Քարանձավի տարածքում հայտնաբերվել է աշխարհի ամենահին տրեխը, որը 5500 տարեկան է
Հայաստանի հարավ-արևելքում` Վայոց Ձորի մարզում` Եղեգնաձոր քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվում է Արենիի քարանձավը: Քարանձավի ընդհանուր տարածքը կազմում է 400 քառ. մետր, դրա մեջ բացվում են մի քանի բնական սրահներ: Արենիի քարայրային համալիրը հայտնաբերվել է 1970-ական թվականների վերջին, սակայն հնագիտական համալիր ուսումնասիրություններ չէին կատարվել: Այստեղ հնագիտական պեղումներ կատարվում են 2007-ից: Քարանձավի հնագիտական պեղումները սենսացիոն բացահայտումներ են խոստանում: Նախնական հետախուզության արդյունքում հաջողվել է հաստատել, որ քարանձավն ունի էնեոլիթի դարաշրջանի 5-6 շերտ: Քարանձավի շերտերում, որոնք թվագրվում են մ.թ.ա 4200-3900 թթ., գտնվել են երեք հնագույն թաղումներ: Ընդ որում, դրանցում միայն գլուխներ են հայտնաբերվել: Անցկացված գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ այդ գլուխները պատկանում են 12-ից 15 տարեկան դեռահաս աղջիկների: Երեքի մոտ էլ գանգի բնորոշ վնասվածքներ են դիտվում: Ըստ ամենայնի, դրանք ծիսական զոհաբերության վկայություններ են: Գանգերից մեկում գլխուղեղի մումիֆիկացված մնացորդներ են հայտնաբերվել, որոնցում պահպանվել են նույնիսկ անոթները (քարանձավի մթնոլորտը նպաստել է այնտեղ գտնվող արտեֆակտերի մումիֆիկացմանը. խոնավության ու օդի շրջանառության բացակայությունը շատ լավ պահածոյացրել են այնտեղ գտնվող առարկաները): Քարանձավի մյուս հատվածում գինեգործության հնագույն վկայություններ են հայտնաբերվել: Դրանք վերաբերում են նույն ժամանակաշրջանին, ինչ թաղումները: Կարասներից մեկում գտնվել է հիանալի պահպանված խաղողի վազ` հատապտուղներով, որոնք վերածվել են չամիչի: Կորիզների ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք ավելի քան 6000 տարեկան են: Բացի դրանից, քարանձավի տարածքում հայտնաբերվել է աշխարհի ամենահին տրեխը, որը 5500 տարեկան է: Հնագետներն այն գտել են քարանձավի ամենահին շերտերում: Հնամյա կոշիկը թվագրվում է մ.թ.ա. 3600-3500 թվականներին, պատրաստված է կաշվից, չափսը մոտավորապես 25 մմ է: Այն պղնձեքարեդարի բացառիկ նմուշ է: Բացի հնագույն կոշիկից, նույն քարանձավից հայտնաբերվել է նաև մեծ քանակությամբ գործվածքեղեն, ընդ որում, կտորների նմուշները ևս բավականին լավ վիճակում են պահպանվել:
Նյութը` Սիրանույշ Առաքելյանի