Հայելին Հայաստանի անտիկ թաղման ծեսում
Հայաստանի անտիկ թաղումների ուղեկցող նյութերի մեջ թեև հազվադեպ, բայց կան նաև հայելիներ: Հայելիների տարածման տիրույթը շատ մեծ է: Բրոնզյա և արծաթյա հայելիներ հայտնի են Հունաստանից: Հետազոտողների կարծիքով՝ կապարե հայելիները կարող էին ծառայել որպես այն աշխարհ անցնելու թույլտվություն: Տարբեր են հայելիների հետ կապված հավատալիքները: Տարբեր են հայելիները դամբարանում դնելու սովորույթի մասին կարծիքները: Քանի որ հայելին մոգական ուժերի կրողն է և արտացոլում է մարդու պատկերը, դրանով նաև մարդու ողջ և առողջ վիճակը, ուրեմն՝ հայելու տիրոջ մահից հետո այն պիտի կոտրվեր՝ խորհրդանշելով մեռած մարդուն: Հայելին վնասելը կամ կոտրելը կատարվում էր հանգուցյալի հոգին ողջերի աշխարհ չար մտադրություններով ներխուժելուց ետ պահելու համար: Ծիսակարգը պահպանել և մեզ է հասցրել մոգական գործողության հիմնական գծերը, որոնցում հայելու «մահը» հաջորդել է տիրոջ մահվանը: Դամբարաններում կոտրված իրեր դնելու սովորութը լայն տարածում ունի և երբեմն բացատրվում է նաև որպես դամբարանների թալանը կանխելուն միտված գործողություն:
Հայելիներ գտնվել են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց թաղումներից: Ազգագրական նյութերը վկայում են, որ հայելիների բեկորների օգտագործումը բնորոշ է բազմաթիվ ժողովուրդների: Հայելիները կոտրում էին նպակատակադրված՝ իրար հիշելու համար, հատկապես ամուսնուց և հարազատներից երկար ժամանակով բաժանվելիս. ամբողջը մասերի բաժանելով՝ յուրաքանչյուր մասն իր հետ տանում էր ամբողջի մի մասնիկը: Պատերազմի դաշտում կամ օտարության մեջ գտնվող հարազատների հետ հաղորդակցվելու համար հայելին դնում էին ջրի մեջ և գուշակություն անում: Հայերը հայելուն տարբեր հատկանիշեր են վերագրել: Գուշակության մեջ հայելու մաքրությունը կամ պայծառությունը հաջողության նշան են, իսկ խամրելը՝ դժբախտության: Հայկական հավատալիքներում հայելուն իգական հատկանիշ և պտղաբեության ուժ է վերագրվել: Դրանով է պայմանավորված այն հավատալիքը, որ եթե ակռահատիկի ժամանակ երեխան հայելի վերցնի, ապա հաջորդ երեխան աղջիկ է ծնվելու: Հայտնի է հանգուցյալի տանը հայելիները ծածկելու կամ դեպի պատը շրջելու սովորույթը: Ըստ հավատալիքի՝ հանգուցյալի հոգին մինչև թաղվելը մնում է տանը և կարող է իր հետ տանել հայելու մեջ արտացոլված մարդուն:
Տարբեր ժողովուրդների շրջանում կենցաղավարում են ջրի հետ կապված հավատալիքներ, որոնք կապվում են նաև հայելու հետ: Հին հայերը հավատում էին, որ մութ ժամանակ ջրին խփելու դեպքում ջրի ոգիները կարող են վնասել: Այդ հավատալիքից են բխում մի քանի մոգարգելքներ. ջրում երեխային չխփելը, երեխային լողացնելուց հետո գիշերով ջուրը չթափելը: Նախնադարյան մարդը հաճախ իր ստվերին կամ արտացոլված պատկերին նայել է որպես հոգու կամ անձի կենսալի մասի,և դրա համար էլ որոշ ժողովուրդներ հավատում են, որ իրենց հոգին ստվերի, ջրի կամ հայելու մեջ է: Այսպիսով, թաղման ծեսում հայելիների օգտագործումը մոգական գործողություն է՝ նպատակամղված փոխազդեցական կապերը խզելուն. այդ կապերի խզումը կանխում էր հանգուցյալների կողմից ողջերին հասցվելիք մահացու վտանգը:
Լարիսա Եգանյան
Պատմական գիտությունների թեկնածու
(«Եղեգան փող», 2005թ.)