Ամեն երեկո վերադարձրել է իր երիտասարդությունը. այսօր դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան օրն է
1865 թվականի նոյեմբերի 4-ին (հոկտեմբերի 23-ին (հ.տ.) շամախեցի Հարություն և Մարիամ Աբելյանների ընտանիքում ծնվում է նրանց չորրորդ տղան` ապագա դերասան Հովհաննես Աբելյանը:
1872 թվականին, Շամախիի երկրաշարժից հետո, սնանկացած տորոնավաճառ Հարությունն ընտանիքով փոխադրվում է Բաքու: Այստեղ Աբելյանն իր ուսումը շարունակում է ռեալական դպրոցում, որը, սակայն չի ավարտում: Իր ազգային արժանապատվությունը վիրավորված գերմաներեն լեզվի դասատուին աշակերտների ներկայությամբ ապտակելու համար նրան վտարում են հինգերորդ դասարանից ու նա այլևս ոտք չի դնում դպրոց: Ի բնե լինելով աշխատասեր ու ընդունակ մարդ, ուսման այդ պակասն Աբելյանը լրացրել է կյանքի դպրոցում:
Թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը Աբելյանի մոտ երևան է եկել դեռևս դպրոցական նստարանից: Նա հանդես է եկել սիրողական այն ներկայացումներին, որոնց մասնակցում էին իր եղբայր, հետագայում դրամատուրգ Ալեքսանդր Աբելյանը և մորաքրոջ որդին` Շիրվանզադեն:
1880-ից հետո, Սաֆրազյանների տված ներկայացումներին մասնակցելուց ոգևորված, ի թիվս այլ երիտասարդների, Աբելյանը ևս ակտիվ մասնակցություն է ունենում սիրողական ներկայացումների կազմակերպմանը: Բեմադրվում են «Ժլատը», «Փայտե»
Թատրոնի նկատմամբ բուռն սերը, Բաքվում հայկական թատերախումբ չլինելու պատճառով, նրան մղում է դեպի ռուսական թատրոն: Մտնելով Գոնչարովի թատերախումբը, նա կատարում է տնտեսական գծով օգնականի, ռեկվիզիտորի, հուշարարի և այլ պաշտոններ և, իհարկե, դերասանությունը:
Այդ նրա խորհրդով է, որ 1885 թվականի վերջերին Գոնչարովը Նոր Նախիջևանից Բաքու է հրավիրում Պետրոս Ադամյանին, որի հետ Աբելյանն առաջին անգամ հանդես է գալիս «Օթելլո», «Համլետ», «Ոճրագործի ընտանիքը» ներկայացումներում:
1886 թվականին Աբելյանը վերջնականապես մտնում է իր իսկական ընտանիքը` Թիֆլիսի հայ դերասանական խմբումը: Մի քանի ամսվա աշխատանքը հարազատ բեմում նրան հնարավորություն է տալիս դրսևորելու իր դերասանական կարողությունը այնչափ, որ նա, Ադամյանի Լիր Արքայի կողքին, կարողանում է հասարակության ջերմ ընդունելությանն արժանանալ Էդգարի դերակատարությամբ:
1887 թվականին խումբը քայքայվում է: Աբելյանը վերադառնում է Բաքու, ծառայության մտնում Շահգիդանովի գործարանում, երբեմն-երբեմն հանդես գալիս հայկական և ադրբեջանական սիրողական ներկայացումներում: Այս շրջանում նա միանում է Բաքու եկած գավառական բեմի տաղանդավոր դերասան Վ.Ն. Անդրեև-Բուռլակի խմբին և շրջագայում Միջին Ասիա, Աստրախան: Այնուհետև նա մասնակցում է Ա. Սոկոլովսկու ներկայացումներին: Թե Մ. Տ. Իվանով-Կոզելսկին և թե Վ. Ն. Անդրեև — Բուռլակը, որոնց խմբերում հանդես է եկել նա, նշանակալից դեր են կատարել Աբելյանի դերասանական վարպետության ձևավորման գործում` արմատավորելով նրա մեջ շչեպկինյան ռեալիզմի լավագույն ավանդները:
1888-1889 թվականներին Աբելյանն ինքն է խումբ պահել Բաքվում:
1889 թվականին, թատերական արվեստին մոտիկից ծանոթանալու նպատակով մոտ չորս ամիս նա անց է կացրել Մոսկվայում:
1897-1901 թթ. Աբելյանն աշխատում է Բաքվում գործող մշտական թատերախմբերում, ուր ներգրավված էին հայ թատրոնի լավագույն ուժերը` Սիրանույշը, Գ. Պետրոսյանը, Պ. Արաքսյանը, Ա. Վրույրը, Գ. Ավետյանը, Վարդուհին, Օ. Մայսուրյանը, Ա. Հարությունյւանը, Ի. Ալիխանյանը, Ա. Խիթարյանը, Ս. Ադամյանը և ուրիշներ:
Որպես թատերական գործի ակտիվ կազմակերպիչ և հմուտ ռեժիսյոր, այս և հետագա տարիներին, ինչպես և առհասարակ իր ողջ դերասանական կյանքում, Թիֆլիսում և Բաքվում տրվող մշտական ներկայացումներից բացի, Աբելյանը միշտ էլ խմբեր է կազմակերպել և շրջագայել Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի և ուրիշ հայաշատ վայրեր` ամենուրեք վառ պահելով թատրոնի կայծը թատերասեր հայ ժողովրդի սրտերում:
Նկարահանվում է Հայկինոյի անդրանիկ` «Նամուս» գեղարվեստական ֆիլմում, Բարխուդարի դերում:
1926-ից մինչև իր մահը Աբելյանն առանձին խմբերով, ինչպես և Բաքվի, որտեղ հիմնականում աշխատում էր նա, Երևանի դրամատիկական թատրոնների հետ հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի հայաբնակ քաղաքներում ու գյուղերում: Հոգնել չիմացող այդ մարդը անընդհատ խաղացել է, իր իսկ ասելով` ամեն երեկո վերադարձրել իր երիտասարդությունը:
Բախտիար Հովակիմյան «Հովհաննես Աբելյան»