Հրաչյա Ռուխիկյանի «Մեսրոպ Մաշտոց» դիմանկարը
Նկարչի ստեղծագործությունը ընդհանուր առմամբ դժվար, բայց միաժամանակ անբացատրելի հիացմունք պատճառող գործ է, որն իր հերթին պետք է տոգորված լինի համարձակությամբ: Ամենամեծ երջանկությունը ստեղծագործելն է, մանավանդ եթե քրտնաջան աշխատանքից հետո այդ ստեղծագործությունը բավարարում է քեզ: Ստեղծագործական կյանքով ապրել, նշանակում է վանել մահը: Հենց այդ գիտակցությունն էլ մարդուն կամրջում է կյանքի հետ: Մարդուց միայն նրա գործն է մնում…
Ինձ համար որն է եղել հատկանշականը, առաջնայինը: Ես կասեի` դիմանկարչությունը: Դիմանկարը արվեստի միջոցով մարդագիտական, մարդասիրական չափազանց դժվարին, բայց նույնքան էլ առինքնող աշխատանքի արդյունք է: Ես անընդհատ որոնել եմ ու ձգտել մարդու կերպարում տեսնել գեղեցիկը, ցուցադրել նրա էությունը. սա, անշուշտ, ենթադրում է բնորդի խորը ճանաչողություն:
«Մարդ արարածն անկրկնելի է իր տեսակի և բնավորության մեջ, որը և արտահայտելու համար պետք են խորանալու ամենատես աչք ու հոգու լարում»,_ այսպես է ասել Վելասկեսը: Ես խորապես համոզված եմ, որ գեղեցկությունն անցնում է կյանքում, բայց ոչ արվեստում, և որ գեղեցկությունը ճշմարտությունն է, գեղեցկությունը նաև վրձնի հավատամքն է, իսկ ազնվությունը պիտի բխի նկարչի հոգուց և հավերժանա կտավի վրա:
Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի կապակցությամբ հասունացած պահանջ դարձավ ունենալու նրա դիմանկարը…
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը եղել է մեր անպարտելի ոգին և ոգեշնչողը: Ես իսկապես երկյուղ էի ապրում նրա կերպարը ստեղծելիս և քանի որ ասելիք ունեի, դա չէր կարող չբերել արտահայտման իր ձևը: Իմ մեջ համոզմունք դարձած առաջին էսքիզի շուրջը պտտվեցին մտքերս, և նախապես մութ ֆոնի վրա արված գրունտի մեջ տեսանելի դարձավ լուսապայծառ Մեսրոպ Մաշտոցը: Անմիջապես հեռացա ավանդական մտածելակերպից և գոյություն ունեցող մեկնաբանությունից: Չէ՞ որ 20-րդ դարում մեր մտածելակերպը այլ է:
Մաշտոցը երկրային է և ոչ թե երկնային, նրա գործն էլ հողեղեն մահկանացուի պայծառ ստեղծագործություն է: Մաշտեցը հայ ժողովրդի հոգու բանական շտեմարանն է և անհատնում գանձարանը, և քանի որ նրա հիմնական մտահոգությունը ժողովրդին լուսավորելն է, ուրեմն պատկերում ամեն ինչ պետք է ծառայի այդ նպատակի բացահայտմանը: Ժողովրդական իմաստությունն ասում է. «Ձեռքերը տասը մատներով են կատարյալ գործ կատարում»: Այստեղից էլ հասկանալի է դառնում, թե ինչու կոմպոզիցիայում ես շեշտը դրեցի ձեռքերի վրա: Դիտողի հայացքը Մաշտոցի լուսապայծառ ճակատից անցնում է ավելի քիչ լուսավորված մատյանին: Տասը մատներով ամուր բռնած մատյանը կարծես Մաշտոցի մտքին թափ է հաղորդում, ուժեղացնում վճռականությունը, զորացնում ասելիքը, որ դիտողը մտովի կռահի նրա մտահոգությունը` կամ գիր-գրականություն, կամ ազգի կործանում:
(Ա. Ռուխկյանի «Հրաչյա Ռուխկյան» գրքից)
(Նկարում` Հ. Ռուխկյանի «Մեսրոպ Մաշտոց» դիմանակարը. 1961թ.)