Հենրիկ Մալյանը` Կոմիտասի մասին
Յուրաքանչյուր ազգի հոգևոր մշակույթի մեջ կան երևույթներ, որոնց մասին անհնար է լռել, անհնար է այդ երևութները չդարձնել համամարդկային մշակույթի հարստություն:
Կոմիտասը լոկ մի հանճարեղ անձնավորություն չէ, թեկուզ չափազանց հետաքրքիր, անսովոր ու ողբերգական ճակատագրով: Նա լոկ մեծ երաժիշտ չէ, ժողովրդական ցաք ու ցրիվ եղած հնչյուների մեծ ներդաշնակող, մեծ երգահան: Կոմիտասը ազգի ոգին է` ներշնչված, հոգևոր, աստվածային …
Եվ թվում է, հայկական ոգուց արձակված ոչ մի հնչյուն, ոչ մի ճիչ, ոչ մի խնդություն ու ողբ անլսելի չմնաց Կոմիտասին:
Եկեղեցու խավարի մեջ Կոմիտասի հոգնած մարմինը, հոգնած աչքերը և արթուն, չափազանց արթուն հոգին ունկնդրում էին ազգի ձայնը, որը (թող ների մեզ Աստված) զորեղ էր ավելին, քան հուժկու ձայնն Արարչի:
Եվ երբ այդ հանճարեղ երգահանն ու գիտնականը գեղջուկի ձայնն Աստծուն էր թարգմանում, երբ փոքրիկ սիրնգը սև ու երկարավուն փարաջայի թևքի տակ դրած Փարիզի, Բեռլինի, Վիեննայի և Եվրոպայի այլ կենտրոնների բեմահարթակներին էր տիրանում, երբ դարեր ի վեր անհետ կորած հայկական նոտագրության հետքերն էր հայտնաբերում, աշխարհում եղավ մեծ խառնաշփոթ: Եղավ 1914 թվականը, երբ աշխարհի մեծ պետություններն իրար ճանկերից խլոտում էին փոքրերին: Եղավ նաև 1915 թվականը, երբ հորովելների վրա արշավեցին սրերը, երբ աղբյուրներին խառնվեցին արյան ծովեր, երբ հարսները չպառկեցին հարսանեկան փափուկ անկողիններում, այլ անարգվեցին փչերի վրա, երբ մայրերը ծծկեր երեխաներին խեղդեցին` իրենց կրծքներին ուժգին հպելով, երբ կործանվեցին խաչերն ու եկեղեցիները, երբ համրացավ Աստված, Աստծո ձայնով ճչաց Կոմիտասը և ապա խռովեց, համրացավ ինքը նաև …
18 տարի …
Խենթ մնաց Կոմիտասը Փարիզի հոգեբուժարանում:
Աշխարհի բոլոր ցավերին անտեղյակ և անտեողյակ նաև իր ազգի մեծ փրկությանը, իր հոգու բոլոր հնչյունների փրկությանը:
Իր ազգի ստեղծած բոլոր գեղեցկությունների հավերժացմանը, մեծն Կոմիտասի հավերժացմանը:
… Եվ եկեղեցու սև պատերի մեջ մի աչքը սրբապատկերներին, մյուսով նա հասցնում էր նայել ու տեսնել մահճակալի աշխատանքը, աղբյուր գնացող գեղջկուհիներին, լսել ամոթխած հարսի, պանդխտության մեկնող հոր, ռազմի դաշտից վերադարձող եղբոր երգերը:
Ունկնդրում էր, խորհում, ողբում, լալիս:
Ունկնդրում էր հայոց լեռների զարթոնքը, աղբյուրների կարկաչը, ձնհալի սահքը, գարնան աղմուկը, ամռան շոգը, աշնան դեղինը, Արարատի ու Արագածի վեհությունը, արծիվների, արագիլների, կռունկների թևաբախումը, ծիրանի ծառի, բարդու, ընկուզենու խորհուրդը, թախիծը, սլացիկությունը, զգում էր հարսանիքի խնդությունը, թաղման կսկիծը …
Եվ նրա հոգին ընկալեց, հավերժացրեց հայոց աշխարհի բոլոր ձայներն իր մեջ:
Եվ նա քայլեց հայոց աշխարհով, քայլեց ժամեր, օրեր, շաբաթներ, քայլեց ամիսներ ու տարիներ, եղավ հայոց բոլոր հարսանիքներում, բոլոր թաղումներում, արտասվեց բոլոր սգավոր մայրերի հետ մեկտեղ …
Եվ սիրեց նաև …
Եվ բազում հայոց վշտերին ու հայոց հույզերին ավելացավ ևս մեկը:
Սողոմոնինը …
Կոմիտասինը …
Հենրիկ Մալյան «Երկխոսություն երրորդի համար»