սիրիա, այնուհետև Բեյրութ և տեղի հայկական համայնքի դպրոցներում և վարժարաններում նկարչություն է դասավանդել: 1956 թ. ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, այնուհետև 1959 թ. ապրել և աշխատել է Չինաստանում, իսկ 1961 թ. վերջնահաստատվել է Մոսկվայում: 1963 թ. թուրքերեն է դասավանդել Արևելյան լեզուների ինստիտուտում: 1974 թ. ԽՍՀՄ Նկարիչների Միության անդամ է: Մահացել է 1978 թ. ապրիլին Մոսկվայում, հուղակավորվել է Երևանում:
P.S. Ներկայացված նկարներից առաջին երեքը պահպանվում են Ազգային Պատկերասրահի պահոցներում: Նկարների մեծ մասը 70-ականների առաջին կեսին են ստեղծվել:
Անահիտ Կորյուն