Բառիմաստի փոփոխությունները ըստ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գրքի
Գրաբարը ներկայանում է իբրև բարձր մշակման ենթարկված գրական լեզու: Լեզուն իր զարգացման գործընթացում օգտվում է ժողովրդի խոսակցական լեզվից, օտար լեզուներից, լեզվի հին շրջանի բառաշերտից. ձուլում է իր մեջ և հարստացնում է բառաֆոնդը` համապատասխան տվյալ շրջանի իր զարգացման միտումներին ու ոճաբանական պահանջներին: Ինչպես Վ. Առաքելյանն է նշում. «Բառապաշարի կանոնիկացման հետ կապված է իմաստաբանական կանոնիկացումը: Գրական լեզուն իր զարգացման ընթացքում ճշտում և սահմանաբացում է իմաստները` վերացնելով իմաստաբանական անորոշությունները»: Մեր հին լեզվի բառապաշարի գերակշռող մասը հարատևելով հարստացրել է մեր նոր գրական լեզուն և դարձել նրա բառապաշարի հիմնական բառաֆոնդի կորիզը: Բառի նախկին իմաստի և նոր իմաստի հարաբերությունները ցույց են տալիս բառիմաստի պատմական զարգացումը և նրա հետևանքները:
Իմաստափոխությունը պատմական երևույթ է և իրականանում է ժամանակի ընթացքում: Կան բառեր, որոնք պահպանել են իրենց հիմնական իմաստները, մի շարք բառեր գործածվում են նոր նշանակություններով, որոշ բազմիմաստ բառեր կորցրել են այս կամ այն երկրորդական նշանակությունը: Գրաբարյան բառերի մի մասը իմաստային տարբեր զարգացումներ է ունեցել միջին գրական հայերենում, արևմտահայ և արևելահայ գրական լեզուներում, մի քանի տասնյակ բառարաններում: Ժամանակակից հայերենի պատմական իմաստաբանության համար կարևոր նշանակություն ունեն գրաբարյան իմաստափոխությունները, որովհետև մեր լեզվի բառապաշարը հիմնականում գրական ժառանգությամբ գալիս է գրաբարից: Պրոֆեսոր Էդ. Աղայանը գրաբարից աշխարհաբարին անցած գրաբարյան և ժամանակակից իմաստների հարաբերակցությունը ամփոփում է հետևյալ կերպ.
- Բառի գրաբարյան բոլոր նշանակությունները պահպանվել են և կենսունակ են մեր գրական լեզվում:
- Բառի գրաբարյան իմաստների մեծագույն մասը պահպանվել է, բայց մեկ կամ մի քանի իմաստներ կա՛մ չեն պահպանվել, կա՛մ էլ մասնակի փոփոխությունների են ենթարկվել:
- Բառի բազմաթիվ իմաստները պահպանվել են, բայց ոչ առաջնային, նախնական ուղղակի իմաստը[1]:
Իմաստափոխության նշված երևույթները դրսևորվել են նաև Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» գրքից առանձնացված օրինակներում: Պրոֆեսոր Էդ. Աղայանը նշում է. «Գործածվելով այլ առարկայի /երևույթի և այլն/ համար բառը ձեռք է բերում դրա հասկացությունը. այսինքն ստանում է մի նոր իմաստ, ըստ որում այդ նոր իմաստը կարող է բառի արդեն ունեցած հասկացության ընդարձակումը լինել, կարող է բոլորովին նոր հասկացություն լինել, կարող է բառի ունեցած իմաստին զուգորդել, նրա հետ միաժամանակ գոյություն ունենալ, կարող է փոխարինել նրան և այլն»: