«Նա արդեն կենդանության օրոք սրբուհի էր, թեև սուրբ կոչումը ետմահու առանձնաշնորհ է»
1997 թվականին հայ — վրացական ընկերությունը հուշ — ցերեկույթ կազմակերպեց Աբովյան փողոցի վրա գտնվող ԱՕԿՍ- ի շենքի մտերմիկ դահլիճում ՝ հուշապատումներով վերակենդանացնելով Լուսինեի անցած կյանքի ճանապարհը՝ սկիզբ առած նրա ծննդավայրից՝ Վրաստանի Ախալցխա քաղաքից:
Սակայն մեծ դահլիճը, Լուսինեի՛ դահլիճը սպասում էր՝ պատրաստ իր դռները լայնորեն բացելու երգչուհու հարյուրավոր երկրպագուների առջև: Փոքր – ինչ ուշացումով, կարոտաբաղձ զգացումներով և անհամբեր սպասումով ՝ եթե ոչ տեսնելու, գոնե լսելու Լուսինեի ձայնով անմահացած «Սուրբ, սուրբի» հնչյունները, որ այսուհետև անբաժանելի է երգչուհու անունից: «Համազգային երգչուհին» խորագրությամբ զեկուցումով հանդես եկավ Լևոն Միրիջանյանը, այն բանաստեղծ – բանասերը, որը ուղիղ երեսուն տարի առաջ առաջինը քաջություն ունեցավ Լուսինեի երգի մեջ մեծ առաքելություն տեսնելու, ուրեմն և իրավունք էր նվաճել երգչուհու 60 – ամյա հոբելյանին նրան մեծարելու իբրև հայկական տոհմիկ երգի աստվածաձիր կատարողի և ռահվիրայի, որը ներքստորեն զգաց հայ հոգևոր երգի ազգային – ժողովրդական էությունը և իր աստվածային ձայնի, անզուգական տաղանդի և ինքնատիպ մեկնաբանումների շնորհիվ հայ միջնադարյան հոգևոր ստեղծագործությունների համար ապահովեց հարատև դասականության իրավունք: … Այդ նրա շնորհիվ է, որ ամեն կիրակի Մայր Տաճարը դառնում էր նաև Երգի Տաճար…
Դահլիճը ջերմ ծափահարություններով արձագանքում է բանաստեղծի այս և այլ իսկապես բանաստեղծական խոսքերին, դրանց մեջ գտնելով իր ապրած զգացումների խտացումն ու իմաստավորումը:
Լուսինեի 60 – ամյակին միմյանց հանդիպելու, նրա ձայնով հնչած հայ երգի առջև ծնրադրելու առիթ ունեցան երգչուհու երգարվեստի երկրպագուները, որոնք մեծ հուզումով ունկնդրեցին նրա կյանքի ընկերոջ Խորեն Պալյանի, դաշնակահարուհի Մարիանա Հարությունյանի, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի, գնդապետ Սերգեյ Մարտիրոսյանի, երգիչ Վալերի Հարությունյանի, ուսուցչուհի Նինա Հարությունյանի, բանաստեղծ Լևոն Միրիջանյանի և ուրիշների հուշապատումներն ու մեծարանքի ջերմ խոսքերը: Իսկ ասմունքողներ Սվետլանա Խանումյանը և Վլադիմիր Աբաջյանը այնպիսի ներշնչանքով արտասաեցին Լուսինեին ձոնված Ն. Զարյանի, Վ. Դավթյանի, Ս. Կապուտիկյանի, Մեժելայտիսի, Մատուսովսկու, Խիժնյակի և այլ հեղինակների բանաստեղծությունները, ասես հեղինակակից էին ձոներգական տողերին: Եվ այս բոլորը ծաղիկներով զարդարված գեղեցիկ դիմանկարի շրջանակից կենդանի նայող Լուսինեի լուսաշող ժպիտի ուղեկցությամբ:
Լուսինեն իր ձայնով ամեն մեկիս հոգու անդաստանում կառուցել է գեղեցկության մի լուսեղեն տաճար, ուր մենք մշտապես աղոթում ենք, մերօվսանը հղում երկինքն ի վեր, ինքնամաքրման սրբազան արարողությանը տրվում: Ով գիտե, գուցե մի օր գեղեցկության այդ տաճարը մեր երազային աշխարհից կիջնի հայոց հողի վրա և կդառնա աղոթատեղի, ինչպես քրիստոնեական նահատակների հիշատակը հավերժացնող եկեղեցիները՝ Ս. Հռիփսիմեն, Ս. Գայանեն, Ս. Նունեն, Ս. Մարինեն, Ս. Շուշանիկը, Ս. Սանդուխտը:
Սուրբ Լուսինե: Հնչում է գեղեցիկ և արդար, քանզի երգչուհու կյանքը հռիփսիմյան կույսերի առաքելությունն է՝ նույն անձնվիրումով ու սխրանքով, բարությամբ ու հավատով: Նա ևս իր հալածողներն ունեցավ, որոնցից երբեք չերկնչեց, այլ հաղթեց, որովհետև զինված էր գեղեցկության ամուր զրահով՝ հայ երգով ու ձայնի հզոր, երկնասլաց նետերով: Նա արդեն կենդանության օրոք սրբուհի էր, թեև սուրբ կոչումը ետմահու առանձնաշնորհ է: Նրա ձայնը հավերժ կենդանի է ու պիտի հնչի առմիշտ, հավիտենս հավիտենից:
Լիդա Գևորգյան
Երևան — 1997
Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan ֆեյսբուկյան էջից