Արմեն Մարտիրոսյան. «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները»
Ձեզ ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ»եռհատորյա վեպը հատվածաբար:
Գլուխ առաջին
Սարդոստայն
Աշխարհը շեն, Անին ավեր, Անին շեն, աշխարհն ավեր:
Անի քաղաքի պարսպից մի տուֆաքար պոկվել,
ընկել էր, և ամբողջ շղթան երևում էր բաց ատամնաշարի պես. մի ատամը երկար ու ժանգոտ ունելիով հանել էր ժամանակը: Ոչ մեկը չգիտեր կամ չէր պատկերացնում, որ հենց այդ ճեղքից՝ հանված ատամի անպաշտպան ու բաց խոռոչից սկսվում է ծաղկող ու փթթող քաղաքի քայքայումը: Այնտեղ առաջինը ոտք դրեց մի փոքրիկ սարդ: «Հարմար բնակարան է,- ասաց նա,- կարելի է բանակ տեղավորել՝ և գործելու ասպարեզ կա, և ոստայն հյուսելու հնարավորություն»: Եվ ձայն տվեց, կանչեց հրամանի սպասող իր զինվորներին: Նրանք իրենցով լցրին քարի լքած տարածությունը, իբրև շարժուն ու կենդանի պատ, և եթե իրավիճակը պահանջեր, ամեն ակնթարթ պատրաստ էին լքելու նոր բույնը, ինչպես Անիի բազմազգ բնակիչները՝ հիմնականում հայեր, նաև սակավաթիվ հույն, թուրք-սելջուկ, քուրդ ու պարսիկ:
Ոստայնը տարածվեց պարսպի երկայնքով ու լայնությամբ. միջատները մեծացնում էին բնակարանը՝ իրենց մանած թելերի երկար ճյուղավորումներով: Հետո ճյուղավորումները ձգվեցին փողոցների սալահատակի վրայով, տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացան զանգակատների գմբեթները: Աղետի առաջին նշաններն զգաց ծեր ու կարճատես մի անեցի: Պատահաբար հայտնաբերեց պարսպի վրայի սարդոստայնը և շտապեց հայտնել Գրիգոր Ապիրատ սրբազանին: Ծերունին դրանով չհանգստացավ, մտավ սուրբ Փրկիչ եկեղեցի և հոգևոր հայրերի պարզած հանգանակության տուփը երկու ոսկեդրամ գցեց:
–Քաղաքի հոգևարքի մեջ է ,–ասաց նա,–ես հավանաբար չտեսնեմ վերջնական անկումը, բայց իմ կողմից ահա երկու դահեկան՝ թաղման ծախսերը հոգալու: Խոսքն ասվեց սառը վստահությամբ և գուշակողի խորաթափանցությամբ: Հանկարծ տարօրինակ բան կատարվեց: Բնակիչները, մեծ նաև և փոքր, այր և կին, բազմաթիվ այցելուներ` շտապեցին Անիի անհամար եկեղեցիները, և ծնունդ առավ յուրօրինակ, ինքնակամ հանգանակություն: Եվ երբ յուրաքանչյուր հոգու հանգստության համար քաղաքի փրկության պարտքը կատարած համարելով վերադարձավ, հոգևոր հայրերը փակեցին աղոթատների դռները, հաշվեցին օրվա աննախընթաց եկամուտը: Անակնկալ եռուզեռը չքացել էր, փոխարենը մնացել էին ոսկու և արծաթի հսկայական շեղջը և սարդոստայնը: «Անին չի կործանվի,–ասաց սուրբ Փրկիչ եկեղեցու քահանան առավոտվա ժամերգության պահին,–դուք որպես հայոց աթոռանիստի պատվելի քաղաքացիներ, ձեր պարտքը կատարել եք բազմապատիկ: Ի՞նչ է այդ չնչին ճեղքվածքը: Հավաքված գումարով կարելի է նոր պարիսպ քաշել քաղաքի շուրջը»:
Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան