Հանկարծ լսեց անհայտությունից խոսող ձայնը, որ հրամայում էր ուտել այդ ոսկորները
Թե հնարավոր լիներ մեր այս ներկա ժամանակներում ոգեկոչել մեր թվականությունից շատ առաջ ապրած Եզեկիելին, նրան, որ մի ամբողջ դաշտ լիքը ոսկորներ տեսավ իր շլմորած աչքերի առաջ, նրան, որ սարսափից խլացած իր ականջներում հանկարծ լսեց անհայտությունից խոսող ձայնը, որ հրամայում էր ուտել այդ ոսկորները, նրան, վերջապես, այդ ահավոր տեսանողին, որ աղիողորմ թախանձանքով կանչում էր աշխարհի չորս հողմերին` պաղատելով շնչել այս ոսկորների վրա ու կենդանացնել մեռյալներին … կրկնում եմ, եթե հնարավոր լիներ այսօր լսելի դարձնել անլուր ոճիրների դեմ ծառացող այդ ահարկու փոթորիկը` Եզեկիելը, այսօր մենք կտեսնեինք մեր աչքերի առաջ Սիամանոթյին, չնայած իր անդարձ մեկնումին անհնարին խոշտանգումների ճանապարհով, մի խոսքով, Սիամանթոյին որի ձայնը խոսում է ու կխոսի այսօրվա հայի ականջին, ինչպես և իր ստեղծած ահարկու պատկերների քերականական քաղաքավարի օրենքների դեմ ըմբոստ ահռելիորեն գեղեցիկ լեզվով վաղվա հայի ականջին: Այն լեզվով, որ ինքը ստեղծեց, որ իրենը եղավ, որով խոսեց ինքը … և որով ո՛չ ոչ չխոսեց իրենից հետո:
Եղան օրեր, որ ես ինձ հպարտ էի զգում, որ գիտեմ Դանթեին, որ սնվել եմ նրա սնունդով, գիտեմ նրա ապրած ժամանակը, և որ Ալիգեշիերին իմ մտայնության այնքան է հարազատ, որքան իմ եսը իմ էությանը … Եղան և օրեր սակայն, որ ես ինձ հպարտ զգացի մեր մեծ բանաստեղծին` Յարճանյան Ատոմին ճանաչելով, հայերեն իր հորջորջումով, որն իր ստեղծած անկրկնելի պատկերների անբավ հարստությամբ աղքատ չէ XIV դարու տոսկանացուց:
Գիտեմ, տարիներ կբոլորվեն դեռևս, մինչև որ այսօր քչերի համար ըմբռնելի նրա հրաշունչ խոսքը հանուր հայության հավաքական սրտի սիրելի հանկերգը դառնա:
Կրկնում եմ` հանկերգը, այո, որովհետև հայ սիրտը երգել է այդ երգը անգիտակցաբար Սիամանթոյի հետ և Սիամանթոյից առաջ, ինչպես երգելու է, վստահ եմ, Սիամանթոյից հետո, ճիշտ այնպես, ինչպես արյունաշաղախ տեսիլքներից հալածական պոետը երգեց այդ իր հոգու խորքում … նախքան գրեց:
Ահա թե ինչու բովանդակ հայությանն է նա, ինչպես բովանդակ հայությունը իրենը, ինչպես իր երգը սեփականությունն է ամեն մի հայի:
Ահա թե ինչու իր ժամանակինն է նա, պատճառ ու արգասիք միևնույն ժամանակ, ինչպես ժամանակը ավելի քան իր ներշնչումն է, ավելի քան տեսլիքը նրա, ծնողը նրա:
Վահրամ Փափազյան «Սրտիս պարտքը»