Վարդավառի տոնի օրը ջրով լիքը նավակներ են քարշ տվել և ջուր ցանել միմանց վրա
Վարդավառը այն տոներից է, որոնք գալիս են ժամանակի խորքերից, իրենց մեջ ներառելով ժողովրդի հավատալիքները, սովորույթները և տվյալ ժողովրդի ազգային նկարագրի հատուկ գծերը: Այն իր էությամբ բնապաշտական տոն է և գալիս է հազարամյակների խորքից:
Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո և գեղեցկության դիցուհիներ Աստղիկի[1] և Անահիտի պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի նաև համաշխարհային ջրհեղեղի կամ Նոյան տապանի նշանավոր իրադարձության հետ.[2]
Այն, որ Վարդավառը որպես հեթանոսական տոն է եղել նախաքրիստոնեական շրջանում, վկայում են մի շարք հանգամանքներ. օրինակ հայոց գավառներում Վարդավառի տոնի օրը ջրով լիքը նավակներ են քարշ տվել և ջուր ցանել միմանց վրա կարծես խորհրդանշանակորեն հիշաատակելով փրկությունը Ջրհեղեղից, կամ ուխտագնացությունները փառաաբանական ձոներգով, վարդեփնջերով, որը հեթանոսական շրջանում էր կատարվում կապված Աստղիկ դիցուհու պաշտամունք հետ նույնպես հուշում է դրա հնագույն-հեթանոսական ծագման մասին:3[3]
Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում` պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով4[4]: Այլակերպությունը կամ պայծառակերպությունը Քրիստոսի աստվածային կարողություն է, որ ի հայտ բերվեց: Համաձայն Ավետարանի` Քրիստոս իր քարոզչական գործունեության երկրորդ տարվա ամռանը, իր մահվան և հարության մասին առաքյալներին հայտնած կանխասացությունից վեց օր հետո, Պետրոս, Հակոբուս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուսը նրանց առաջ պայծառակերպվում և այլակերպվում է. «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը»:[5]
Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկն է, որ նախապես տոնվում էր Հայոց տոմարի տարեգլխին` Նավասարդ ամսվա 1-ին, որը համապատասխանում է օգոստոսի 11-ին:[6] Հետագայում. 551 թ. Հայկական թվականի հաստատումով Պայծառակերպության տոնը բաժանվեց Նավասարդից, կապվելով Քրիստոսի Հարության տոնի շարքին սկսվեց տոնվել Զատկից 14 շաբաթ հետո եկող կիրակին: Զատկական շրջանի մեջ մտնելով` Վարդավառը անցավ շարժական տոների շարքը և կարող է նշվել 35 օրերի ընթացքում` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:[7] Իսկ տոնին հաջորդող օրը մեռելոց է` հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:[8]
Նշման առումով` հայկական Վարդավառը տարբերվում է Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների կողմից սահմանված ժամկետներից,[9] որը պայմանավորված է տոմարային հաշվարկի որոշակի առանձնահատկություններով:
[1] Վարդավառի տոնը Աստղիկ դիցուհու հետ կապելու վերաբերյալ կա հետևյալ պատումը, ըստ որի մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ շտապում է նրան վայրկյան առաջ տեսնելու: Ճանապարհին, նա անգիտորեն վարդենիներ է տրորում և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են: Այսպես էլ առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը` տոնի կարևոր տարրերից մեկը:http://ArmenianChurch.am
[2] Ս. Մկրտչյան,Տոներ. հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (ավանդույթ և արդիականություն), Երևան, 2010, էջ 97:
[3] Սա Տաղավարահարաց տոն է, որ օրինադրեց Մովսեսն Իսրաեյելի ելքից հետո, 7-րդ ամսի 15-րդ օրը, երբ 7-րդ օրը, տաղավարներում համախմբված տոնում էր Իսրաելը` արմավենու ճյուղեր, բարդիների ձողեր և սաղարթազվարճ ոստեր տանելով ի հիշատակ իրենց դեպի Սինա գնալու ընթացքի և որպես ընծայաբերության գոհություն աստվածային երախտիքի, որ վերցնելով կրեցին` հասնելու աստվածակերպ բուրաստանատեսակ ավետաց աշխարհը: Սա նրանց օրինադրած ստվերակերպ տոնն է, որն Ավետարանի ճշմարտությունն էր նախագրում տե՜ս Մովսես Խորենացի, Վարդավառի խորհուրդը, <Գանձասար>, հ. Բ, Երևան, 1992, էջ 21: Գ. Ղուշչյան, Տաղավար տոները հայոց գրական անդաստաններում, Երևան, 2007, էջ 90:
[4] Նույն տեղում:
[5] Գ. Ղուշչյան, նշվ. աշխ., էջ 87-88:
[6] Ըստ մեկ այլ տեսակետի` Գ. Լուսավորիչը քրիստոնեացրել է Նավասարդի հեթանոսական այն մեծ տոնը, որը հանդիսավորությամբ կատարվել է հեթանոսական Հայաաստանի գլխավոր սրբավայրեր Աշտիշատում և նրանից քիչ հեռու ընկած Իննակնյա մեհյանի շուրջը (Մշո Ս. Կարապետ վանքի տեղում): Լուսավորչի փոխակերպված հեթանոսական տոնի անունը մեզ չի հասել և ենթադրվում է, որ դա եղել է Վրդավառը (տե՜ս Վարդավառ, Քրիստոնյա Հայաստան. Հանրագիտարան, Երևան, 2002, էջ 973):
[7] Ավելացնենք, որ վերջին հարյուրամյակի ընթացքում ՀՀ հյուսիս-արևելյան շրջաններում կայունացել է Վարդավառը հուլիսի 22-ին հաջորդող կիրակի օրը նշելու ավանդույթը (տե՜ս Հ. Խառատյան-Առաքելյան, Հայ ժողովրդական տոները, Երևան, 2000, էջ 174):
[8] http://www.araratian-hem.am
[9] Մ. Օրմանյան, Ծիսական բառարան, Երևան, 1992, էջ 6:
Անի Դարբինյան