«Դժվարն իրենից հասուն լինելն է …». Պարույր Սևակն ապրեց այդ դարձվածքի կանոնով
Պարույր Սևակը` ինքն էլ թևավոր խոսքերի և պարադոքսային ձևակերպումների անմրցակից վարպետ, շատ էր սիրում ուրիշների` գեղարվեստագետների ու մտածողների, թևավոր ասույթներն ու երևույթների խտացած բանաձևումները:
Ամենասովորական, առօրեական խոսք ու զրույցն անգամ նա զարդարում էր աֆորիզմային կուռ դարձվածքներով, բանահյուսական և գրական (գրավոր) աղբյուրներից քաղած արտահայտություններով, առարկա-ասացվածքային հղումներով:
Երբեք չեմ մոռանում այն օրը, երբ կարդացել էր Ալեքսանդր Տվարդովսկու «Դժվարն իրենից հասուն լինելն է …» բանաստեղծական տողը: Հրճվանքից ուղղակի պայթում էր իր այդ «գյուտի»` գյուտարարության առիթով և, այնուհետև, բանավոր ու գրավոր խոսքում, հաճախ վկայակոչում էր ռուս ականավոր բանաստեղծի խորունկ դարձվածքը:
Դա սովորական-պատահական, անցողիկ ուրախություն չէր:
Այդ դարձվածքի մեջ, ըստ երևույթին, նա տեսնում էր իր կյանքի ոճն ու ապրելակերպի բովանդակությունը, իր բանաստեղծական ճակատագրի ցոլացումը:
Պարույր Սևակը, արդարև, ապրեց ճիշտ ու ճիշտ այդ դարձվածքի կանոնով, վաղահասության կարգ ու սարքով:
Հասուն էր ինքն իրենից:
Սուրեն Աղաբաբյան «Հոդվածներ, Դիմանկարներ, Հուշեր»