Դիտարկումներ և խոհեր Սարգիս Համալբաշյանի արվեստի շուրջ
Երբ Սարգիս Համալբաշյանին հարցրի, թե ինչպես կարելի է անվանել իր նկարչությունը, նա պատասխանեց` ֆիգուրատիվ նկարչություն, սակայն կարծում եմ, որ նման բնորոշումը նրա կտավների համար շատ ակադեմիական է, իսկ նրա արվեստը բնավ այդպիսին չէ: Գաբրիել Գարսիա Մարկեսն իր ինտերվյուներից մեկի ժամանակ ասել է`«Իմ ստեղծած գրականությունը ես անվանում եմ մոգական ռեալիզմ` դա հենց այնպես անվանում չէ, իրական զգացողություններ են և ես գրում եմ հենց այդ ամենի մասին: Նա հավելում է` «Այլապես ինչպես կարելի է բացատրել այն իրողությունը, որ տարիներ առաջ որոշեցի ծնողներիս անակնկալ այցելության գնալ` գիշերով ճանապարհ պիտի ընկնեի, որ առավոտյան տեղ հասնեի: Եվ ահա ճանապարհին աչքերս փակվում են և ավտովթարի եմ ենթարկվում, մի կերպ ողջ մնում: Երբ տեղ հասա մայրս ուրախության արցունքներն աչքերիս դիմավորեց ինձ պատմելով, որ ամբողջ գիշեր աչք չի փակել` մտածելով, որ շատ վատ բան է կատարվում ինձ հետ: Ահա սա է միստիկ ռեալիզմը եւ իմ բոլոր գործերը այս զգացողությունների վրա են հիմնված»: Չգիտեմ` ինչու` ինձ թվում է, որ մարկեսյան այս բնորոշումը հատկանշական է նաեւ Համալբաշյանի դեպքում. Սարգիսի իրականության մեջ չափից դուրս անցյալ եւ ապագա կա: Համալբաշյանի արվեստանոցում նկարակալներն անթիվ-անհամար են, կտավները անկանոն շարված են հատակին, իսկ գրքերն ու ալբոմները` սեղանին: Ռադիոընդունիչից հնչում է տարաբնույթ երաժշտություն` ջազ, ռոք, փոփ` դա այդքան էլ կարեւոր չէ, վերջապես լրատվության ժամ է ու խորհուրդ չէի տա այդ պահին խանգարել Սարգիսին: Նա քաջատեղյակ է ամեն ինչից եւ նրան հետաքրքրում է ամեն մի մանրուք: Ես` լրագրողս, բազմիցս եմ հարցաքննվել նկարչի կողմից, սակայն զարմանալին այն է, որ անձամբ ինքը` արվեստագետը, չի սիրում հարցերի պատասխանել, նա խոսում է այն ամենի մասին, ինչի մասին ցանկանում է: Վերջում էլ ավելացում է ` «Քեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները իմ կտավներում են»: Եվ իսկապես,կյանքում առկա բոլոր երեւույթների եւ իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը առկա է Սարգիսի կտավներում: Ու այդ ամենն իսկապես վերաբերմունք է, մեկնաբանություն, սակայն ոչ` գնահատական: Հաճախ Սարգիսի նկարները տագնապ են առաջացնում` մի պահ չես հասկանում թե որտեղ ես գտնվում եւ հատկապես` ինչու,իսկ կարմիրն էլ ահագնացնում է խուճապի զգացողությունը: Բայց քիչ անց խուճապը հիացմունքի,հետո էլ թախիծի է վերածվում ու այդպես շարունակ… Աշխարհից վերացած ինքնամփոփ այս մարդը քայլում է փողոցով ու ուշադրությամբ նայում չորս բոլորը: Նա տեսնում է այն, ինչը ես չեմ տեսնում. նա նկարիչ է: Հռոմ և Գյումրի, հասարակ գեղջուկներ ու արքունականներ, ծնունդ ավետող ու մահագույժ հրեշտակներ: Սարգիս Համալբաշյանի կտավներում ժամանակը կանգ է առել, կոնկրետ գործողության վայր գոյություն չունի. բոլորը միասին են, ամեն ինչ միատեղ է, իսկ միգուցե անտեսանելի աշխարհներն են նրա համար տեսանելի կամ էլ նա ամենակարող մարգարե- ճանապարհորդ է և հայտնվում է այնտեղ, ուր ցանկանում է: Համալբաշյանը նաեւ զարմանալիորեն պրագմատիկ, պրակտիկ մարդ է ու այդպիսին են նաեվ նրա կտավների հերոսները: Հաճախ իրական կյանքում առկա շատ երեւույթներ այնքան բացասական լիցքեր են ներառում իրենց մեջ, որ մենք ուղղակի չտեսնելու ենք տալիս, սակայն նա այդ ամենը տեսնում է, նրա կտավներում կողք-կողքի հաշտ ու խաղաղ գոյակցում են թշվառությունը ու թշվառության գեղեցկությունը, սերը նրա կտավներում պահ է մտել ամենաանսպասելի գողտրիկ անկյուններում և այն դրսևորվում է ամենաանհեթեթ իրավիճակներում: Այդպիսի մի հրաշալի օրինակ է « Թաղամաս Երեւանում» նկարաշարը, որը 50 փոքր կտավներից է բաղկացած: Այս գործը ես հիշում եմ 2006 թ. կայացած նրա անհատական ցուցահանդեսից: Սարգիս Համալբաշյանի պաշտելի Պիկասոն է ասել` ով տխուր է, նա անկեղծ է: Ու չնայած նկարչի կտավներում գույները հուժկու են ու պայթուցիկ, սակայն կարմիրի ու դեղինի գերակայությունը թախիծ է հաղորդում նկարներին: Արվեստագետը մեզ ուզում է մեկ անգամ ևս հիշեցնել, թե որքան վայրկենական ու հպանցիկ է կյանքը, ինչպես նաև մեր ներկայությունն այդ կյանքում: Ձմեռվա սառնամանիքին, թե ամառվա տապին, արվեստագետը միշտ ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է: Նա նման չէ մյուս նկարիչներին, ովքեր մի կտավի վրա են աշխատում: Նա միանգամից 10-15 նկար է սկսում ու չգիտի, թե երբ պիտի դրանք ավարտին հասցնի: Բայց ահա նկարների ավարտուն տեսքը միշտ էլ չափազանց տպավորիչ է:Վերջերս Համալբաշյանի արվեստանոցում բազմաթիվ նատյուրմորտների հանդիպեցի, զարմացա`չէ՞ որ, նա կոմպոզիցիայի վարպետ է: Պարզվեց, որ նատյուրմորտները միշտ էլ նախորդում են մեծակտավ ստեղծագործություններին:Համալբաշյանը խորամանկ արվեսստագետ է, նա կարողանում է իր արվեստի միջոցով մարդկանց հնազանդեցնել իրեն: Նա հրաշալիորեն տիրապետում է ոչ միայն գեղանկարչական հնարքներին, այլեւ ծանոթ է մարդու հոգեբանությանը` վառ գույները միշտ էլ իրենց խորը ներգործությունն են ունեցել ունեցել մարդկանց ենթագիտակցական շերտերում: Համալբաշյանը նոր տեսակ ու որակներ ներմուծեց հայ գեղանկարչություն`15 տարի առաջ էր, երբ հաճելիորեն զարմացրեց արվեստասերներին , հետաքրքիր է` նա մտադիր չէ կրկին անգամ հեղափոխության ենթարկել իր արվեստային տարածքը: Արվեստում անակնկալները միշտ էլ ողջունելի են, իսկ Ձեզանից` Սարգիս Համալբաշյան, պարզապես պահանջում ենք… Անահիտ Կորյուն