Հայ թատրոնի խիղճը. Գևորգ Չմշկյան
Նրա անձն ու կենսագրությունը նույնանում են «հայ թատրոնի գաղափարի հետ»: «Հիշատակարանը» համառոտագրումն է արևելահայ բեմի 60-70-ական թվականների պատմության և իմաստավորումը մի ամբողջ ուղղության: «Պեպոյի» հեղինակը դրեց ինձ վրա մեկ քաղցր լուծ, այն է` խոստովանել ճշմարտությունը», — այսպես է սկսում նա և պատմում ձեռքը խղճին` շրջանցելով իր անձը:
Փնտրենք, ուրեմն, արտիստին իր և իր թատրոնի կենսագրության մեջ:
Գևորգ Չմշկյանը ծնվել է Թիֆլիսում 1837 թ. և վախճանվել 1915-ին Պետերբուրգում:
Հայրը` Հարություն Չմշկիկը, գաղթել է Մշո երկրից իր պապական տոհմի յոթ ընտանիքների հետ: «Նոքա գաղթել են միշտ դեպի հյուսիս, ինչպես ավանդված է եղել ամբողջ ազգատոհմին նորանց մեջ հեղինակություն ունեցող մեկ ծերունուց»: Հարությունը Թիֆլիսում եղել է Հովհաննես կաթողիկոսի «փոքրավորը», հետո ձեռնադրվել է քահանա: Խորհուրդ ունեցող առաջին խոսքերը, որ լսել է տղան, Ժամագրքից ու Նարեկից էին, նախնական գրագիտությունը` ս. Սարգիս եկեղեցու Հովհաննես սարկավագից: 1847 թվականից տղայի կրթությունը շարունակվել է Ներսիսյան դպրոցում, այնուհետև, ըստ տոհմական ավանդության` «դեպի Հյուսիս»: «Մոսկվա, Պետերբուրգ, — գրում է նա, — իմ երևակայության համար մի տեսակ ավանդական աշխարհ էր, ուր գիտությունը և կյանքը, ամեն տեսակ հաջողությունները պիտի թափվեին գլխիս…»:
Ճանապարհը տանում է Պետերբուրգի հայոց եկեղեցու դուռը, այնտեղից Մոսկվա, Լազարյան ճեմարան: «Տեղ չկա, սիրելիս, տեղ չկա»,- պատասխանում է Մկրտիչ Էմինը:
1851թ., Չմշկյանն ընդունվել է Թիֆլիսի “Межевая школа” կոչվող հողաչափական ուսումնարանը, ուր սովորել է երեք ու կես տարի` չլսելով ոչ մի հայերեն բառ: «Իմ սերը դեպի թատրոնական բեմը, — ասում է նա, — առաջին անգամ ծագեց այդ ուսումնարանում, որտեղ ռուսաց ծննդյան օրերին աշակերտներս տալիս էինք ընտանեկան ներկայացումներ»: Խաղում են Օ. Անիսե-Բուրժուայի և Նիկոլայ Պոլևոյի պիեսները` “Школьный учитель” Ë “Дедушка русского флота” «Ես մեծ հաջողություն ունեցա», — ասում է` հիշելով երկու փոքր դեր` «մեկ խուլ հոգաբարձու» և «մի վախկոտ զինվորական»:
1854 թ. Չմշկյանը ծառայության է մտնում կովկասյան նահանգների հողաչափական վարչությունում և պաշտոնի բերումով շրջում այսրկովկասյան քաղաքներն ու գյուղերը: «Ես կատարյալ ուսումնական էի, — ասում է հեգնանքով: — Կարդում էի Բելինսկի և մի քանի ժամանակից հետո անցա դեպի Բոքլը, որից իմացա, որ ես սաստիկ կոսմոպոլիտ պիտի լինեմ, և հենց այդ ժամանակներում վրա հասավ Լյուիսի ռուսական թարգմանությունը…»:
Չմշկյանը թատրոն է մտնում արդեն կողմնորոշված` շոշափելով իր մտքում կառուցվող աշխարհի հիմքերն ու սյուները: Ուսումնասիրել էր Բելինսկու թատերական գեղագիտությունը, Ջորջ Լյուիսի «Կյանքի և ոգու հարցերը», թերևս նաև նրա դերասանական արվեստի տեսությունը, Բոքլի աշխարհագրական դետերմինիզմն ու սոցիոլոգիան: Պաշտոնի ու աշխատանքի բերումով նա լավ էր ուսումնասիրել հայ բնաշխարհի սոցիալ-էթնիկական միջավայրը: Դերասանի արվեստում Չմշկյանը ջանում էր գտնել անհատի սոցիալ- հոգեբանական և զգայական փորձը` ըստ Լյուիսի ինքնադարձ /ինտրոսպեկտիվ/ հայեցողության մեթոդի, ելնելով ոչ թե բեմական սովորություններից կամ ստեղծագործության պատրաստի ձևերից, այլ բեմական ռեալիզմի հիմնական սկզբունքից` դրության տիպականացում և անհատականացում: «Նա /դերասանը –Հ.Հ/, -գրում է Լյուիսը, — պետք է տիպական լինի: Նրա արտահայտությունները պետք է այնպիսին լինեն, որ ունենալով մեր մարդկային բնության համար համընդունելին ու ներհատուկը` միաժամանակ կրեն անձնավորող բնավորության անհատական դրոշմը…»:
շարունակելի
Հենրիկ Հովհաննիսյան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ
«Հանդես»