«Թերթերի էջերից հանրածանոթ նրա վոլտերյան պրոֆիլը». Դ. Դեմիրճյան
Երեսնական թվականներին` իմ սերնդի դպրոցական տարիներին, Դերենիկ Դեմիրճյանը այնպիսի ընդգծված, համբավի հասած անուն չէր, ինչպես Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Վ. Տերյանը, Ե. Չարենցը:
Դպրոցական քրեստոմատիաներում տպագրվում էին «Աբդուլը», «Նիգյարը», «Ռաշիդը», բայց, ուշադրություն չդարձնելով հեղինակի անուն-ազգանվանը, մենք այդ գործերը կարդում էինք իբրև ադրբեջանցի գրողի պատումներ:
Նույն տարիներին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը «Քաջ Նազար» բեմադրությամբ և պատանի դերասան Վազիկ Մուրդբեկյանի մարմնավորած Քաջ Նազարի դերով շրջում էր հանրապետության շրջաններում: Թեև ծիծաղից պայթում էին դպրոցական հանդիսասրահները, բայց մեջտեղում չկար պիեսի հեղինակի անունը. բոլորն էլ ենթադրում էին, որ դա Հովհ. Թումանյանի հանրահայտ հեքիաթն է` պիեսի ձև առած: Այդպես էլ Դեմիրճյանը լայն ընթերցողի համար «անհայտ» անուն կմնար, եթե 1939 թվականին միանգամից հայտնի չդառնար կառավարական բարձր պարգևով` Լենինի շքանշանով:
Այդ նույն թվականին էլ առաջին անգամ տեսա Դ. Դեմիրճյանին` թերթերի էջերից հանրածանոթ նրա վոլտերյան պրոֆիլը:
Երևանում իմ տեսած առաջին նշանավոր գրողն էր: Արագաքայլ անցնում էր Աբովյան փողոցով, նոր ստացած շքանշանը կրծքին, սուր աչքերով տնտղելով չորս բոլորը` անցնող-դարձողներին:
Ուրիշ գրողներ չէին երևում, իսկ Դեմիրճյանին տեսնում էինք համարյա ամեն օր` Աբովյան փողոցով վար իջնելիս, երբեմն էլ համալսարանում, այդ թվականին գործող եվրոպական գրականության «Լեկտորիումի» դասախոսություններին:
Այնքան հաճախ էր հայտնվում տարբեր տեղերում, որ նույնիսկ սկսեցինք կասկածել` «երևի Դեմիրճյանը չէ»:
Ի՛նքն էր:
Իր նման` ամեն ինչի հանդեպ զգայուն, ամեն ինչով հետաքրքրվող, շրջապատը անհագորեն զննող, կյանքի եռուզեռի մեջ շնչող Դերենիկ Դեմիրճյանը:
Այնքան շատ էինք տեսնում իրեն, որ ուսանողներից մեկը նույնիսկ սրամտեց` «մեծ տիրաժ ունի»:
Բախտ վիճակվեց լսելու նաև նրա բանավոր խոսքը:
«Սասունցի Դավթի» տոնակատարության օրերին Արմֆանի սրահում (գտնվում էր այժմյան Ազիզբեկովի հրապարակում) տեղի ունեցավ գիտական նստաշրջան, ուր զեկուցումով հանդես եկավ նաև Դ. Դեմիրճյանը:
Ուսանողներիս համար անակնկալ էր, որ գրողը բարձրացել է ամբիոն և գիտական վեճ սկսել ժողովրդական վեպի պատմականության խնդրի շուրջը: Թեև զեկուցումը հռետորական ոչ մի փայլ չուներ, բայց տպավորությունը շատ բարձր էր` կուռ տրամաբանություն և գիտական շունչ:
Շնորհավորողների մեջ էր նաև Ավ. Իսահակյանը: Եղբայրաբար ողջագուրվեցին և միասին էլ հեռացան դահլիճից` հոծ բազմություն իրենց կողքին:
Տոնական օրերին հաջորդեցին սովորական, շարքային օրերը, ապա եկան պատերազմական մռայլ օրերը: Դեմիրճյանն այլևս քիչ էր երևում փողոցներում. մի անգամ էլ տեսա զինվորական համազգեստով:
Սուրեն Աղաբաբյան «Հոդվածներ, Դիմանկարներ, Հուշեր»