Կյանքը Էդուարդ Օլբիի համար բացարձակ, հաստատուն մեծություն չէ, այլ պարադոքս
Մարթա — Իրականություն և պատրանք: Չէ՞ որ չգիտես , թե որն է դրանց տարբերությունը, Ջորջ:
Ջորջ — Այո՛, բայց մենք պետք է ապրենք այնպես, կարծես թե գիտենք: /«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»/
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Միացյալ նահանգները որոշակի անկումային տրամադրություններով էին համակված: «Ամերիկյան երազանքի» նենգափոխումը ակնհայտ էր: Ինչպես դիպուկ նկատել էր ՈՒ. Ֆոլկները` «ազգային նպատակները իրենց տեղն էին զիջել սպառողական ծույլ կրքերին»: Համատարած հաշտվողականությունը և սոցիալական կյանքի խնդիրները ծնում էին «զայրացած երիտասարդների» մի ջոկատ, որոնց թվին էր պատկանում նաև Էդուարդ Օլբին: 30-ամյա թատերագիրը ներկայացնում էր «աբսուրդի թատրոն» ուղղությունը: Նրա հերոսների չիմաստավորված բախումները և պիեսների նատուրալիստական հնարքները բխում էին գրողի էքզիստենցիալիստական աշխարհայացքից և, իհարկե, ֆրանսիական «աբսուրդի» թատերգության` մասնավորապես Իոնեսկոյի արձագանքն էին ամերիկյան գրականության մեջ: Օլբիի պիեսները արտացոլում էին ժամանակակից իրականության «անորոշության», մարդկային միայնակության և երկխոսության անհնարինության թեմաները: Ասա՛, ինձ` ինչ խաղեր ես խաղում և ես կասեմ, թե ով ես դու: Խաղ, որ քո կյանքն է, կենսագրությունը, «հիվանդության պատմությունը» /Բենթլի/: Խաղ, որ այդքան սիրում են Օլբիի հերոսները: Ջերի և Փիթեր, Մարթա և Ջորջ, Հանի և Նիք: Նրանք բոլորը խաղում են «Դեպք գազանանոցում», «Ջերիի և շան պատմություն», «Երեխայի ծնունդ», «Երեխայի մահ»: Խաղում են, որովհետև տարբերություն չեն տեսնում թվացումի և իրականության միջև: Որովհետև թատերագրի աշխարհայացքի սուբյեկտիվ էքզիստենցիալ գծերը, նրա հոռետեսությունը տանում են իրականության օբյեկտիվ նշանականության ժխտման: Կյանքը Օլբիի համար բացարձակ, հաստատուն մեծություն չէ, այլ պարադոքս, որն իր մեջ ամփոփում է պատրանք և իրականություն երկընտրանքի անվերջ տարատեսակները: Նրա հերոսը շատ աններդաշնակ է, անհաստատուն, մշտական հակասություններից հոգնած ու տանջված: Նրա բարոյական ուժերը ծախսվում են. 1-ինը` որպեսզի, բացահայտի ինքնակեղծիքը, 2-րդը` որպեսզի հասկանալով իր «Ոչինչ լինելու» դառը ճշմարտությունը, վերստեղծի «ինչ-որ մեկի» թվացումը և հաստատի սեփական գոյության ինքնուրույնությունը: Օլբին ցույց է տալիս, որ մարդ ոչ թէ «է»` գոյություն ունի, այլ նրա միակ հնարավորությունը այս աշխարհում «թվացումն» է: ԵՎ դրա համար նա ստիպված է խաղալ, փոխել դիմակները, փորձել տարանջատվել դերից, որ ստացել է հանգամանքների բերումով, իմպրովիզացիա անել և նույնիսկ ինքն իրեն տապալել բեմից /անհաջողության մատնել/: Քանի որ ոչ մի դեր մարդ չի կարող անձնավորել այնպես, որ իսկապես ապրի: Կյանքի ընկալումը` որպես խաղի, իսկ մարդունը` դիմակի, թատերագրին հնարավորություն է տալիս ստեղծել մեծապես թատերային պիեսներ: Քրիստինե Պողոսյան «Հանդես» գիտական հոդվածների ժողովածու