«Քռի ջուր խմածներից» մեկը` Գաբրիել Սունդուկյանը
Գաբրիել Սունդուկյանի ծննդավայրը Թիֆլիսն է, իրենց տոհմական քաղաքը, ուր 1825 թվականի հունիսի 29-ին (հին տոմարով) աչք է բացել ապագա թատերագիրը: Հայրը` Մկրտում Սունդուկյանը, թեև զբաղվել է առևտրական գործառնություններով` Ռուսաստանի և Կովկասի քաղաքներում, սակայն ամբողջ տոհմով ճորտական կախման մեջ են եղել Էջմիածնից:
Շուտով` 1831-ին մահանում է հայրը, երեխաների հոգսը ծանրանում է մոր` Թինաթինայի վրա, որը եղել է կրթության հարգը գնահատող կին: Թիֆլիսում հանրահայտ Հակոբ Շահան-Ջրաղացպանյանից և նրա ֆրանսուհի կնոջից 1832 – 1838 թթ. Դասեր առնելով գրաբարից, հին և նոր եվրոպական լեզուներից, այնուհետև Գ. Սունդուկյանը սովորում է Արզանյանների (1838 — 1840), ապա նաև Խ. Աբովյանի մասնավոր պանսիոնում` ստանալով «աշխարհիկ» դաստիարակություն:
Թինաթինայի` մոր, եռանդուն ջանքերի շնորհիվ ազատվում են «ճորտագրյալ» վիճակից, և Գաբրիելը հնարավորություն է ստանում մինչև 1846 թվականը ուսանելու Թիֆլիսի գիմնազիայում:
Շուտով նա հայտնվում է Պետերբուրգի կայսերական համալսարանում: Այստեղ նա սովորում է պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների ֆակուլտետում` «չինովնիկ» դառնալու հեռանկարով: Այդ հեռանկարը նրան բնավ չէր գոհացնում, թեև համալսարանը ավարտելուց հետո, գիտական աստիճանով (դիսերտացիայի նյութը պարսկական պոեզիայի տաղաչափությունն էր) վերադառնում է ծննդավայր և 1850-ին աշխատանքի անցնում Կովկասի փոխարքայության գրասենյակում իբրև թարգմանիչ:
Իհարկե, կենսագրության «պետերբուրգյան հանգրվանը» շատ բան չի տալիս ապագա պաշտոնյային, սակայն վճռական դեր է խաղում նրա հոգևոր աշխարհի ձևավորման և հարցասիրությունների լայնացման մեջ:
Պետերբուրգյան թատրոններում նա հիմնավորապես ծանոթանում է խաղացանկին, ուր գլխավոր տեղում էին Շեքսպիրը, Մոլիերը, ռուս հեղինակները (Գոգոլ, Օստրովսկի), այստեղ նա դիտում է Շչեպկինի, Մոչալովի, Կարատիգինի նման մեծահռչակ արտիստների խաղը:
Պետերբուրգյան գաղափարական խմորումների մեջ էին Վ. Գ. Բելինսկու քննադատական հոդվածները, արձակի «գոգոլյան ուղղությունը», որը շատ բարձր էր գնահատում Ն. Գ. Չերնիշևսկին (ենթադրություններ կան, որ Գ. Սունդուկյանը անձամբ ծանոթ է եղել ռուս մեծ վաթսունականի հետ):
Գաղափարական նոր հովերը չէին կարող հետք չթողնել կովկասյան երիտասարդության` մանավանդ «Քռի ջուր խմածների», — տրամադրությունների վրա, նրանց կողմնորոշելով դեպի կյանքի կատարելագործման ու ժողովրդի լուսավորության սկզբունքները:
Ծննդավայր վերադառնալուց հետո Գ. Սունդուկյանը Կովկասի փոխարքան Վորոնցովի կարգադրությամբ մեկուսացվում է Դերբենտում` իբրև «աքսորական»: Թեև Դերբենտում նա տարվել է իր ինժեներական-ճարտարագիտական մտահղացումներով, քաղաքի վերաշինության համարձակ ծրագրերով, սակայն հայրենիքի կարոտը, մայրական գիրկը հանգիստ չեն տալիս նրան: 1858-ին Գ. Սունդուկյանը ստանում է Թիֆլիս վերադառնալու թույլտվություն. երկար ժամանակ, մինչև դարավերջ, նա աշխատում է ճանապարհների Կովկասյան վարչությունում:
Գ. Սունդուկյանի կենսագիրների վկայություններով նա «թիֆլիսյան հանգրվանում» աչքի է ընկել հասարակական ծառայության երևելի վարքագծով, հայ թատրոնի և դպրոցական ցանցի բարենորոգման համար ներդրած ջանքերով: Նրա հասարակական գործուներության ամենանշանակալից դրվագը մասնակցությունն է 1865 թվականի Թիֆլիսյան «համքարական շարժումներին», դեմոկրատական-պլեբեյական տարերքի այն շարժմանը, որի նպատակն էր մարդկային ինքնուրույնության և կյանքի արդարությունների հաստատումը: Արհեստավորական կառուցվածքի այդ շարժմանը գաղափարական անհրաժեշտ լիցքեր էին հաղորդում անձնվեր հայ մտավորականները, դրանց մեջ նաև Գ. Սունդուկյանը, որին հազիվ հաջորդվում է խուսափել նոր աքսորից` իբրև «քաղաքական անբարեհյուսի»:
Սուրեն Աղաբաբյան «Դասականներ և ժամանակակիցներ»