«Գանձերի քարանձավը» դեռ իր բոլոր գաղտնիքները չի բացել
Անդրկովկասի ամենամեծ քարանձավը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի արանքում։ Ճիշտ է, Ազոխ կոչվող այդ քարանձավի մասին հիշատակել են հին պատմիչները, բայց նրա գաղտնիքները դարեր շարունակ անհայտ էին մնում։ Եղիշեի պատմությունից իմանում ենք, որ Վարդանանց պատերազմի ժամանակ այստեղ պատսպարվել են «հայ տիկնայք ու երեխաներ»։ Թաթար-մոնղոլական արշավանքների մռայլ տարիներին Ամարասի վանականները Ազոխի քարանձավին են պահ տվել հոգևոր մշակույթի արժեքավոր շատ գանձեր։ Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին տակտիկական նկատառումներով այս քարայրում են թաքնվել Դիզակի քաջ կամավորականները և այստեղից թիկունքային շեշտակի հարված հասցրել թշնամուն։ Սակայն բոլոր դեպքերում էլ խորհրդավոր քարանձավը մնացել է առեղծված։ 1970-ական թվականներին հնագետներին հաջողվեց առաջին անգամ «զբոսնել» քարայրի հավերժական մթության դատապարտված ընդարձակ «պալատներում» ու ստորգետնյա «տնտեսություններում», բնական «պատկերասրահներում» ու յուրօրինակ գաղտնարաններում։ Առաջին անգամ այստեղ հայտնաբերվեց նախամարդու «խոհանոցը», հին քարե դարի մարդու գանգի կափարիչը, այդ ժամանակվա բուսական և կենդանական աշխարհի բրածո մնացորդներ, նախամարդու արվեստի հետքեր, ընդարձակ սրահներից մեկում հայտնաբերվել են նախամարդու տարբեր տեսակի աշխատանքի գործիքներ, կայծքարի պրիմիտիվ սղոցներ և քերիչներ, որոնք պատրաստվել են նեանդերթալյան մարդու ձեռքերով և օգտագործվել են որսի ժամանակ, ինչպես նաև կենցաղում։ Առաջին անգամ այստեղ հայտնաբերվեցին 300 հազար տարվա վաղեմություն ունեցող քարե գործիքների մնացորդներ, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են սինանտրոպին։ Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ Հայկական Լեռնաշխարհը եղել է նախամարդու ձևավորման վայրերից մեկը: Այս բոլորը գիտական նշանակություն ունեցող նյութեր են, որ ուսումնասիրվում, մշակվում ու ներկայացվում են գիտական աշխարհին։
Սկզբում, արևմտյան անցքով դեռ 10 մետր չգնացած, «ճանապարհը» միանգամից նեղանում է, ստիպում առաջ շարժվել սողալով։ Հսկա, շրջանաձև սրահը, որի լայնությունը 25 մետր է, բարձրությունը՝ 2,5, իսկ կենտրոնական մասում՝ 10 մետր, ունի խորդուբորդ հատակ։ Երևում է, որ ոչ վաղ անցյալում այստեղ գիշատիչ կենդանիների ոհմակ է ելք ու մուտք արել։ Պատերն անհարթ են, ասես կծկված օձերից են շարված։ Սյունաձև ստալակտիտներն ու ստալագմիտները սառցե վիթխարի լուլաների նման կախված են ծայրամասերից։ Շատ հետաքրքիր ու արտակարգ գեղեցիկ է այն ստալակտիտը, որ 10 մետր երկարությամբ ձգվում է հորիզոնական ուղղությամբ։ Արտակարգ գեղեցիկ է ստալակտիտների ծայրերից դանդաղ հոսող «արցունքների սիմֆոնիան»։ Այս սրահի տարբեր մասերից սկիզբ են առնում, կամ գուցե այստեղ են վերջանում, չորս անցքեր։ Դրանցից միայն մեկը՝ դեպի արևելք գնացող, բարձրանում է, իսկ մնացածները իջնում։ Դեպի արևելք, 45 աստիճան թեքությամբ բարձրացող ուղին է`«փողային անցքը»։ Մոտավորապես 17—20 մետր բարձրության վրա կա մի ժայռ։ Այստեղ վերջանում է փողանցքի առաջին աստիճանը և 75 աստիճան թեքությամբ սկսվում է նրա երկրորդ աստիճանը։ Ճանապարհը խիստ ուղղահայաց է։ Միջին նորմայից ավելի գեր մարդիկ այստեղ արդեն, ինչպես ասում են, անելիք չունեն։ Դրա համար էլ գոյություն ունի առաջին պալատը, որ քարե դարում երևի կոչվել է «գեր մարդկանց պալատ»։ Երկրորդ սրահում, որը ավելի քան 150 քառակուսի մետր տարածություն ունի, անթիվ-անհամար չղջիկներն են, որոնք կախված են բավականին ընդարձակ սրահի առաստաղին։ Կովկասում չղջիկների այս «շուկան» եզակի երևույթ է։ Ի պատիվ չղջիկների, երկրորդ այս սրահը անվանվել է «չղջիկների պալատ»։ «Չղջիկների պալատը» դարձյալ բաղկացած է առանձին բազմապիսի ստալակտիտներից։ Բնության անկրկնելի այս հրաշալի ստեղծագործությունների պատմության ակունքները գնում-կորչում են հարյուր միլիոնավոր տարիների խորքերը։ Այն առաջացել է աստիճանաբար, ջրի զորավոր ուժի ներգործության շնորհիվ։ «Չղջիկների պալատ»-ին հաջորդող ճանապարհն ուղիղ է: Ըստ երևույթին, ճանապարհի այս հատվածում մարդու ձեռքը ժամանակին իր գործը կատարել է։ 25 մետր անցնելուց հետո մեր առաջ կա մեկ ուրիշ սրահ։ Շթաքարերով քմահաճորեն զարդարված կամարների անֆիլադան բավականին բարձր է։ Վիթխարի պալատի հատակը ունի զառիթափ վայրէջքներ, խճճված անցքեր, աստիճաններ, պատերի երկայնքով փորված փոսեր, կրակատեղեր և պատին կպած հողե նստատեղեր։ Հատակը համեմատաբար թաց է, տեղ-տեղ կան փոքրիկ լճակներ, ուղղահայաց անցքեր, գետնից վեր բարձրացող սրածայր ստալագմիտներ։ Պատերը նման են մեղրաթերթերի։ Այստեղ գտնվել են կավից պատրաստված տարբեր տեսակի իրեր, հղկված քարեր, կենդանիների հարյուրավոր ոսկրեր։ Ամենաուշագրավը ծղոտե անցուղին է։ Պետք է ենթադրել, որ հին ժամանակներում, մարդիկ ստորգետնյա այս լաբիրինթոսը մտնելիս, իրենց ետևից ծղոտ են շաղ տվել, որ ետդարձին չմոլորվեն։Բանից պարզվում է, որ քարայրի առաջին բնակիչները բավական բազմազան են եղել։ Նրանց խոհանոցային մնացորդների մեջ գիտնականները հաշվել են մեծ քանակությամբ կենդանիներ, որոնց ցեղատեսակները այժմ գոյություն չունեն։ Աշելյան նախանեանդերթալցիների խնջույքասեղանին էին դրվում այնպիսի խորտիկներ, ինչպիսիք են քարանձավային արջերը, որոնք իրենց չափերով ներկայիս արջերին գերազանցում էին գրեթե երկու անգամ, երեք մետրանոց եղջյուրներ ունեցող եղջերուներ, ռնգեղջյուրներ, վայրի ձիեր և բազմազան ավելի փոքր նախուտեստներ՝ գայլեր, աղվեսներ, վայրի կատուներ… Համարյա բոլոր ոսկորները ջարդոտված են, իսկ խոշորների վրա երևում են գործիքների հետքեր, նախնադարյան գուրմանները հենց այդ ժամանակաշրջանում պարզեցին,որ ոսկրուղեղը սննդարար ուտելիք է։Այս սրահի անկյուններում տեղ–տեղ պահպանվել են որոշ կենդանիների և բույսերի գծային կոպիտ նկարների հետքեր, որոնք, անշուշտ, նախամարդու մտքի և ձեռքի աշխատանքներն են։ Անունների պայմանական հանգամանքներից ելնելով, այս սրահը հետազոտողների կողմից «աշխատանքի պալատ» է անվանվել։ «Աշխատանքի պալատից» տարբեր ուղղություններով բազմաթիվ անցքեր են երևում։Մայրուղուց մի քանի արահետներ են սկիզբ առնում, որոնք հասցնում են մի փոքր, բայց անսպասելի սրահ, որի տարածությունը կլինի հազիվ 30 քառակուսի մետր, իսկ բարձրությունը` 4—5 մետր։ Ի տարբերություն մյուսների, սա հարթ է, չոր, կաթոցներ գրեթե չկան, ունի միայն մի մուտք և ամենից գլխավորը` մարդու աշխատանքի հետքերը այստեղ շատ են զգացվում։ Շատ հավանական է, որ այս մենաստանը գաղտնարան կամ թերևս պահեստ եղած լինի։ Այդտեղից ճանապարհը թեքվում է հարավ–արևմուտք, որով մոտավորապես երեսուն մետր գետնուղին վերջանում է քարայրի հարավային անցքով։ Այստեղ, անցքի բերանի մոտ, 7 մետր խորության վրա մուրճի ու բրիչի օգնությամբ բնագետները և հնէաբանները հայտնաբերեցին մուստերյան մարդու՝ նեանդերթալցու ներքին ծնոտի մի խոշոր բեկոր, որը իր մեծությամբ ու ատամների դասավորությամբ տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից։ Մանրազնին քննությունը ցույց տվեց, որ ծնոտի վրա պահպանվել են ինչպես իմաստության կոչվող, այնպես էլ երկու ուրիշ ատամների մասեր։Ազոխի քարանձավի առաջին տիրոջ ծնոտի հայտնաբերումը գիտնականների կարծիքով, գիտական մեծ նշանակություն ունեցող փաստ է։ Մինչև այժմ այդ նախամարդու մնացորդները հայտնաբերվել են միայն երկրագնդի չորս վայրերում, ընդ որում, բոլորն էլ մեր հայրենիքի սահմաններից դուրս։ Արցախի պատմական Դիզակ գավառում հայտնաբերված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականության մեջ ստացել է 5-րդ համարը, իսկ Անդրկովկասում երկրորդը՝ Թեշիկթաշից հետո։ Մեր նախապատմական դիզակեցին, որն ապրել է սրանից մոտ 100-ից 50 հազար տարի առաջ, կարճ ժամանակում այնպիսի մասսայականության ձեռք բերեց, որ նրանով սկսեցին հետաքրքրվել որոշ գիտնականներ, որոնք նրան տվեցին ազոխաբնակ անունը։ Նկարագրված ստորգետնյա 4 սրահներից բացի վերջերս հայտնաբերվել են երկու խոշոր սրահներ։ Այդ խորհրդավոր քարանձավի ստորգետնյա ուղիների երկարությունը ոչ լրիվ տվյալներով անցնում է 300 մետրից։ Քարանձավում հայտնաբերված են 43 տարբեր տեսակի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկորներ, ինչպես նաև ավելի քան 6000 քարե գործիք ու պիտույք։ Քարանձավում հայտնաբերվել է նաև միջնադարյան քարակերտ շինության մնացորդներ։ 1973թ. քարայրից 3 կմ հարավ-արևելք, Մեծ-թաղլարցի մարշալ Ա. Խանփերյանցի (Ս. Խուդյակով) անվան խաղողագործական Ուրաշեն կոչվող հանդամասում, 80 մետր խորության վրա հիդրոշինարարները հայտնաբերել են քարայրից սկիզբ առնող ստորգետնյա բավական մեծ գետ։
«Գանձերի քարանձավը» դեռ իր բոլոր գաղտնիքները չի բացել։ Քարե այդ խոշոր բնակավայրը, որ 100 հազար տարիների պատմություն ունի, դեռ նոր բացահյտումների կարիք ունի։
Նյութը` Սիրանույշ Առաքելյանի