Հայաստանի քիչ հայտնի բնական հրաշքներից մեկը` Մոզրովի քարանձավը
Մոզրովի կարստային քարանձավը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձորի շրջակայքում, Մագիլի քարանձավից ոչ այնքան հեռու, համարյա թե սարի գլխին: Քարանձավը հայտնաբերվել է 1980 թ. պայթյունի ժամանակ, երբ շինարարները ճանապարհ էին կառուցում: Այն ունի 500-700 մետր խորություն և մարդու կողմից թողված միակ հետքը մասամբ կոտրված սալակտիտներն են: Տեղացիները հպարտությամբ են խոսում այդ քարանձավի մասին, սակայն դժկամությամբ են ցույց տալիս քարանձավի գտնվելու վայրը: Քարանձավի մասին ուշագրավ հիշատակություն կա քարանձավագետ Էդվարդ Սարգսյանի «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները» գրքում, ուր հեղինակը մանրամասնորեն նկարագրում է քարանձավի գյուտը: Մուտքի անցքը բավական նեղ է, ու հնարավոր է քարանձավ մտնել սողալով: Առաջին դահլիճից բացվում է մի քանի անցք, որոնք տանում են համեմատաբար փոքր դահլիճներ: Դահլիճներից մեկը հայտնաբերողները անվանել են Անդունդի դահլիճ: Այն ունի աոաստաղից իջնող կաթնաճերմակ սյուներ, որոնք տեսանելի են անդունդի եզրից, պատերից կախված են գույնզգույն շիթաքարեր` դեղնավուն թավշե լույսով՝ ծածկված բյուրեղների բազմանիստներով: Բայց ամենից ապշեցնողը դահլիճի հատակն է: Նրա սեղանաձև մակերեսին երևում են զարմանահրաշ նախշեր: Սեղանի եզրի նուրբ ասեղիկները ձյան փաթիլ են հիշեցնում: Սեղանի կենտրոնում, արցունքի նման զուլալ լճակի կողքին դրված է մի քարե ծաղիկ՝ վարդագույն կիսաբաց թերթերով: Քիչ հեոու փայլում են թիթեռի նմանվող երկու գեղեցիկ բյուրեղներ: Միակ կենդանին այդ կախարդական աշխարհում փոքրիկ լճակն է, ուր ժամանակ աո ժամանակ զրնգում է ջրի կաթիլը: Մյուս դահլիճում ուղիղ աոաստաղի տակից գահավիժում Էր վիթխարի քարե «ջրվեժը», որի պատճառով էլ դահլիճը անվանվել է Ջրվեժների դահլիճ: Ջրվեժների դահլիճից դեպի աջ գտնվում է Եդևնու դահլիճը: Դահլիճի անկյունում աոաստաղից իջնում են բազմաթիվ հսկա սյուներ, որոնք հարվածելիս ախորժալուր ձայներ են հանում, որի պատճառով էլ այդ սյուներն անվանվել են Երգեհոն: Դահլիճի կենտրոնում վեր է խոյանում քարե հսկա սյունը. բազմաթիվ հարկերի բաժանված արագոնիտե այդ աշտարակը նման է Պիզայի աշտարակին: Դահլիճի կենտրոնական մասում, պատի վրա վեր է խոյանում տասնհինգ մետրանոց հսկա եղևնին, որտեղից էլ դահլիճը ստացել է Եղևնու դահլիճ անվանումը: Եղևնու դահլիճի հարավային պատի փոքրիկ անցքը տանում է դեպի Տիկնիկների և Կակտուսների դահլիճները: Տիկնիկների դահլիճի խորքում բարձրանում է քարե բեմը: Նրա առջև վճիտ լճակներ են, լճակների առջևում լայն, կիսաթափանցիկ շիթաքարեր, որոնք վարագույրի նման ծածկում են բեմն ու լճակները: Թատրոնի բեմից ոչ հեռու Փղերի Պալատն է, ուր ասես հարյուրավոր կատաղած փղեր գլուխ գլխի տված ու ահեղ կնճիթները ցցած հարձակման են անցնում: Տիկնիկների դահլիճից բացվում է Կակտուսների դահլիճը, որի մուտքը հսկում է Բիզոն կոչվող շիթաքարը: Դահլիճն ապշեցնում է քարե կակտուսներով, որոնք ծածկել են ամբողջ հատակը: Միայն տեղ-տեղ, ուր կակտուսներ չեն աճել, փռվել են քարե խաղողի ողկույզները: Ջրվեժների դահլիճի ջրհորանման անցքերից մեկը տանում է դեպի Մարջանների սրահ, ուր ճերմակությունից կուրացուցիչ փայլ արձակող զարմանահրաշ ծաղիկներ կան: Մարջանների սրահի մյուս ծայրի անցքը տանում է դեպի Կարմիր շիթաքարերի սրահը,ուր առաստաղից կախված են արնակարմիր շիթաքարերը՝ որոնցից ասես շիթ֊-շիթ արյուն է ծորում: Նրանցից թափվող կաթիլները արյան նման լճացած են հատակին:
Քարանձավը մտել է Յունեսկոյի հուշարձանների պահպանության կոմիտեի ցուցակի մեջ:
Նյութը` Սիրանույշ Առաքելյանի