Ուխտասարի ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. VII հազարամյակով և ավելի հին ժամանակներով
Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում է գտնվում Ուխտասարը: Ժողովուրդը վայրն անվանել է Ուխտասար՝ Սև և Ալ լճերի միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուխտի նմանեցնելու պատճառով: Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուխտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել են քարերի վրա, իսկ նախքան զոհաբերությունը երկար ու դժվարին ճանապարհ անցել՝ մինչև զոհ մատուցելը մարմնով մաքրվելով Ուխտասարի լճերում: Իրականում Ուխտասարը ոչ միայն զոհատեղի է, այլև նախնադարյան ժամանակների մարդկանց պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիքը, նրանց աշխարհընկալման, հավատալիքների և հմայությունների սրբատեղի:
Ուխտասարի ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. VII հազարամյակով և ավելի հին ժամանակներով: Մինչև օրս առեղծվածային է այն հանգամանքը, որ երբ փորձ է արվում նմանակել ժայռապատկերների գծանկարները, կրկնօրինակվող քարերը բորբոսնում են՝ ի տարբերություն ժայռաքարերի: Ուխտասարի ժայռապատկերների գերիշխող մասը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար տարածված էր «այծագրեր» կամ «իծագրեր» ժողովրդական անվանումը: Սա կապվում է հայկական լեռնաշխարհում տարածված բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի հետ: «Բեզորարյան այծ» անունն առաջացել է կենդանու բացառիկ այն հատկությունից, որ մայրական կաթով կերակրվող ուլերը կաթի հետ ուտում են մեծ քանակությամբ մազեր, որոնք, կուտակվելով կենդանիների ստամոքսում եղած կերի հանքային խտանյութերի հետ, առաջացնում են կոշտուկներ՝ բեզոարներ: Այծերի ստամոքսից հանված բեզոարները օգտագործվել են ժողովրդական բժշկության մեջ: Այծերը եղել են նաև պաշտամունքի առարկա: Այծը ժայռապատկերներում հանդես է գալիս որպես աստծո, աստվածային ոգու խորհրդանշան: Այծ և աստված բառերը հայերենում ունեն նաև «դիք» հոմանիշը: Հայկական ձեռագրերում «աստված» բառը գրվել է «Ա(յ)Ծ» պատվանշանով:
Նախնադարյան մարդը Ուխտասարի ժայռապատկերներում ներկայացնում է երկնային լուսատուների պատկերախմբերը, օրացույցների, ժամացույցների պատկերներ, անասնապահությանը, երկրագործությանը, պտղաբերությանը, արհեստներին ու առևտրին նվիրված թեմաներ, աշխարհաստեղծման և դիցաբանական մոտիվներ, հայկական այբուբենին մոտ նշանագրեր, թվեր և երաժշտական խազեր հիշեցնող նշաններ, ծիսական պարեր, հասարական հարաբերություններ:
(Նյութը վերցված է «Հայաստանի գանձեր» գրքից)