«Իր խաղով նա նման է մի հանդուգն լարախաղացի, մոտենում է դերասանի մեյերխոլդյան տիպին, որն իսկապես չի եղել մեզանում ». Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին
Սկիզբը`
«Հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի». արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին
— Մեր բեմում չի եղել դերասանական այս տեսակը, — ասում եմ ճեմասրահում դիմացս ելնող Սոս Սարգսյանին:
— Այո, — ասում է և տալիս ավելի բարձր մի գնահատական, որ չեմ հրապարակում` չհանդիպելու համար նախանձողի պատասխանին և անխորհուրդ վեճի:
Անմիջական գնահատականը վերաբերմունք է, որ չպիտի թաքցնենք, բայց գերադրական մակդիրներն այստեղ նույնքան անօգտակար կարող են լինել, որքան այն անլուրջ քննադատությունը, որ առաջին ներկայացումը դիմավորեց քաղաքական ամբոխավարության ճիգով, արվեստագիտությունից դուրս որակումներ տալով, արվեստից դուրս նպատակներ փնտրելով արվեստում: Միջավայրն, ըստ երևույթին, հետ է սովորել կամ սովոր չի եղել արվեստի ու արտիստի ներկայությանը, և այնքան բան է խեղաթյուրվել մեր կյանքում, որ մարդիկ կարող են իսկապես շփոթել, մոռանալ (եթե երբևէ իմացել են), որ բարոյահասարակական վճիռների ու գեղարվեստական երևույթների ճանապարհը նույնը չէ, անկախ նրանից, թե ինչ թեմաներ է շոշափում, կենսական ինչ նախատիպերից է ելնում արտիստը:
Այո, ի՞նչ տրամադրությամբ է հայտնվում արտիստը, եթե համատեքստ չունի բեմից դուրս, ոչ այնքան հասարակական գիտակցության, որքան ճաշակի ու մտայնության մեջ:
Անհաջող պատկերացում է ստեղծում նաև հեռուստառեկլամը, որ կանգ է առել ոչ բնութագրական, կոպիտ ու մակերեսային պահերի վրա: Նկատի չի առնվել բեմական և էկրանային ձևերի անհամատեղելիությունը: Բեմ և տարածություն նախատեսող մանրամասները (դետալներ) էկրանում տարածություն և, հայտնի չէ` ինչի կարող են վարեծվել: Կարող է թվալ և թվում է, թե այս արտիստի բեմական հմայքը պակաս է: Բնավ: Միշտ էլ այդպես կթվա, եթե «կիկլոպյան» աչքի տակ առնես բեմում մշակված և հեռավորություն նախատեսող դիմախաղն ու պլաստիկան, կամ միկրոֆոնի ականջը գցես թատերային տոնը: Բեմական հմայքը, որով լավ օժտված է Վարդան Պետրոսյանը, շատ քիչ կապ ունի նրա լուսաէկրանային անդրադարձման հետ: Հեռուստաօբյեկտիվի աչքը մոտից և հանդիսականի աչքը սրահի միջինից մոտ կարգերից, հայտնի է, նույնը չեն անդրադարձնում, ուստի բեմի վարպետներից շատերի մասին չի կարելի դատել պատահական, լավ չմտածված շարժապատկերների հիման վրա: Այստեղ դերասանին ճիշտ տեսնելու խնդիր կա, այն է` ինչ հեռանկարային դիրքից (ռակուրս) պետք է դիտել նրան, և` ինչ է նախատեսում նրա տոնայնություն` միկրոֆո՞ն, թե՞ հանդիսասրահ: Սրանք տարբեր բաներ են աչքի ու ականջի համար, և թող հեռուստառեկլամը չշփոթեցնի: Կա, վերջապես, չտեսնողի ու անցորդի հետ խոսելու հնուց ի վեր ստուգված ձևը: Դա աֆիշն է և անշարժ լուսանկարը` շարժումի գաղափարը տվողը: Բայց դա հայտնվեց ամենավերջին օրերին:
Այսքանն, ահա, իր դեմ:
Իսկ ո՞վ է ինքը:
Թեթև, սլացիկ, դյուրաթեք և ամուր մի ուրվանկար բեմում, ֆրակավոր մի սատանա, էլեգանտ, հղկված մինչև մատների ծայրը, ազատության ու խաղային տարերքի մեջ իր ձևը չկորցնող և համակրելի բոլոր պահերին: Ներքին մի ծանրություն կշռաքարի նման պահում է լարվածքն ու հավասարակշռությունը, և հանդիսականի ուշադրությունը չի շեղվում մոտ երկու ժամ: Սա զարմանալի է իսկապես: Բացառիկ կենտրոնացում ունի և հանգիստ է, անտագնապ, հնչյունը մաքուր, ձայնը ճկուն, շշուկից և ֆալցետից մինչև դժոխային աղաղակ, այս ամենի հետ` ներքին աճող եռանդ, ինքնաստեղծվող ու չսպառվող մի ուժ, որտեղի՞ց այդ նիհար մարմնի մեջ. թվում է` շարժիչները միանում են մեկը մյուսի ետևից, և հնարավորությունների սահմանը չի երևում: Իր կենտրոնացումով ու ապակենտրոն (էքսցենտրիկ) խաղով նա նման է մի հանդուգն լարախաղացի, մոտենում է դերասանի մեյերխոլդյան տիպին, որն իսկապես չի եղել մեզանում: Հայացքը մեղմ է, հարցական ու մտերմության թույլ, երկդիմի ակնարկով հրավիրում է զրույցի: Բայց զգուշացեք, մեղմությունը կարող է փոխվել հեգնանքի, հանդգնության ու ամբարտավանության, այստեղից կասկածի, վախի, խեղճության, միամտության, տխրության ու շփոթմունքի, և մեկ էլ անսպասելի սատանայական հրճվանքի: Երբեմն թվում է, թե կորցնում է չափը, բայց ոչ կողմնորոշված է բոլոր պահերին, ոչ մի տրանս:
Հենրիկ Հովհաննիսյան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ