Մտորումներ Գրիգոր Նարեկացու դիմանկարի շուրջ
Վճռեցի ստեղծել հայոց մեծերի պատկերասրահը: Միջնադարի անծայրածիր խավարի միջից հայացքիս առաջ փայլատակեց մեծն Գրիգոր Նարեկացու կերպարը: Խնդիրը բարդ էր ու դժվարին: Եվ պետք է խոստովանեմ, որ այդ պատասխանատու վճռի մեջ ինձ զորավիգ եղավ իմ անսահման սերն ու հետաքրքրությունը գրականության և, մասնավորապես, Գրիգոր նարեկացու անզուգական պոեզիայի նկատմամբ: Ես ուսումնասիրեցի նրա «Մատյան ողբերգության» պոեմը, «Տաղեր» ժողովածուն, հանճարի ապրած ժամանակաշրջանը: Եվրոպական Վերածնունդից դարեր առաջ հանդես եկավ Նարեկացին` որպես հումանիստ, մեծ բանաստեղծ, պաշտպանեց մարդու դատը ոչ միայն երկրի վրա, այլև երկնի առաջ: Արարչից և մեղքից սոսկացող մեծ հանճարը ծառացավ հանուն մարդու և խոսեց ժայթքող հրաբխի հրեղեն լեզվով: Նրա տաղերն ու Մատյանը շնչում են բնության, ժամանակի կյանքով, ու երևում են մարդու հոգու խորունկ ծալքերը և ծովածավալ սիրտը: Մի զամանալի ներդաշնակություն կա նրա երգած մարդու ներքինի և բնության պատկերավորման միջև: Ծով է Նարեկացու սիրտը, այն վարարում, հաճախ դուրս է գալիս ափերից. նա աղոթում, երգում, ոգիանում է բոլոր զգայարաններով: Ահա թե ինչու նա իրեն համարում է «շնչական մի մատյան»: Ներսից, դրսից կրակված է բոցերով, ու իր մատյանն էլ նման է մի վիթխարի խառնարանի, որտեղից ժայթքում են մրրիկ, լավա, ալեկոծություն, և բոլորը նրա համար, որ Ամենազոր Արարիչը ների մարդուն և մարդկությանը: Չէ՞ որ մարդը Աստծո եզակի պատկերն է, ուստի պիտի ներվի, մաքրվի երկրային մեղքերից, որ Աստված բնակվի մարդու մեջ, և մարդն էլ աստվածանա: Ահա սա է նարեկացու երազն ու իդեալը: Եվ ես նրան այդպես վրձնեցի: Նկարի առաջին պլանում Նարեկացու ձեռքի պլաստիկ, մերժող շարժումը կարծես լսելի է դարձնում հանճարի ներաշխարհից եկող շշնջոցը. «Մի՛ մատուցաներ բաժակ դառնութեան ի ժամ ծարաւոյ»:
ՀՐԱՉՅԱ ՌՈՒԽԿՅԱՆ
(Նկարում` Հ. Ռուխկյանի «Գրիգոր Նարեկացի» դիմանկարը. 1983)